«Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցելուն պարտադրող դրույթները պետք է անվավեր ճանաչվեին»:
asparez.am-ը զրուցել է Ստրասբուրգի միջազգային դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանի հետ` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ:
-Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք գնահատում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների` Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչելը:
-Նշեմ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ ճանաչել է ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների պահանջներին հակասող, անվավեր այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքը եւ հանգեցնում են, մարդու կամքից անկախ, նրա սեփականության իրավունքի սահմանափակմանը: Իմ կարծիքով, Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա են իրարամերժ դրույթներ, քանի որ եթե որոշման մեջ նշվում է, որ օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը այն հիմքով, որ անձը չի կարողանում իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել եւ տնօրինել սեփականություն հանդիսացող աշխատավարձը, ապա պետք է պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցելուն պարտադրող օրենքի բոլոր դրույթները ճանաչեր անվավեր: Հակառակ դեպքում, ստացվում է այնպես, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առկա են որոշ դրույթներ, որոնք հակասում են արդեն Սահմանադրական դատարանի կողմից անվավեր ճանաչված հոդվածներին:
-Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ուժի մեջ է մինչեւ 2014թ. սեպտեմբերի 30-ը, եւ բոլոր գործատուները պարտավոր են կատարել դրանով սահմանված դրույթները, հակառակ դեպքում` կենթարկվեն պատասխանատվության: Մի՞թե օրինական է, երբ հակասահմանադրական ճանաչված օրենքի դրույթները կրկին գործելու են:
-Սահմանադրական դատարանի որոշումը բազմակողմանի վերլուծելուց հետո գալիս եմ այն եզրահանգման, որ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունը հիմնավոր չէ: Այն պատճառով, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետը սահմանում է` Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մաuին համապատաuխան, եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որեւէ դրույթի` Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչումն անխուuափելիորեն կառաջացնի այնպիuի ծանր հետեւանքներ հանրության եւ պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաuտատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Uահմանադրությանը հակաuող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը: Ցանկանում եմ նշել, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ չկա որեւէ դրույթ հակասահմանադրական ճանաչված օրենքի դրույթների իրավաբանական ուժը կորցնելը հետաձգելու մասին: Սահմանադրական դատարանի որոշման մեջ միայն նշված է հետեւյալը. «Սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը», որտեղ բացակայում է հետաձգել բառը: Հայաստանում գործող ոչ մի իրավական ակտում առկա չէ «իրավանորմ» բառը: Ես, ըստ էության հասկանում եմ, թե դատարանը ինչ է ցանկացել նշել «իրավանորմ» բառը օգտագործելով, բայց այդպիսի հորինված բառեր պարունակող որոշումը չի կարող իրավական հետեւանքներ ունենալ: «Իրավանորմ» բառի փոխարեն պարտավոր էին նշել «օրենքի դրութ», այլ ոչ թե փնտրեին այլընտրանքային տարբերակ, քանի որ ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածը հստակ սահմանում է. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ` Uահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մաuին oրենքով uահմանված ժամկետներում եւ կարգով: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն, հակասահմանադրական ճանաչված օրենքի դրույթների իրավաբանական ուժը կորցնելը հետաձգելու մասին որոշում ընդունելու համար օրենքը սահմանել է հետեւյալ 3 պայմանների պարտադիր եւ միաժամանակյա առկայություն.
1. անվավեր ճանաչումն անխուuափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ հանրության համար,
2. անվավեր ճանաչումն անխուuափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ պետության համար,
3. որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաuտատվելիք իրավական անվտանգությունը:
Սակայն տվյալ իրավիճակում 3 պայմաններից որեւէ մեկը առկա չէ: Տվյալ դեպքում հարց է առաջանում, թե քաղաքացու սեփականության իրավունքը խոչընդոտող օրենքը անվավեր ճանաչելով՝ ինչպես կարող է ծանր հետեւանքներ առաջացնել հանրության համար: Ստացվում է այնպես, որ Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթին, սակայն Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն, Uահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացությունները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Գնահատելով վերը նշվածը՝ միանշանակ պնդում եմ, որ հակասահմանադրական ճանաչված օրենքի դրույթները չպետք է գործեն 2014 թ.-ի ապրիլի 2-ից:
-Արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը կուտակային կենսաթոշակների օրենքի դեմ սկսված հասարակական ակտիվ շարժումը թուլացնելու նպատա՞կն է հետապնդում եւ որոշ ժամանակ անց, թեկուզ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ էլ լինեն, օրենքը կսկսեն կիրառել եւ հարցը փակեն:
-Ես չեմ կարող այդ որոշումը դիտել որպես հասարակական ակտիվ շարժումը թուլացնելու նպատակ: Սահմանադրական դատարանի կողմից այլ որոշում ընդունելու դեպքում դա կդիտվեր որպես սեփականության իրավունքի ոտնահարում: Փաստորեն, դատարանը ոչ թե դրսեւորել է մարդասիրական քայլ, այլ իր լիազորությունների շրջանակում կայացրել է, ըստ էության, ճիշտ որոշում՝ չհաշված որոշ թերությունները: Իրավական տեսակետից որքան էլ որ Սահմանադրական դատարանի որոշումը թերություններ ունի, այնուամենայնիվ, Հայաստանում հնարավոր չէ կիրառել պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցելուն հարկադրող նոր օրենք: Փաստացի ՀՀ ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ կարող է օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարել: Ոչ ոք չի կարող պարտադրել պատգամավորներին քվեարկել իրենց նախընտրելի տարբերակի օգտին: Ստացվում է այնպես, որ տեսականորեն ԱԺ-ն կարող է ընդունել ցանկացած օրենք, եւ Սահմանադրական դատարանը եւս մեկ տարի ժամանակ կունենա նոր օրենքի սահմանադրականության հարցը քննելու:
-Լուրեր են շրջանառվում, որ անգամ գրանցված աշխատողներից պարտադիր կուտակայինի գումարները հնարավոր է գանձեն՝ եկամտահարկի կամ այլ հարկատեսակների տեսքով: Այսինքն, մի հնար գտնեն, որ մարդկանցից գումար պոկեն:
-Որոշ գերտերություններ մշակում են յուրահատուկ նոր հարկատեսակներ: ԱՄՆ-ում մշակվել են 3 000-ից ավել հարկատեսակներ: Նշված հարկատեսակները փորձարկվում են այլ երկրներում եւ մշակվում է ծրագրեր, թե այդ հարկատեսակները ինչպես կարող են կյանքի կոչել իրենց մոտ: Նման իրավիճակում չեմ բացառում, որ մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանում կփորձարկվի նոր հարկատեսակ:
Հարցազրույցը՝ Անահիտ Սիմոնյանի
Աղբյուր` asparez.am