▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանում ապօրինաբար պահվող քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար  Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել․  

«Դիմում եմ ողջ համաշխարհային հանրությանը, մարդկանց, ում համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում և ովքեր ցանկանում են երկարաժամկետ և իրական խաղաղություն։

Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թվականի սեպտեմբերի 27-ից, արդեն ավելի քան 470 օր, գտնվում եմ կալանքի տակ՝ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում, որից 340 օրը՝ մենախցում, 23 օրը՝ պատժախցում։

Ուզում եմ պաշտոնական հայտարարություն անել նախքան դատավարությունն սկսվելը: Եթե ​​դուք կարդում եք այս տողերը, նշանակում է՝ ես սպառել եմ այստեղ տեղի ունեցողի մասին ճշմարտությունը բարձրաձայնելու բոլոր այլ միջոցները։   

Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական ​​նիստը։ Ինձ ասել են, որ ինձ 42 մեղադրանք է առաջադրվել, որոնցից մի քանիսը ենթադրում են մինչև ցմահ ազատազրկում, բայց մինչև այժմ ինձ հնարավորություն չեն տվել ուսումնասիրել պաշտոնական մեղադրական եզրակացությունը։ Ինձ և իմ փաստաբանին թույլ են տվել լոկ թերթել քրեական գործի 422 հատորները, որոնք ադրբեջաներենով են, որին  ես չեմ տիրապետում, և դրա համար բավական կարճ ժամանակ են տվել՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թվականի հունվարի 8-ը։ Հոդվածները, որոնցով ինձ մեղադրանք է առաջադրվել, ինձ ռուսերեն թարգմանությամբ փոխանցել են միայն 2025 թվականի հունվարի 8-ին։

Իմ, իմ փաստաբանի  և թարգմանչի վրա ճնշում են գործադրել՝ ստորագրելու փաստաթղթերը հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծված արձանագրությունները:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, երբ հայտնել եմ միայն անուն-ազգանունս։  

Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծիք  են։ Այդպիսի փաստաթղթեր իրականում գոյություն չունեն։ Փաստաբանիս և թարգմանչիս ստիպել են ստորագրել այս փաստաթղթերը։

Կրկին ընդգծում եմ իմ և իմ հայրենակիցների անմեղությունը և պահանջում եմ, որպեսզի անհապաղ դադարեցվի մեր դեմ ուղղված այս քաղաքականացված գործը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее