|
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․
«Ներկայիս քաղաքական իրավիճակը վերքաղաքական մեթոդոլոգիայով. ինչո՞ւ հայերը, կոլեկտիվ առումով, չունեն ոչ խիղճ, ոչ բանականություն

---------------------------
«Ինտելեկտի» հիմքում հունական noesis-գիտակցություն բառն է (իր արտահայտման բարձրագույն ձևով), որից հետագայում առաջացել է լատիներեն intelligentia տերմինը, որը հունարենի ավելի մեղմ իմաստն էր արտահայտում` ուղղակի գիտակցություն: Հայերեն դա կլինի «մտավորական», որը «գիտակցությունից» ավելի ցածր` «միտք» բառի վրա է շեշտը դնում: Փաստորեն «գիտակցությունը», որի հիմքն ուսմունքն է՝ գնոսիոսը, փոխարինվել է «միտք» բառով, որի համար Ուսմունք ունենալ պետք չէ:
Միջնադարում, ինչպես Հին Հունաստանում, այդ հասկացությունն ունի աստվածաբանական երանգ, որով փորձ էր արվում բացահայտել Աստվածային Գիտակցությունը, Աստվածային Միտքը, այսինքը մեր գոյության իմաստը:
Մինչև 18 դարը Եվրոպայում, իսկ մեզ մոտ ավելի ուշ, մշակույթը, փիլիսոփայությունը, քաղաքականությունը միշտ աստվածաբանական հիմք է ունեցել, և մտավոր գործունեության հիմնական նպատակը Ճշմարտության, Կատարելության, այսինքն Աստծո մտահաղացման որոնումն է եղել:
Եթե մշակույթի հիմքում չկա Ճշմարտության որոնման խնդիր, և հետևապես Կատարելության ձգտում, չի կարող լինել զարգացում, էֆեկտիվ կառավարման համակարգ, գիտություն և այլն:
Կարճ, «ինտելիգենցիան» այն մարդկանց խումբն է, որոնք Ճշմարտության որոնումով են զբաղվում: Մինչև մեր մտածողության անատոմիային անցնելը, տեսնենք, թե կաթոլիկ ու ուղղափառ քաղաքակրթություններում ինչպես են որոնում Ճշմարտությունն ու Կատարելությունը:
Ռուսական աստվածաբանական գրականության մեջ ընդունված է միաժամանակ օգտագործել Теология և դրա ռուսերեն թարգմանությունը` Богословие-ն, որոնք, սակայն, տարբեր դիսցիպլինաներ են:
Ռուսական հայտնի փիլիսոփաների և աստվածաբանների մի մասի կարծիքով, այդ հասկացություններն ունեն լուրջ տարբերություններ:
Теология–ի հիմքում ընկած է ռացիոնալիզմը, որը հիմնվում է երկար ժամանակ կաթոլիկության պաշտոնական գաղափարախոսը համարվող Թովմա Աքվինացու ռացիոնալիզմի վրա: Աքվինացին ասում էր, որ «Հայտնության Աստվածը միաժամանակ հանդիսանում է Բանականության ստեղծողը և ինքն իրեն չի կարող հակասել»:
Այսինքն, Բանականության միջոցով կարելի է հասկանալ Աստծուն: Իսկ մինչ նա հայտնի աստվածաբան Աբելյարը հիմնավորապես միակցեց աստվածաբությունը և փիլիսոփայությունը:
Ռացիոնալիզմը կաթոլիկության, հետագայում Բողոքականության հիմքն է: Կաթոլիկների համար նյութը նույնպես աստվածային է, և ասենք քանդակագործը քարի միջից «հանում» է աստվածային մտաղահացումը, որը նույնպես կարող է լինել կատարյալ, այսինքն, ստեղծագործության պահին նրան Աստված է հուշում ինչ անել, ինչը հանճարների հետ է պատահում: Նույնն արվեստի մյուս բնագավառներում: Ստեղծագործությունն աստվածային ակտ է, սակայն հիմնվում է բանականության վրա: Պարզ, եթե մարդուն Աստված է ստեղծել, տվել է շունչ ու բանականություն, ապա այդ աստվածային ապառատով կարելի է նրան հասնել ու հասկանալ:
Իսկ ըստ Богословие–ի Աստվածաճանաչողության հիմքը իռացիոնալիզմն է, այսինքն Աստծուն կարելի է միայն զգալ, սակայն ոչ հասկանալ, քանի որ դա մարդուն տրված չէ: Իռացիոնալիզմը, զգացմունքայնությունը ռուսական մշակույթի հիմքն է և պատահական չէ, որ հենց Ռուսաստանն ինքը բնորոշվում է բյուզանդական ուղղափառության հայեցակարգով` Умом Россию не понять, Аршином общим не измерить: У ней особенная стать –В Россию можно только верить: Այստեղ Աստծո բյուզանդական կոնցեպցիան է վերցված ու Աստված բառը փոխարինվել է Россия բառով ու ստացվել է բանաստեղծություն: Դա է կարելի համարել ռուսական հոգու գաղտնիքը:
Արևմտյան մշակույթում չկան ինտելիգենտներ, այլ կան ինտելեկտուալներ, որոնք ստացել են ռացիոնալ կրթություն և իրենց գործի մասնագետներն են: Նրանց համար պետական կառավարման համակարգը ռացիանալ է: Հենց ռացիոնալիզմը բերեց Ռեֆորմացիային, իսկ հետագայում ոչնչացրեց Քրիստոնեությունը, ծնելով այսօրվա Նեոհեթանոսությունը, բայց դա առանձին թեմա է:
Արևմուտքում «Խիղճը», «բարոյականությունը» յուրաքանչյուր մարդու մասնավոր գործն է, իսկ կյանքի չափանիշներն` օրինականությունը, մարդու իրավունքները, ընդունված կանոնները: Օրենքները, որը մարդը ստեղծում է «գիտակցված», նույնպես Աստծո կողմից է տրված և այն պետք է պահպանել:
Հակառակն է ռուսական ավանդույթը, որտեղ ինտելիգենտը իռացիոնալ է, նրան առաջնորդում է հավատը, խիղճը, զգացմունքները: Նա է հալածյալի եւ տառապյալի վերջին հույսը: Նա ուղղակիորեն դիմում է հասարակությանը, դիմադրում է իշխանությանը: Նա չի շարժվում օրենքներով, այլ՝ խղճով:
Սա է ինտելիգենցիայի հիմնական բնութագիրը, որը մենք սովորել ենք ռուսական մշակույթից, որի հիմքն աշխարհճանաչության ուղղափառ տարբերակն է: Մյուս կողմից, ուղղափառությունը տանում է դեպի ավտորիտարիզմ, որովհետեւ այն ճշմարտությունը, որն «ընտրյալները» ստանում են Աստծուց, տրամաբանական չի եւ դառնում են դոգմաներ ոչ ընտրյալների համար, որոնք այդ Ճշմարտությունն ինքնուրույն չեն կարող ստանալ,որովհետև ընտրյալ չեն, այլ պետք է հավատան նրանց, ում այդ շնորհը տրված է: Ցարը նույնպես գործում էր Աստծո անունից եւ նրա արարքները նույնպես քննարկման ենթակա չեն:
Ահա, ռուսական ինտելիգենցիան նաեւ պետք է պայքարի այդ դոգմաների դեմ, սակայն նույնպես ոչ ռացիոնալ եղանակներով: Իսկական ինտելիգենտը պետք է կամ իշխանությանը քննադատի, կամ էլ պաշտպանի իշխանությանը որպես Աստծո «նախագիծ», հատուկ առաքելության համատեքստում:
Ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչները` գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, միաժամանակ աստվածաբաններ ու փիլիսոփաներ են, միայն ճշմարտության որոնման ճանապարհին է հնարավոր մեծ արժեքներ ստեղծել: Նույնպիսի խնդիրներ ունեն նաեւ արեւմտյան արվեստագետները, որոնք սակայն հենվում են ռացիոնալիզմի վրա: Առանց Ճշմարտության որոնման չի կարող համաշխարհային նշանության արժեք ստեղծվել:
Հայկական մշակույթն ուղղված չէ Ճշմարտության որոնմանը: Արևելյան Քրիստոնեությունը վաղուց լուսանցքային քաղաքակրթություն է, և նրա բեկորները չեն կարող Ճշմարտություն որոնել, որովհետև յուրաքանչյուր նոր խոսք, նոր միտք կարող է հարցեր առաջացնել, որոնք կասկածի տակ կարող են դնել ավանդույթները, եւ պատահական չէ, որ առնվազն 1700 տարի քրիստոնեություն դավանող ազգը համաշխարհային փիլիսիփայության և աստվածաբանության մեջ չունի որևէ դեմք, որն արժանի լինի հիշատակվելու լուրջ հանրագիտարաններում և բառարաններում, էլ չենք խոսում աստվածաբանական դպրոցների մասին (Տաթևացուն չհիշատակել, նրան եկեղեցին հալածում էր):
Արևելյան քրիստոնյաների հիմնական կենտրոնը` Ալեքսանդրիան, իր վճռական ազդեցությունն ունեցավ Իսլամի ձևավորման վրա, իսկ քրիստոնեական թեւը հայտնվեց լուսանցքում:
Պարտված քաղաքակրթության բեկորների հենարանը Ձևն է, այլ ոչ թե Բովանդակությունը: Ցանկացած բովանդակային որոնում կասկածի տակ է դնում Ձևը: Ազգային մտավորականը պետք է պահպանի ձևը և չհամարձակվի որոնել Ճշմարտությունը, որը կարող է խաթարել Ձևի շուրջ համախմբված զանգվածի Միասնությունը: Եթե մտածողը պաշտպանում է ձևը և չի որոնում Ճշմարտություն, չունի Խղճի մասին մտասևեռումներ, նա կատարում է պարտքն ազգի առջև՝ չխաթարել ինտելեկտուալ նիրհը, լացել ազգի ճակատագրի համար:
Անորոշ ավանդույթներ, անհասկանալի միասնության կոչեր, և անբովանդական քաղաքական բանավեճեր:
Արցախի պատերազմի պարտությունը խորքային ազգային ցնցում է, որը պետք է առաջացներ այդ պարտության խորքային պատճեռների որոնմանը, ինչը տեղի չունեցավ:
Հրեաներն ունեն մի հատկություն, որը նրանց միշտ օգնել է ծանրագույն պարտություններից հետո վեր հառնել ու վերականգնվել:
Ցանկացած կատաստրոֆայից հետո իրենց աստվածաբանները բացատրում են, որ դա ոչ թե թշնամիների, այլ նրանց ձեռքով Աստծո պատիժն է եղել, իրենց սխալների ու մեղքերի հատուցումն է ու դրանցից պետք է եզրակացություններ անել, վերափոխվել ու շարժվել առաջ:
Մենք զուրկ ենք այդ հատկությունից, որովհետև Ճշմարտության որոնման, սխալները վերլուծելու և հետևություններ անելու մտքի դրվածք չունենք:
Եթե Արևմտյան քաղաքակրթությունը շարժվում է բանականությամբ, ուղղափառը՝ խղճով, ապա մենք բնազդներով, որոնք կանոնակարգված չեն ու տարերային են:
Հ.Գ. Հիշեցնեմ, սա ներկայիս քաղաքական իրավիճակի վերլուծությունն էր»:
|