▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանն առաջարկում է ստանձնել ՄԻՊ պարտականությունը

Մի քանի շատ հարգելի ընկերներ առաջարկում են Հայաստանում ՄԻՊ-ի հարկադրեալ կամ կամաւոր բացակայութեան (փաստացի՝ չգոյութեան) պայմաններում կամաւորապէս հասարակական կարգով ստանձնել նրա պարտականութիւնների մի մասը եւ մասնաւորապէս զբաղուել արդէն տասնեակի հասնող քաղկալանաւորների հարցով։ Վկայակոչում են, այն որ ես ժամանակին սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելիս նպատակադրուել եմ սահմանադրօրէն ամրագրել այդ հաստատութեան գոյութինը Հայաստանում եւ մինչ դրա ստեղծումը փաստացիօրէն զբաղուել եմ համարժեք գործունէութեամբ 1998-2002 թ.։ Վստահ են, որ այդ ոլորտում իմ աշխատանքը տեսած մարդիկ կհամախմբուեն իմ շուրջը եւ մենք կկարողանանք հզոր աջակցութիւն ցոյց տալ հետապնդուող մարդկանց։
Սկսեմ նրանից, որ մինչ այդ էլ (1990-1995թթ.) երջանկայիշատակ Ռաֆայէլ Պապայեանն էր ԳԽ-ի ՄԻ յանձնաժողովը գլխաւորում, այնպէս որ պետական համակարգում ես չեմ եղել ՄԻՊ-ի առաջին նախօրինակը։ 
Ինչ վերաբերում է այդպիսի նախաձեռնութեանը, ապա ճիշտ չէ այն կապել այսօր ՄԻՊ-ի չգոյութեան հետ կապուած իրավիճակի հետ։ Կարծես թէ նա կարողանում էր այդ ուղղուեամբ քայլեր անել ու հիմա, որ պաշտօնազրկման փուլում է, պէտք է այդ բացը լրացնել։
Խնդիրն այն է, որ պէտք է ոչ միայն յանուն մեր մարտնչող հայրենակիցների ազատութեան, այլ նաեւ յանուն մեր Հայաստանի ազաուել քաղկալանաւոր ունենալու անպատւութիւնից՝ ամոթալի խարանից։ Նրանք բանտում են մեզ համար եւ մեր փոխարէն, բայց ես ինչու՞ պէտք է նոր կառոյց ստեղծեմ, երբ կայ ԱԻՄ-ը, որը ոչ միայն Հայաստանի, այլեւ Խորհրդային միութեան ամենավաստակաւոր (այսինքն՝ անցեալ ու ներդրում) ունեցած կազմակերպութիւնն է։ Եւ նրա գործունէութեան գաղափարական հիմքում՝ հենց ինքը ինքնորոշման սկզբունքը, մարդու իրաւունքներն են։ 
Իր ստեղծմանը զուգահեռ ԱԻՄ-ի ներսում գործում էր մարդու իրաւունքների պաշտպանութեան յանձնաժողովը։ Այն ստեղծուել էր որպէս ինքնուրոյն կառոյց 1987թ. գարնանը «ԱՇՈՏ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆԻ ԵՒ ԱԶԱՏ ԱՐՇԱԿԵԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ» անուամբ։ Ուներ իր տեղեկագիրը (ամենամսեայ պարբերականը)։ 1987 թ.-ի աշնանը նրանց վաղաժամկէտ ազատումից յետոյ կոմիտէն կոչուեց «Քաղկալանաւորների պաշտպանութեան հայկական կոմիտէ» եւ հիմք հանդիսացաւ նախ «Քաղկալանաւորների պաշտպանութեան Հայ-ուկրաինական կոմիտէ»-ի, ապա 1988 թ.-ի յունուարի 12-ի երեւանեան հանդիպումից, նաեւ վրացիների միանալուց յետոյ «Քաղկալանաւորների պաշտպանութեան ազգամիջեան կոմիտէ»-ի համար։
Աւելի վաղ 1972-76 թթ. Հայաստանեան ընդհատակում կիսագաղտնի գործում էր իմ նախաձեռնութեամբ ստեղծուած «Հայուհեաց բարեգործական ընկերութիւնը» (ՀԲԸ), իր «Հայուհի» մեքենագիր պարբերականով, որի ղեկավարն էր Անահիտ Կիրակոսեանը։ Նրանք բացառապէս զբաղւում էին հայ քաղկալանաւորների եւ նրանց ընտանիքների աջակցութեամբ։ 
Այո, ես այդ ոլորտում գրեթէ կէսդարեայ փորձ ունեմ, բայց իմ հիմնական գործը եղել է ազգային ազատագրականը, այսինքն՝ մարդու իրաւունքների միջավայրի (ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՒ ՈՉ ԱՅԴ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ՄԱՐԴՈՒ ՎԻՃԱԿԻ) բարեփոխումը ու համոզուած եմ, որ դա է իմ եւ բոլոր կարգին հայերի հիմնական առաքելութիւնը։ Հենց այդ նպատակով էլ շրջանառութեան մէջ էր դրուած բացարձակ ժողովրդավարութեան գաղափարը եւ նրա հիման վրա պատրաստուած այլընտրանքային սահմանադրական նախագիծը։
Սիրելի բարեկամներ, գնայատու՞մ եք իմ փորձառութիւնը, ուզու՞ մ եք ինձ հետ աշխատել, համեցեք ԱԻՄ։ Կվերականգնենք ԱԻՄ-ի այդ յանձնախումբը եւ նպատակասլաց միասին կաշխատենք։ Ինչու՞ պիտի նմանուենք այն ինքնասիրահարուած երիտասարդիկներին, ովքեր կարծում են թէ իրենցով նոր կեանք է սկսուելու։ Պէտք է եղած-կայացած-ճանապարհ անցած միաւոր-արժէք- հաստատութիւնը հզորացնել եւ ոչ թէ նորամուծութիւն անուան տակ ազգի հաշուին ինքնահաստատման մարզանքներով զբաղուել։ Այդպէս է, որ դու կատարում ես «ՊԱՏՈՒԻՐ ԾՆՈՂՆԵՐԻԴ» պատուիրանը եւ արժանանում մեր Տիրոջ բարեհաճութեանը։ 
1967 թ.-ին դեռ 18 տարիս չլրացած ես ղեկավարում էի 26 ընդհատակային ունեցող Հայկական երիտասարդական միութիւն (ՀԵՄ) անունը կրող 1965 թ.-ին ստեղծուած կազմակերպութիւն։ Երբ իմացանք, որ կայ Ազգային Միացեալ Կուսակցութիւն (նրա կազմում տաս անդամ էլ չկար) մենք առանց վարանումի միացանք ԱՄԿ-ին, որովհետեւ ոչ թէ կայացման խնդիր ունէինք, այլ հայրենիքի կայացման խնդիր կար։ 
Այսպիսով, ես իմ մասով պատրաստ եմ աւելացնել շեշտադրումը այս կամ այն ուղղութեամբ, բայց դա արել եմ, անում եմ եւ անելու եմ հայ ազգի մեծագոյն հարստութիւն ԱԻՄ-ի միջոցով եւ աիմականների հետ։ Ամենամեծ ապացոյցը՝ այս տարի նշուելու է ԱԻՄ ասպարէզ իջեցրած եւ մեր ազգի մեծագոյն տօներից մէկը դարձած ԱԶԳԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ 25-ամեակը։ Ուրեմն բարով գաք միասին աւելի սերտ աշխատելու։ Իսկ ԱԻՄ չեկածները եղել են, կան եւ կմնան հայութեան հակառակորդներին երազանքի (լաւագոյն դէպքում) աջակիցները։

Պարույր Հայրիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее