▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայտնի է Տավուշի հանձնման ժամկետը»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Հայտնի է Տավուշի հանձման ժամկետը։ Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի: Այս մասին արդեն հայտարարել է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը:

Սա, օրինակ, նշանակում է, որ Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքե

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է, որտեղ ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ սահմանադրական մարմինը Ազգային ժողովն է։ Ազգային Ժողովը վերահսկում է կառավարության գործունեությունը և իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին։ Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար։ Այդ պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել որևէ «խելամիտ» կամ անմիտ բացատրություններով»։

***

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

Հարց - Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Ի՞նչ է սա նշանակում:

Պատասխան - Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման:

Հարց - Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը:

Պատասխան - Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Կարևոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաեւ Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց:

Հարց - Այսօրվա հայտարարության մեջ նշվում է նաև, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրում կարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրից տարբերվող այլ հիմնարար սկզբունք, սահմանազատման Կանոնակարգը կհամապատասխանեցվի այդ սկզբունքին: Արդյո՞ք սա Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարման հիմք չի ստեղծում:

Պատասխան - Ոչ: Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով և ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետև կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, և այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում:

Հարց - Սահմանազատման հանձնաժողովների համատեղ մամլո հաղորդագրության մեջ հիշատակվում է նաև անկլավ/էքսկլավների հարցը, ի՞նչ է դա նշանակում:

Պատասխան - Հանձնաժողովները պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) և այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաև անկլավ/էքսկլավների հարցին: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է: Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը:

Հարց - Փաստորեն սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենալու:

Պատասխան - Դա տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների:

Հարց - Իսկ գործընթացի արդյունքում հայաստանյան որեւէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից:

Պատասխան - Ոչ: Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագրի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան:

Հարց - Իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի՞ ունենում:

Պատասխան - Ոչ: Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում:

Հարց - Սահմանազատման այս գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանը ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին: Ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը:

Պատասխան - Նախ արձանագրենք, որ Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, և չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան:

Հարց - Նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ: Ի՞նչ է ստանում Հայաստանը:

Պատասխան - Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները:

***

Մամուլի հաղորդագրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ.

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

***

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհանգիստ եմ։ Մտածում եմ` լավ, հաջորդ փուլով անկլավները որ տանք, հետո «միջանցքի» անունը ճամփա դնենք, տանք, բա հետո ի՞նչ ենք տալու, որ հանգիստ ապրենք։
Սիրելի վռչափետ, հաջորդներն էլ հրապարակի էլի, որ հանգիստ լինենք»։

***

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։
Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի Մեծ խնդիրներ:
Այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ տեղ սահմանված չէ։ Ընդամենն առկա է Հայաստանի Կառավարության ղեկավարի 23.05.2023թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման հանձնաժողով ստեղծված լինելու փաստը և դրա անհատակակ կազմը։
Չկա որևէ իրավական ամրագրում, թե այդ հանձնաժողովն ինչ իրավասություն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպես է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում։
Սա նշանակում է, որ քիչ առաջ այդ հանձնաժողովի անունից Կառավարության տարածած հայտարարության նպատակն է այս քաղաքական բավարձակ անթույլատրելի գործընթացը ինստիտուցիոնալ-իրավական կեղծ շղարշով քողարկեը։
Տեղի ունեցածը նաև սկզբունքորեն հակասում է սահմանազատման միջազգային պահանջներին։
2. ՀՀ կառավարության ղեկավարը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները, ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մարդկանց տներին ու նրանք հայտնվում են ճանապարհներին։
Պարզաբանումը, թե ճանապարհների էական խնդիրներ չեն առաջանում և կարող են կառուցվել այլընտրանքային ճանապարհներ, ընդամենը փորձ է՝ կոծկելու համար մարդկանց և երկրի անվտանգության համար առաջացող իրական խնդիրները։
Բացարձակ անընդունելի է Կառավարության ղեկավարի արդարացումը, թե առանց այդ էլ որոշ գյուղեր ադրբեջանական նշանառության ներքո են. ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու և նշանառությունը վերացնելու փոխարեն Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով՝ արդարացնելու համար քաղաքական որոշումները։
Առանց այն էլ Բաղանիսի ճանապարահատվածը եղել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախի տակ և ժամանակ առ ժամանակ կրակել են երթևեկող մեքենաների ուղությամբ, հիմա դուրս է գալիս Կառավարության ղեկավարի այս որոշմամբ նրանք ավելի են մոտենում ճանապարհին։
Կիրանց գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհն անվտանգ չէ և հայտնվելու է ադրբեջանական զինված ծառայողների դիտարկման տակ։
3. Ադրբեջանը շարունակում է մխրճված մնալ ՀՀ Տավուշի մարզին պատմակող տարածքներում և դրանք պահել օկուպացված։
Մինչդեռ, Հայաստանի Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ նաև վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտագությանը։
Ընդ որում, ակնհայտ է, որ Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները»:

***

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ողբերգությունն առավել ամբողջական դարձնելուն պակասում է միայն Արծրունն` իր զգետնող ու #հաղթելու_ենք գրառումներով ու մեկնաբանություններում Բաքու հասած ցնծալից Հայ վիրտուալ ֆիդայիններով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին