Ուկրաինայի նոր իշխանությունները կարծես խելքի են գալիս, և հասկանում որ չափն անցել են և այժմ փորձում են իրավիճակ շտկել: Ղրիմում նախագահի ներկայացուցիչ Սերգեյ Կունիցինը ATR հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը որոշել է չստորագրել «լեզուների մասին օրենքի» լուծարման հետ կապված որոշումը, որը կայացրել էր Գերագույն ռադան փետրվարի 23-ին: Արդյո՞ք այս որոշը ուշացած չէ և արդյո՞ք սա կարող է շտկել երկրում իրավիճակը: Չեմ կարծում, քանի որ վստահ եմ, որ վերընշված օրենքի լուծարումը հիմնականում առիթ էր այլ ոչ թե պատճառ արևելյան և մասնավորապես հարավային շրջանների ապստամբության համար:
Ղրիմի ինքնավար հանրապետության նորանշանակ վարչապետ Սերգեյ Աքսենովը այսօր արել է մի հայտարարություն, որը բավական ուշագրավ է: Նա ասել է, որ ժամանակավորապես իր ուղղակաի ենթակայության տակ է առնում Ղրիմի բոլոր ուժային կառույցները և բոլոր հրամանատարները պետք է կատարեն միայն իր հանձնարարականներն ու հրամանները, իսկ նրանք, ովքեր դրան համաձայն չեն խնդրել է անմիջապես դադարեցնել իրենց ծառայությունը: Նշեմ, որ առայժմ նման ցանկացողների մասին ոչ մի տեղեկություն չի հայտնվել: Հիշեցնեմ, որ ընդամենը երեկ, երբ հաստատվեց Ղրիմի կառավարության վերջնական կազմը, վարչապետ Աքսենովը հայտարարել է, որ ձեռք է բերվել համաձայնություն ըստ, որի Ռուսաստանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ղրիմին: Վերջինս ասել է, որ իրենց եղբայրական հանրապետություններից տրվող աջակցության միջոցով (թերևս հանրապետություններ ասելով` ակնարկել է նաև Բելառուսին) իրենք կկարողանան դուրս բերել ինքնավար հանրապետությունը ներկայիս ծանր վիճակից: Ավելացնեմ, որ օգնության կոնկրտ ծավալները, ըստ վարչապետ Աքսենովի դեռ հստակեցված չեն:
Այսպիսով մինչ Կիևը փորձում է սեփական իռացիոնալ, իմպուլսիվ որոշումներից ետ կանգնել`հասկանալով որ Ղրիմում ստեղծված իրավիճակի համար առիթ է դարձել հիմնականում իրենց անհեռատես քաղաքականությունը, Ղրիմում իշխանությունն ավելի է կենտրոնացվում «Ռուսական միաբանություն» կուսակցության նախագահի ձեռքերում: Ես կարծում եմ, որ տեղի ունեցող գործընթացներն արդեն անշրջելի են և ոչ մի «պրյանիկ» Կիևի կողմից այլևս չի կարող կանգնեցնել Աքսենովին:
Ի վերջո Ղրիմը, որն արհեստկանորեն միացվել է Ուկրաինային 1954թ-ին, իսկ սովետական միության փլուզումից հետո գրեթե անկախացման շեմին էր, երբեք էլ սերտ հարաբերությունների մեջ չի եղել Կիևի հետ: Կարծում եմ սա լավ առիթ է, որ ինքնավար հանրապետությունը իր հարցերը վերջնականապես լուծի: Համոզված եմ, որ ճգնաժամի հաղթահարումից հետո, եթե նույնիսկ Ղրիմը դե յուրե և դե ֆակտո չանկախանա կամ էլ չմիանա Ռուսաստանին, ապա այն առնվազն կանցկացնի այն հանրաքվեն, որը նախատեսված է մայիսի 25-ին և կընդլայնի իր ինքնավարության լիազորությունները, որով և կդառնա գրեթե լիովին անկախ երկրի կենտրոնական իշխանություններից: