Իտալական տարբերակ
/տպագրվել է 2009թ. Հայաստանի զրուցակից թերթում/
Սպիտակ օտար էջեր
Մեր պատմությունը լի է սպիտակ էջերով: Այնքան լի, որ առ այսօր չկա հայ ժողովրդի լիարժեք ու լիակատար պատմություն, ուր հաշվի առնվեր ազգի ծագումն ու անցած ողջ ուղին` առանց կանխակալությունների:
Բայց մեր առջև սպիտակ էջեր կան նաև համաշխարհային ոչ այնքան հեռավոր պատմության մեջ: Ո±վ է դրանք սպիտակեցրել և ինչու±` չենք քննարկի մենք հիմա, սակայն փաստենք, որ շատ դեպքերում սպիտակ այդ էջերում, կամ որ նույնն է` մեր առջև փակված այդ դռների հետևում ահավոր օգտակար տեղեկություններ կան մեզ համար:
Դու պատմություն ունե’ս
Ստորև կքննարկենք հանրության վերափոխման իտալական փորձը, որն իրականացվել է Պահպանողական հեղափոխության միջոցով: Ընդ որում, իտալացիներն առաջինն էին, որ ունեին ժամանակ և հնարավորություն` մանրակրկիտորեն մշակելու հանրության վրա ազդելու այդ մեխանիզմի տարրերը:
Պահպանողական հեղափոխության գլխավոր տարրը, ինչպես հիշում է ընթերցողը, վերափոխման ենթակա հանրությանը դեպի իր անցյալի որևէ հերոսական շրջան ՙփոխադրելն է՚: Վերափոխում իրականացնել ծրագրած իտալական էլիտային մեծ փորձություն էր սպասվում, քանի որ ժողովուրդն այդ ժամանակ չուներ իր պատմությունը: Ձևավորված լինելով գլխավորապես հյուսիսից արշաված ցեղերի միախառնումից, նրանք հին հռոմեական շրջանը չէին համարում իրենցը, և հեռավոր-հերոսական անցյալի առումով լրջագույն բարդույթներ ունեին: /Երբ տարիներ առաջ մի երեկույթի ժամանակ ինձ` որպես հին հռոմեական շրջանի երկու կայսրերի մասին վեպերի հեղինակի, ներկայացրին Հայաստանում Իտալիայի դեսպանին, վերջինս անտարբեր կերպով արտաբերեց. ՙԳիտեք, այդ շրջանը մեր ժողովրդի պատմության հետ կապ չունի՚/: Քսաներորդ դարասկզբի իտալական էլիտան բացարձակապես այլ վերաբերմունք դրսևորեց պատմության այդ, անտեր մնացած փուլի հանդեպ: Այն ոչ միայն համարեցին իրենցը, այլև այն սահմանվեց որպես իտալական ժողովրդի պատմության հերոսական փուլ` արժանի վերականգնման: Էլիտան սկսեց համառորեն իտալացիներին հրամցնել թեզ այն մասին, որ իրենք անմիջական ժառանգն են Հուլիոս Կեսարի, Օգոստոս Օկտավիանոսի և մյուս հզոր պատմական դեմքերի, որ իրենց երակներում նրանց այրունն է հոսում, հետևաբար իրենք Աստծո և նախնիների հիշատակի առջև պարտք ունեն կատարելու` վերականգնել Իտալիայի երբեմնի փառքը: Այս կերպ էլիտան լուծեց նաև ազգի առաքելության հարցը, որը Պահպանողական հեղափոխության մեխանիզմի գլխավոր բաղադրատարրերից է:
Արիացին դու՛ ես
Իտալական ժողովուրդը տխուր անցյալ էր ունեցել ու ահավոր հեռու էր ազգ կոչվելուց: Հռոմեական կայսրության անկումից հետո, մինչ Գարիբալդի, իտալացիները զուրկ էին եղել միասնական պետությունից, միասնականության զգացողությունից անգամ, և այդ ավելի քան հազար տարիները որոշակի բացասական գծեր էին առաջացրել 20-րդ դարասկզբի իտալական ժողովրդի մեջ, ում և էլիտան ցանկանում էր վերափոխել: Նկատենք, որ իտալացիները ահավոր կերպով տուժել էին նաև ինկվիզիցիայի դարերի ընթացքում, քանի որ պապական իշխանությունը կենտրոնացած էր բուն Իտալիայում:
Քսաներորդ դարասկզբի շաղված այդ հանրությանը ցնցել կարելի էր միայն սարսափելիորեն բարձր, գրեթե անիրականանալի ու անհավատալի գաղափարով: Իտալական էլիտան որպես այդպիսին առաջադրեց հին հռոմեական ռազմական հզորության վերականգնումը, դա իրականացնելուն ունակ իտալացու կերպարի կերտումը:
Վեր հանվեցին հին հռոմեական արժեհամակարգը, հանրության կազմակերպման եղանակները, ռազմական խորհրդանիշներն ու անգամ ողջույնի ձևերը:
Իտալական ազգ ձևավորելն արագացնելու նպատակով մշակվեց ու հանրությանը ներկայացվեց վեհության դրդող ծագումնաբանություն: ՙԻտալացու մեջ հարկավոր է արթնացնել ռասայական պարզ, սուր զգացողություն, որը հնարավորություն կտա ոչ միայն գիտակցել ուրիշներից իր տարբերությունը, այլև բացահայտ առավելությունը՚,- գտնում էին իտալական առաջնորդները: Իրենց համակարգված գործողություններով նրանք ջանում էին ոգի հաղորդել մարդկանց. ՙՑանկանում ենք և դառնում ենք ավելի ու ավելի ռազմաշունչ ազգ: Չենք վախենում ասել` միլիտարիստական ազգ: Ավելին` մենք դառնում ենք ռազմիկների ազգ... Յուրաքանչյուր ոք իրեն պիտի զինվոր զգա, նույնիսկ նա, ով զինվորական համազգեստ չի կրում, այլ աշխատում է գրասենյակում, գործարանում, հանքում կամ դաշտում: Յուրաքանչյուրն իրեն պիտի զգա որպես մի մեծ բանակի զինվոր՚:
Անհատականության վախճանը
Ինչպես ասացինք, դժվար ապրած դարերի ընթացքում բավականին թվով բացասական հատկանիշներ էին ձևավորվել իտալացիների մոտ: Դրանցից էր ինդիվիդուալիզմը, որը խանգարիչ ազդեցություն էր ունենում նորմալ հասարակության ձևավորման և ամուր պետության կայացման գործընթացների վրա:
Նկատենք, որ այս հատկանիշը հատուկ է նաև մեր ժողովրդին: Ժամանակին այն նկատել է նաև Շիրվանզադեն. ՙԱմեն մի հայ առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ` հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի իր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած, միմյանց միս ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա±ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ, մենք կորած ենք, կամ էլ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր՚:
Իտալական ժողովրդի էլիտան նկատելով դարերի բերած այդ թերությունը` նպատակ դրեց իր առջև չեզոքացնել այն: Նրանք ջանում էին ժողովրդին ներարկել այնպիսի հատկանիշներ, որոնք նա չուներ իր ինդիվիդուալիզմի պատճառով: Դրանցից հատկապես կարևոր էին կարգապահությունը և սերը դեպի կարգուկանոնը: Դրան օգնում էր այն բարձր առաքելության առկայությունը, որը հրամցվել էր էլիտայի կողմից և որին հասնել հնարավոր չէր լինի, եթե շարքային իտալացին շարունակեր թափթփված պահվածք դրսևորել ներքին կյանքում: Իր նպատակին հասնելու համար իտալական էլիտան քաղաքական տարրին համադրեց նաև ներքին կյանքի կազմակերպման ռազմական ուղղվածությունը, գտնելով, որ ռազմական ոճն ինքնին ենթադրում է ակտիվ դեպերսոնալիզացիա և հանդիսանում է սոցիալ-քաղաքական օրգանիզմի կայունության հիմնական գործոնը: Ռազմականացված հասարակության մեջ տիրող մթնոլորտը լրիվ հակառակն է բարգավաճող հասարակության հոգեպես խեղդող կլիմայի, որը ծնում է ընդվզումի բազմազան ձևեր:
Իտալական էլիտան համազգեստ հագցրեց պետական ծառայողներին: Դա նպատակ ուներ մի կողմից հաղթահարել չինովնիկական ոգին, մյուս կողմից սիրաշահել պետական ծառայողներին: Գորշ, չնախաձեռնող, պատասխանատվությունից ամեն կերպ խուսափող բյուրոկրատին հակադրեցին աշխատողի նոր պիտ, որի համար պետությանը ծառայելը մեծ պատիվ էր: Մյուս կողմից, հանրային գիտակցության մեջ բարձրացնում էին պետական ծառայողի դերը, ասելով, թե պետությանը ծառայել ամեն ոք չէ, որ կարող է, և որ դա անելու համար պիտի հատուկ տվյալներ ունենալ:
Պետությանը ծառայելը հավասարեցվեց բանակում ծառայելուն, իսկ ահա համազգեստը պետական ծառայողի համար ունեցավ ծիսական իմաստ: Արդյունքում էականորեն բարձրացավ պետական համակարգի արդյունավետությունը:
Կորպորատիվ կառավարում
Քսաներորդ դարասկզբի իտալական էլիտան այն կարծիքին էր, որ դեմոկրատական համակարգը թերի է. նախընտրում էին, որպեսզի գոյություն ունեցող կորպորացիաները, ազնվականությունը, բանակը և հասարակության մյուս շերտերը ներկայացուցիչներ ունենան խորհրդակցական մարմնում (կորպորատիվ պալատ)` լուծելու համար համազգային խնդիրները: Նպատակահարմար չէին գտնում քաղաքականության ոլորտի մեծ մասնագետի և հասարակ քաղաքացու ձայների հավասարությունը:
Իտալական էլիտան ուներ մեկ առանձնահատկություն ևս` նրանց կարծիքով աջ շարժումն առանց մոնարխիստական գաղափարի զրկվում էր ձգողականության և բյուրեղացման կենտրոնից:
Կարևոր մի դրվագ ևս. նրանք գտնում էին, որ ազգի ապագան կախված է ոչ միայն գաղափարների և համակարգերի ընկալելիությունից, այլև անձ ձևավորող ազդեցությունից. նրանք խնդիր ունեին հատուկ ազդեցության միջոցով հասնել ընտրյալների նոր տիպի հայտնությանը:
Իսկ սա ոչ թե նորամուծություն էր, այլ ընդամենը հին արիական մի լեգենդի վերակենդանացում. տենդ, որով բռնված էր քսաներորդ դարասկզբի Եվրոպան:
Դեռ մի բան էլ ավելի
Ամենևին նպատակ չունենք գնահատել կամ վերագնահատել Իտալիայի ու նաև Եվրոպայի պատմության այդ փուլը. մեր խնդիրն է պարզել, թե ի±նչ արդյունք տվեց պահպանողական հեղափոխության մեխանիզմի կիրառումը և, անկախ դեպքերի և իրադարձությունների հետագա զարգացումներից, չենք կարող չխոստովանել, որ իտալական էլիտան հանրության վերափոխման առումով ուղղակի չտեսնված հրաշք գործեց:
Սակայն նրանց կողմից արվածը մանկական պարզունակ մի խաղ է այն հրաշքի հանդեպ, որն իրականացրեց մեկ այլ ժողովրդի էլիտա` հիմք ընդունելով հանրության վերափոխման իտալական փորձը:
Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը
Ֆեյսբուք