▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժուչոկը»՝ պաշտոնից ազատման պատճառ

Օրերս հայտնի դարձավ, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Վերջինիս հայտարարությունից պարզ է դառնում, որ որոշումը պարտադրված է և Ավետիսյանը հեռանում է նեղացած.

«Ինչ եմ արել ոլորտի համար, թող գնահատականը տան մասնագետներն ու հանրությունը, ինչ չեմ հասցրել անել, կարծում եմ՝ ինձանից հետո եկողները կանեն։ Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։ Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա»,- մասնավորապես գրել է նա:

Մեդիահաբ․am-ը, թեմային անդրադառնալով նշում է, որ  դեռ ամիսներ առաջ էր գրել նման զարգացման հավանականության մասին: «Սեպտեմբերին հայտնել էինք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր աշխատասենյակում «ժուչոկ» էր գտել, որից հետո ահազանգել է Ոստիկանություն։ Ըստ մեր աղբյուրների՝ «ժուչոկը» տևական ժամանակ եղել է նրա աշխատասենյակում և մինչև դրա բացահայտելն արդեն վերջինիս նկատմամբ վարույթ նախաձեռնելու համար «հարմար տեղեկություններ են պարզվել»։ Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս տեղեկությունը, Գեորգի Ավետիսյանն այն ժամանակ արձագանքել էր․ «Իմ աշխատասենյակից չեն գտել, մնացածը՝ ոստիկանության հետ, խնդրում եմ»։

Ըստ էության՝ չէր հերքել փաստը: Ճշտող հարցին, թե կառույցում Ավետիսյանի անձի հետ կապված այլ վայրում է հայտնաբերվե՞լ, վերջինս պատասխանել էր՝ ոչ։ 

Հարցով դիմել էինք նաև Ոստիկանությունից, որտեղից ևս  ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էին մեր ունեցած տեղեկությունը: 

Սակայն ավելի ուշ տեղեկություններ հայտնի դարձան, որ իրականում «ժուչոկը» առիթ է դարձել մի շարք խախտումներ բացահայտելուն և հարցաքննվողներ են եղել, գործեր են հարուցվել։  Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը փոխանցել է, որ կառույցում նման գործ չկա։ 

Մեր  աղբյուրների փոխանցմամբ, Գեորգի Ավետիսյանը դեռ այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ իր դեմ քրեական գործ է նախապատրաստվում, ցանկացել էր հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն Նիկոլ Փաշինյանն այն չի ընդունել: Ոչ թե այն պատճառով, որ Ավետիսյանն իր համար արժեքավոր կադր է, այլ որովհետև այլ թեկնածու այդ պաշտոնին այդ ժամանակ չի եղել:

Սակայն, ըստ էության, այս ամիսների ընթացքում թեկնածուի փնտրտուքը չի դադարել և կարող ենք ենթադրել, որ ավարտվել է: Գեորգի Ավետիսյանին էլ ասել են՝ ցտեսություն: Վերջինս իր գրառմամբ լրագրողներին խնդրել է իրենց չանհանգստացնել: Եվ ավելին, քան հայտարարության մեջ գրված է, այս պահին նրանից ստանալ մեզ չհաջողվեց»,-գրում է սկզբնաղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее