«Ի սկզբանե ձևը, մոտեցումը, մեխանիզմը, որով փորձել են առաջ շարժվել, սխալ է, հակասահմանադրական ու հակաօրինական: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հարցը դիտարկել է տեխնիկական տեսանկյունից՝ առանց գիտակցելու, որ դա ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին». հոկտեմբերի 24-ին նման պնդում արեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը՝ խոսելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն նախագծից, որով սահմանվում են ինտերնետ պրովայդերների արխիվների պահպանման մի շարք չափանիշներ։ Ըստ այդմ՝ ինտերնետ պրովայդերները 2 տարվա կտրվածքով պահպանելու են էլեկտրոնային բաժանորդների IP հասցեները, պորտ համարները, հեռախոսահամարները, բաժանորդների շարժական սարքերի մասին տվյալներ, էլեկտրոնային հասցեները, հաղորդակցությունների ամսաթիվը, ժամը։
Մինչդեռ, ինչպես հիշեցրեց Շուշան Դոյդոյանը, անձնական տվյալների մշակումն օրինական է միայն այն դեպքերում, երբ կա տվյալ անձի համաձայնությունը, անձնական տվյալներն առկա են հանրամատչելի աղբյուրներում, եթե դա սահմանված է օրենքով: Դա բացարձակ անձնական տվյալների պաշտպանության խնդիր է:
ԻԱԿ ղեկավարի գնահատմամբ՝ որոշման նախագծի մեջ չի երևում նպատակը: Եվ դա պետք է արվեր բացառապես անձնական տվյալների պաշտպանության գործակալության միջոցով ու մասնակցությամբ:
Իրավաբան, կիբերհանցագործության դեմ պայքարի փորձագետ Դավիթ Սանդուխչյանն էլ նշեց, թե զարգացած շատ երկրներ հրաժարվել են այդ պրակտիկայից:
«Մի վիճակագրական տվյալ ասեմ. անցած տարի ինտերնետ պրովայդերների 30%-ը ենթարկվել է հաքերային հարձակման»,- ասաց Դ. Սանդուխչյանը: Նա հայտնեց, որ դա արվել է իրավապահ մարմինների թելադրանքով: Այն հարց չլուծող նախագիծ է:
ԻԱԿ ղեկավարն ասաց, որ ինքը դեռ չունի այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ հիմա: Օրերս տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովը, և պետական մարմինն այդ համաժողովից եզրահանգումը, որ արել է, այն է, որ հիմա պետք է նոր տեխնոլոգիաներն օգտագործենք մարդկանց լրտեսելու և նրանց տվյալները մշակելու գործում:
«Դա՞ է եղել նրանց խորհուրդը, համոզված չեմ»,- նկատեց Շ.Դոյդոյանը: Բանախոսները պնդեցին, որ այդ փաստաթուղթը չեղարկման ենթակա է:


