▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում

Կիրանցում, որտեղ առավոտից գյուղացիները փակել են միջպետական ճանապարհը, բախումներ են քաղաքացիների ու ոստիկանների միջև: Ոստիկանները քաշքշում են մարդկանց, փորձում հրելով ու վնասելով հեռացնել ճանապարհը փակած մեքենաները: Նրանք նաև պահանջում են լրագրողներից` հեռու մնալ ու չնկարահանել:

***

Երկուշաբթի գնալու ենք այս հարցը քննարկենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շաշինյանը:

«Մազպետն ասաց, որ երկուշաբթի  օրը ժամը 6-ից գնալու ենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու, էդ հարցը քննարկելու: Երբ դա կվերջնա, կգանք, արդեն կհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը: Քննարկելու ենք սահմանի հարցը: Մենք ես չեմ գնալու, գալու է  նաեւ Բերքաբերի գյուղապետը, նաեւ մնացած գյուղապետերը: Մեր նպատակն է սահմանը ճշտենք ու ճիշտ պահենք, անառիկ պահենք: Որ մոտիկ չլինենք, նրնք էն կողմում լինեն, մենք՝ էս կողմում»,-ասաց նա:

***

Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհը փակած քաղաքացիները շուրջ 6 ժամ անց որոշեցին բացել ճանապարհը, երբ նրանց հայտնեցին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացել է հանդիպել գյուղացիներից կազմված հանձնախմբի անդամների հետ:                                                                                  

Լրատվամիջոցները հայտնում են, որ հավաքվածների մի մասը համաձայն չէ որոշման հետ եւ հայտարարում է, որ գիշերը մնալու են Երեւան-Թբիլիսի ճանապարհին:

***

«Այս պահին փակ է նաև ՀՀ-Վրաստան ճանապարհի մեկ այլ` Բագրատաշենի հատվածը»,- տեղեկացրեց ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից տավուշցիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը:

«Խաղաղության գնացող պետությունը փոխզիջումներով ա գնում, եթե մենակ մենք ենք զիջում, էդ խաղաղություն չի։ Սահմանազատումը միակողմանի չի լինում»,- Կիրանցում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ Կիրանցը հերոս գյուղ է, պատրաստ է պայքարել։

***

Տավուշի մարզի Կիրանց համայնք է ժամանել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նա զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ։

***

«Խնդիրն այն է, որ ադրբեջանցին հենց հայտնվեց էս գյուղում, էն տեղերում, որտեղ նախատեսված է, գյուղը դառնալու է անկենսունակ»,- դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց է ժամանել ՆԳ նախարարը։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես գիտեք, գիշերվանից տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում փակել են միջպետական ճանապարհը` ի նշան բողոքի: Սա ժողովրդական դիմադրության օրինակ է: Այժմ ազգային առաջնորդները պետք է նեցուկ լինեն ժողովրդին»։

***

Դիտեք նաև՝

***

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա միակողմանի զիջում է, մարդկանց էլ ասում են՝ հաշտ եղեք էս իրականության հետ։
Ինչպե՞ս հաշտ լինել այն հանգամանքի հետ, որ ճանապարհն անցնելու է դպրոցի բակով։
30 տարի այս մարդիկ արյուն, քրտինք են թափել, որ զիջե՞ն իրենց գյուղերը, սրբավայրերը, գերեզմանները։
Ադրբեջանցի զինվորին բերում կանգնեցնում են գյուղի մեջ, դա ներկայացնում որպես հաջողություն»։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է․ «Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները և դրանց տեղում կառուցեն ճանապարհ:
Այսինքն, միջպետական ճանապահի այն հատվածը, որը շուտով Ադրբեջանին է հանձնվելու, ուզում են անցկացնել գյուղի միջով՝ քանդելով մարդկանց պապենական տները»։

***

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, ով գտնվում է Տավուշի մարզում, հայտարարել է, որ առավոտից, առանց գյուղացիների իմացության, Տավուշի գյուղերում չափագրողներ են հայտնվել, սկսել աշխատանքներ իրականացնել: Գյուղացիների պարտադրանով նրանք դադարեցրել են աշխատանքը:

«Ճանապարհը պետք է անցնի գյուղի մեջտեղով` ըստ չափագրողների: Այնուհետև այստեղ եկան իշխանության ներկայացուցիչները` մարզպետի գլխավորությամբ: Վերջինը պահանջեց, որ փակ հանդիպում տեղի ունենա: Գյուղացիների մի մասը համաձայնեց, սակայն վերջում մնաց դժգոհ: Հայտարարեցին, թե իրենց հերթական անգամ մոլորեցնում են»,- ասաց նա:

***

Կիրանցում լարված իրավիճակը պահպանվում է, բնակիչներն այս պահին զրուցում են Տավուշի մարզպետի հետ, ով հրաժարվել էր լրագրողների ներկայությամբ հանդիպումից։ Կիրանցիները նշում են, որ դեմ են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, նրանք խոսքով՝ դրա արդյունքում այլընտրանքային ճանապարհն անցնելու է եկեղեցու ու դպրոցի տարածքով։

Բնակիչներից մի քանիսը մարզպետի հետ մեկնեցին փակ հանդիպման։

***

«Եթե տարածքները հանձնվեն, ոչ մի երաշխիք չի լինելու: Շատ վատ բաներ են տեղի ունենալու ոչ միայն այստեղ, այլև ամբողջ Հայաստանում»,- լրագրողի հետ զրույցում պատասխանեց Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը: Հարցին` ինքը որտեղից է` պատասխանեց. «Սանկտ Պետերբուգից եմ եկել, որ այստեղ լինեմ, որ Հայաստանը չկորցնենք»:

***

Կիրանցում իրավիճակը կրկին լարվեց, երբ Տավուշի մարզպետը փորձեց առանձին հանդիպումներ անցկացնել բնակիչների հետ։ Հավաքվածները դեմ են՝ ասելով, որ առանձին հանդիպումների ժամանակ բնակիչների «գլխի տակ փափուկ բարձ է դրվում»։ Իրավիճակը փորձեց հանդարտեցնել պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

***

Առավոտվանից ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող տավուշցիների մոտ է եկել նաև Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, քավոր, Աժ պատգամավոր Վահե Ղալումյանը: Նա, սակայն, կանգնած է գյուղացիներից բավականին մեծ հեռավորության վրա ու չի շփվում անգամ լրագրողների հետ: Լրագրողի համառ դիտարկմանը` դե դուք խնդիր ունեք որը լուծել եք, նա պատասխանեց. «Դեռ չէ»:

***

«Ասում են՝ դպրոցի հայաթով ա ճանապարհն անցնելու, էս գյուղը էլ վսյո, վերջացավ, էս գյուղի կյանքը էլ չի լինելու։ պաշտպանական ամբողջ համակարգը կազմաքանդվում ա։ Միակողմանի զիջում են անում, մարդկանց էլ ասում՝ հաշտ եղեք»,- Կիրանցում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասել է ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս համայքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Կառավարության ներկայացրած սահմանազատման վերաբերյալ։

Դիտեք նաև՝

***

«Դե հենա՝ Հայաստանի կեսը տան Ադրբեջանին, կեսը՝ Թուրքիային, ասեն՝ գնացեք, կորեք»,- Կիրանցում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց բնակիչներից մեկը։ «Սա Ադրբեջանի հող չէ, որ տալիս է»,- հավելեց նա։

Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով սահմանազատման վերաբերյալ Կառավարության հայտարարությանը։

***

Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով սահմանազատման վերաբերյալ Կառավարության հայտարարությանը։

 

Գերմանիան պատրաստ է հնարավոր ողջ աջակցությունը ցուցաբերել կայուն խաղաղության ճանապարհին:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն:

«1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին կարևոր խոչընդոտը»,- ասվում է հաղորդագրությունում:

«Գերմանիան նախկինի պես պատրաստ անել հնարավոր ամեն բան՝ կայուն խաղաղության հասնելուն նպաստելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

***

«Մենք փոխհատուցման կարիք չունենք, էդ փողն ի՞նչ եմ անելու: Ինձ իմ հողն ա պետք»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց տավուշցի 96-ամյա Լենա տատին: Նրա կողքը բողոքի ակցիայի մասնակցող կանայք էլ պատասխանեցին հարցին` արդյոք պատկերացնում են անցակետ, առևտուր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Չէ, չէ, չէ, տհանց անըմը կտրի»,- պատասխանեցին կանայք` պնդելով, որ իրենք գիտեն` ինչ է նշանակում ապրել թուրքի հետ հարևանությամբ:

***

Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված: «Եթե սպասեցինք երկուշաբթիին, սրանից վատ ա լինելու: Եթե մենք մի անգամ էլ ենք խաբվում, ուրեմն ինչքան խաբվել ենք, մեզ տեղին ա եղել: Կնիկարմատ ենք, գիշերը ձեզ հետ մնալու ենք, այս ասֆալտի վրա էլ քնում ենք»,- հայտարարեցին տավուշցի կանայք:

Նրանցից մեկն էլ` 96-ամյա տարեց կին, նստեց ասֆալտին ու հայտարարեց, որ ինչքան համբերել ու հող ենք տվել, բավական է: Հարցին` նրա տունն էլ է մնալու սահմանագծումից այն կողմ, պատասխանեց. «Չէ, բայց ի՞նչ կապ ունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն далее