Ներքաղաքական վերջին զարգացումների, նոր ձևավորվելիք Կառավարության, ընդդիմադիր դաշտի առանձնահատկությունների, «հրաշալի քառյակի» համատեղ քայլերի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է գրող, քաղաքական վերլուծաբան, «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի հետ.
-Քաղաքական վերջին զարգացումները գլխապտույտ արագությամբ ընթացան. վարչապետի հրաժարական, նոր վարչապետ… թե՛ հրաժարականի պատճառների, թե՛ նոր վարչապետի ընտրության շուրջ կանխատեսումների պակաս չզգացինք: Այնուամենայնիվ, այս փոփոխությունը սպասելի՞ էր և ի՞նչ գործոններով էր պայմանավորված:
-Եթե նորմալ պետություն ստեղծելու ունակություն ունենայինք, ապա նախագահը պարտավորված կլիներ մեզ բացեիբաց ասել պատճառը , և գուշակությունների գիրկը չէինք ընկնի: Շատ գործոնների մասին ենթադրություններ կան՝ ՄՄ-ին անդամակցության հետաձգում, օֆշոր և այլն, բայց կարծում եմ մեծ դեր է ունեցել նաև ներիշխանական ինտրիգը: «-Ո՞ր չափով է ինտրիգայնացված մեր իշխանական վերնախավը,- «Հետագիծ» հաղորդաշարի եթերում հարցրի վարչապետի պաշտոնը ամիսներ առաջ թողած Հրանտ Բագրատյանին: - 100 տոկոս,- եղավ պատասխանը»: Ու քանի որ հետագա տարիներին իշխանական վերնախավի քաղաքակրթացում չի նկատվել, ապա առանց սխալվելու մեջ ռիսկի կարելի է պնդել, որ Տիգրան Սարգսյանի հեռանալու պատճառների մեջ առանձնակի դերակատարություն են ունեցել ինտրիգները:
-Ակտիվորեն քննարկվեցին նաև ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու և ընդդիմության շարքերում ներգրավվելու հայտարարությունները: Հետաքրքիր է Ձեր տեսակետը:
-Այդ կառույցը վաղուց քաղաքագետների հետազոտման առարկա չէ. դա այլ ոլորտ է:
-Դուք նշել եք, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ընդդիմությանը… Խոսենք ընդդիմության վերջին քայլերի մասին: Արդարացվա՞ծ է «հրաշալի քառյակի» գոյությունը: Ըստ Ձեզ՝ գոնե մոտ ապագայում կտեսնե՞նք այդ պրպտումների պտուղները:
-Եթե նրանք իսկապես ուզում էին իրականացնել այն փոփոխությունները, որոնց մասին խոսում են, թող գնային ու հաղթեին ԱԺ ընտրություններում, թող մասնակցեին նախագահական ընտրություններին: Նրանցից ոչ մեկի թիկունքում ժողովուրդ չկա, հետևաբար ճնշումներ բանեցնել չեն կարող իշխանությունների վրա: Մյուս կողմից նրանք բոլորը եղել են իշխանության ու ձախողվել: Ես չեմ տեսնում, թե նրանք անհրաժեշտ հետևություններ են արել իրենց անցյալից: Միակ բանը, որին կհասնեն, հերթական անգամ հուսալքեցնելն է լինելու մարդկանց:
-Կխնդրեի խոսենք նաև նոր ձևավորվելիք Կառավարության մասին: Կտարբերվի՞ նախորդից: Կարծիքներ կան, որ Հովիկ Աբրահամյանի Կառավարությունը կարճ կյանք է ունենալու…
-Դե այդ կառավարության կյանքը առավելագույնը մինչև հաջորդ ԱԺ ընտրություններն են, որ այնքան էլ հեռու չէ: Դրական իմաստով չի կարող տարբերվել նախորդից, իսկ բացասական իմաստով հնարավոր է. Տիգրան Սարգսյանի կառավարութան մեջ կային մարդիկ, ովքեր պարկեշտության ու երկրի համար մտահոգության տարրեր ունեին: Որքան կռահում եմ, այդ մարդկանցից կազատվեն:
-ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի դիրքորոշումները հայտնի դառնալուց հետո, փաստորեն, ՀՀԿ-ն մնաց միայնակ: Դա ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել:
-ՀՀԿ-ն վաղուց է միայնակ: Բայց մի լուրջ խնդիր կարող է առաջանալ. ՀՀԿ ավագ սերունդն ու օլիգարխիան կարծես թե դուրս են մղում իշխանական վերնախավից բարեփոխման երազանքներ ունեցող երիտասարդներին, ովքեր, մեծ դիմադրություն հաղթահարելով, մանր ու միջին դրական փոփոխությունների էին հասել որոշ ոլորտներում, նվազեցրել բյուրոկրատական քաշքշուկը: Նման դրսևորումներ հնարավոր է էլ չլինեն: Ճիշտ է՝ նոր վարչապետը ինքնահաստատման նպատակով որոշ պոպուլիստական քայլերի կգնա, բայց փոքր է հավանականութունը դրանց շարունակականության և մեծ է հավանականությունը ժողովրդից էլ ավելի կտրված կառավարություն ունենալու: Դրան կխթանի նաև ժողովուրդն իր չմտածված արձագանքումներով:
-Ձեր գրառումներից մեկում հարց եք տալիս ՝25 տարվա մեջ եղե՞լ է մի դեպք, երբ ընդդիմությունն իր հաշվարկներում ճիշտ դուրս գա... իսկապես չի՞ եղել…
-Թող նշեն գոնե մեկը: Քսանհինգ տարի է իշխանափոխություն են խոստանում, շարժումներ են նախաձեռնում, որոնք բոլորն էլ ջախջախվել են ու պատճառ դարձել հուսալքումի, որն էլ արտագաղթի մայրն է: Ընդդիմությունը չի կարողանում տեսնել մեր իրականությունը ծնող իրական պատճառները և պայքարում է հետևանքների դեմ՝ էլ ավելի խորացնելով պատճառները:
-Մեկ այլ առիթով նշել եք, որ գոյություն ունի հեղափոխության մի տեսակ, երբ հանրությունն ու իշխանությունը գոնե մասնակիորեն նայում են նույն ուղղությամբ: Հայաստանյան իրականությունում դա հնարավոր համարու՞մ եք:
-Միայն այդ կերպ մենք կկարողանանք դուրս գալ այս ճահճից, քանի որ իշխանական համակարգը դեգրադացված է և նրան քննադատելը, նրա դեմ պայքարելն անիմաստ է ու վնասակար: Իհարկե, հնարավոր է, բայց դրա համար խորքային վերլուծություններ անողներ են պետք, մինչդեռ հրապարակը բռնել են նրանք, ովքեր չեն տեսնում ծառերի թիկունքում գտնվող անտառը: Իմ ասածի մասնակի դրսևորում եղել է մեզանում 1988-90 թվականներին: Այն, ինչը ես նկատի ունեմ, հանգամանալից ներկայացված է իմ «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքում, նաև առաջիկում կներկայացնեմ «Լույսաշխարհ» կայքի «Վերելք» հաղորդաշարում:
-Պարոն Պեպանյան, այնպիսի ժամանակներ են, երբ ստիպված ենք հաշվի նստել մի փաստի հետ: Հուսալքությունն ու անկումային տրամադրություններն այսօր, ցավոք, գերիշխող են դարձել… ո՞րն է ելքը՝ ըստ Ձեզ:
-Որ դա լինելու էր, եթերում ասել եմ 2007 թվականին: Մեր ընդդիմադիր քաղաքական այրերը իրականությունը ճանաչելու մեծ խնդիր ունեն /իշխանությունների մասին խոսելն անիմաստ է. առողջական խնդիրներ ունեցող հանրության ամենաախտահարված օրգանը գլուխն է/, և անգամ բարի ցանկություններից դրդված նրանց քայլերը խորացնում են մեր պրոբլեմները: Նրանք նաև ալարում են կարդալ. ելքը ուրվագծվել է 1920-40 թվականներին Հայկ Ասատրյանի ու Գարեգին Նժդեհի կողմից: Մնում է արդիականացնել նրանց արածը, լրամշակել: Եթե, իհարկե, ուզում ենք շարունակել ազգի գոյութունն իր Հայրենիքում:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան