Ադրբեջանն այսօր աշխարհին փորձում է մեզ`հայերիս, ներկայացնել որպես սեղասպանություն գործած ազգ, իսկ փետրվարի 26-ին, այսինքն ամեն տարի այս օրը, ազգովի «սգում են» այդ «ցեղասպանության զոհերի հիշատակը»: Ես նույնիսկ ժամանակ չեմ վատնի հերքելու համար այդ պատմությունը, և փորձեմ իրական պատկերը ներկայացնել, քանի որ դրա համար, թե´ տպագիր, թե´ էլէկտրոնային տարբերակով առկա է ահռելի գրականություն, բազմաթիվ փաստերով: Պարզ է որ այս «Խոջալուի ցեղասպանության» մասին պետական քարոզչությունը բացառապես ծառայում է Ալիևյան ռեժիմի համար որպես գործիք, ընդորում, և´ ներքին, և´ արտաքին քաղաքականության բնագավառում: Բայց դա թողնենք մի կողմ և կենտրոնանք Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարության վրա կապված այդ «ողբերգության» հետ:
Այսպիսով Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը իր այսօրվա հայտարարության մեջ մասնավորապես ասել է հետևյալը. «Իրանը կիսում է ադրբեջանական ժողովրդի վիշտը: Մենք դատապարտում ենք բոլոր ցեղասպանությունները, անկախ նրանից, թե ում և որ պետության կողմից է այն իրագործվել: Նախորդ տարվա սեպտեմբերի վերջերին երկու երկրների միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև համաձայնություն է ձեռք բերվել Խոջալուի ողբերգության վերաբերյալ նամակ կազմելու և այն Իրանի խորհրդարան ներկայացնելու շուրջ: Շուտով Իրանի խորհրդարանը ծրագրում է քննարկման դնել այդ հարցը:»
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանում և Հայաստանում Իրանի դեսպանները ներկայացնում են միանգամայն տարբեր երկրներ: Երբ ինչ-որ հայտարարություն է անում Ադրբեջանում Իրանի դեսպանը, այդ հայտարարությունները սովորաբար այնպիսի հայկահայկական բովանդակություն են պարունակում իրենց մեջ, որ երբեմն քեզ թվում է, որ հայտարարությունն անում է Պակիստանի կամ էլ Սաուդյան Արաբիայի պաշտոնյան և, հակառակը, երբ խոսում է Հայաստանում այդ երկրի դեսպանը կարծես հայ պաշտոնյա խոսի այլ ոչ թե օտարերկրյա պետության ներկայացուցիչ:
Գիտեք ինչ սա գուցե տարածաշրջանում Իրանի հավասարակշռված քաղաքականության արդյունք է: Այս պետությունն ի վերջո հանդիսանում է տարածաշրջանային տերություն, իսկ նման պետությունները նման դեպքերում ոչ թե բացահայտ ինչ-որ կողմի են աջակցում, այլև փորձում են դատավորի դեր ստանձնել տարբեր բարդ իրավիճակներում և այդ հակասությունները դարձնել լծակ հօգուտ իրենց տարածաշրջանային քաղաքականության: Իրանն այսօր առանց այն էլ շատ խնդիրներ ունի տարածաշրջանում և մեզանից որևէ մեկի հետ հարաբերությունների լարվածությունը Իրանի համար կլինի հավելյալ գլխացավանք և խնդիր: Բանն այն է, որ այս երկրին օբյեկտիվորեն անհրաժեշտ է կայուն և զարգացող հարաբերություններ, թե´ Հայաստանի, թե´ Ադրբեջանի հետ: Ադրբեջանի հետ առկա են բազմաթիվ խնդիրներ սկսած Կասպից ծովի կարգավիճակից վերջացրած էթնոմշակութայինի խնդիրներով, իսկ Հայաստանի հետ ոչ թե խնդիրներ կան այլև ընդհակառակը չափազանց սերտ հարաբերություններ ելնելով երկկողմ պետական շահերից:
Օրինակ եթե հավատանք wikileaks-ին ներկայիս սանկցիաների պայմաններում Հայաստանը կարողանում է «միջնորդ» դառնալ Իրանի ֆինանսական փոխադրումների համար: Մի խոսքով շատ չխորանանք այս ամենի մեջ, բայց հստակ կարող ենք նշել, որ այնպես չէ, որ Հայաստան-Իրան համագործակցությունից միայն Հայաստանն է օգտվում:
Մի խոսքով ասածս հետևյալն է` չեմ կարծում, որ Իրանը այսքան տարի անց գործնականում կխախտի իր հավասարակշռված հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև և կճանաչի Խոջալուի դեպքերը որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն: