Փետրվարի 13-ից 28-ը «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը հարցում է անցկացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ։ Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ մեր հասարակության 88,7%–ը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին։ Այլ կերպ ասած ոչ թե 80%-ը, որի մասին խոսում էր երկրի նախագահը ԵԿՄ վարչության նիստի ժամանակ, այլ գրթե ամբողջ հասարակությունը, նույնիսկ այն հատվածը, որին այդ օրենքը, համենայն դեպս ուղղակիորեն, չի վերաբերում: Կարծում եմ, սա շատ լուրջ ազդանշան է, և մեր իշխանությունները պետք է շատ քաջ գիտակցեն, որ առկա է լուրջ սոցիալական դժգոհություն, և սրա պատճառներն անհրաժեշտ է անհապաղ արմատախիլ անել, այլապես այս բարեփոխում կոչվածը կարող է սադրել քաղաքացիական անհնազանդություն և դրանից բխող հետևանքների մի ամբողջ գունապնակ:
Վերջերս Իշխանությունները, թե´ վաչապետի, թե´ Ազգային ժողովի նախագահի բարձր մակարդակով հայտարարում են, որ «պատրաստ են գնալ որոշ զիջումների»: Թե կոնկրետ ինչ զիջումների մասին է խոսքը, հստակ չի հայտարարվում, բայց այն, որ կա պատրաստակամություն քննարկել տվյալ խնդիրը, արդեն լավ է: Այնպես չէ, որ ես շատ եմ անհանգստանում մեր ղեկավարների քաղաքական կարիերայի մասին և ուզում եմ, որ ամեն գնով գնան քաղաքացիական այս նախաձեռնությանն ընդառաջ: Պարզապես իմ միակ մտահոգությունն այն է, որ Հայաստանում հանկարծ ականատեսը չլինենք սուր քաղաքական ճգնաժամի, որի հետևանքով տեղի ունենա հերթական գունավոր հեղափոխությունը մեր տարածաշրջանում, զուգորդված բախումներով, սահմանում անկայունթյամբ, տնտեսական բարդյություններով և այլն: Կարճ ասած չեմ ուզում, որ երկրում քաոս տիրի:
Հայաստանի համար ստեղծված իրավիճակը կարող է ծառայել երկու ուղղությամբ` լավ և վատ:
Սկսենք հետագա հնարավոր վատ սցենարից: Հայաստանի իշխանությունները համաձայնության չեն գալիս «Դեմ եմ»-ի հետ, արդյունքում, բնականաբար, Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը չի ճանաչում հակասահմանադրական: Քաղաքացիական շարժումը ավելի է ակտիվացնում իր գործունեությունը, աշխատում է ընդլայնել իր համակիրների բանակը (ներկայիս հասարակական դժգոհությունների ֆոնին դա շատ հավանական է), ավելի սերտ է համագործակցում քաղաքական ուժերի հետ, սադրում է քաղաքացիական անհնազանդություն, իսկ դրա հետևանքների մասին չեմ էլ ուզում անգամ բարձրաձայնել…
Հիմա հավանական լավ սցենարը` Հայաստանի իշխանությունները գնում են հասարակության պահանջին ընդառաջ: Շատ ավելի լավ կլինի, որ դա արվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Այլ կերպ ասած ՍԴ-ն օրենքը ճանաչում է հակասահմանադրական, և ենթակա փոփոխությունների, իսկ Կառավարությունը, ցուցաբերում է «հետևողականություն» ի կատար ածել ՍԴ որոշումը և խոստանում է վերամշակել այն:
Տեսեք փաստացի արդյունքում շահում են բոլորը. hասարակությունը ազատվում է «պարտադիրից», իսկ իշխանությունները կանխում են ճգնաժամի հետագա ահագնացումը, որն առաջին հերթին ձեռնտու է հենց իրենց: Ասեմ ավելին արդյունքում բարձրանում է, ինչպես ՍԴ-ի հեղինակությունը որպես կառույցի, այնպես էլ Հայաստանի հեղինակությունը որպես ժողովրդավարական պետության:
Ես անկեղծորեն հուսով եմ, որ մեր իշխանությունները կնախընտրեն երկրորդ տարբերակը: