▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծիքներ՝ հանուն Գագիկ Ծառուկյանի

Հետք․ am-ը գրում է․ «Երևանի փոքր կենտրոնում վեր է խոյացել հերթական բարձրահարկը։ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցված շենքն ունի 18 հարկ։ Մեկ կամ երկու տարի հետո շենքը շահագործման կհանձնվի։ Նորակառույցի՝ 9-ից բարձր հարկերում հրդեհ բռնկվելու դեպքում ապագա բնակիչների տարհանումը կարող է անհնար լինել։ Նույն խնդրի առաջ կարող են կանգնել Տերյան փողոցում շահագործման հանձնված նորակառույց «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի այցելուները կամ հյուրանոցի հարևանությամբ գտնվող բնակելի-հասարակական շինության բնակիչները և այցելուները։ Պատճառն այն է, որ Հայաստանում առկա փրկարարական տեխնիկան անզոր է նման բարձրություն հաղթահարել։

2024 թ.-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ Երևանի Աբովյան 5/5 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրի հիմնական շինարարությունն ավարտվել է։ Շենքի վերգետնյա 18 հարկերը կառուցվել են, այժմ երեսպատման և ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ Մոտ 100 մլն դոլար գնահատված համալիրը կառուցում են խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու իր գործընկերները։ Շենքի կառուցումը հարթ չի ընթացել։ 2017թ․-ին Աբովյան 5/5 հասցեի քառահարկ շենքը ապամոնտաժվեց, տեղում նոր համալիրի հիմքերը փորվեցին, ու 1 տարի անց ստորգետնյա հարկերից բացի, կառուցվեցին համալիրի 3 հարկերը։ 2018 թ․-ին շինարարությունը կասեցվեց դատական վեճի պատճառով, որը հանգուցալուծվեց 4 տարի անց։ 2022 թ․-ին շինարարությունը վերսկսվեց, և երկու տարում բարձրահարկ համալիրի հիմնական մասը կառուցվեց։

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի համար Երևանի տարբեր քաղաքապետեր տվել են ընդհանուր առմամբ շինարարության 3 թույլտվություն։ Առաջինը՝ 2017 թ․-ին, երկրորդը՝ 2018 թ․-ին, երրորդը՝ 2022 թ․-ին։ Շինարարության թույլտվություններին նախորդել է համայնքի ղեկավարի՝ նախագծման թույլտվությունը, որի հիման վրա կառուցապատողը նախագիծ է կազմել։

2017 թ․-ի նախագծման թույլտվությամբ սահմանվել է, որ համալիրը կարող է ունենալ 3 ստորգետնյա և մինչև 12 վերգետնյա հարկ։ 2019 թ․-ին տրված նախագծման թույլտվությամբ սահմանվել է, որ համալիրը կարող է ունենալ 11 վերգետնյա հարկ, իսկ 12-րդ հարկը՝ մասնակի ծավալով (տեխնիկական հարկ)։ 2022 թ․-ին տրված նախագծման թույլտվությամբ թույլատրելի բարձրությունը հարկերի փոխարեն նշվել է մետրով․ «Կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր, իսկ հետ ընկած գլանաձև ծավալի բարձրությունը՝ մինչև 71 մետր»։ Եթե ընդունենք, որ 1 հարկի բարձրությունը, առաստաղն էլ ներառած, կարող է լինել 3.3 մետր, ապա 71 մետրով հնարավոր է մինչև 21 հարկ կառուցել։ 2022 թ․-ի օգոստոսին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի տված նախագծման թույլտվությանը մեկ ամիս անց հաջորդել է շինարարության թույլտվությունը։ 

Երևանի քաղաքապետարանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, իր պաշտոնական կայքում չի հրապարակում համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծման և շինարարության թույլտվությունները։ Այդ փաստաթղթերին մենք հասանելիություն ենք ստանում միայն գրավոր հարցումներ ուղարկելուց հետո։ 

Կառուցվող համալիրի հարկայնության փոփոխման (ավելացման) մասին 2022 թ․-ին բարձրաձայնեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որից հետո «Հետքը» պաշտոնական հաստատում ստացավ հարկերն ավելացնելու՝ համայնքի ղեկավարի ծածուկ թույլտվությունների մասին։

Շինարարության թույլտվություն ստանալը բազմափուլ գործընթաց է։ Կառուցապատողը սկզբում համայնքապետարան է ներկայացնում դիմում և էսքիզ, որից հետո համայնքի ղեկավարը տրամադրում է նախագիծ կազմելու թույլտվությունը (որում նշվում է հարկայնության սահմանաչափը և այլն)։ Կառուցապատողը, այդ թույլտվությունը ստանալով, գնում է ճարտարապետական արվեստանոց և նախագիծ պատվիրում։ Բարձրահարկ շենքերի դեպքում նախագիծը կազմելուց հետո այն ներկայացվում է ինչպես համայնքապետարան, այնպես էլ Քաղաքաշինության կոմիտե (համալիր փորձաքննության համար) և Շրջակա միջավայրի նախարարություն (ՇՄԱԳ թույլտվության համար)։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը հիմնականում անդրադառնում է բնապահպանական հարցերին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее