▲ Դեպի վեր

Суббота, 23.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Մարդը գնել է շեդևր ու չգիտի դրա մասին.թանկարժեք քարը նրա համար ապակու կտոր է.Հերթը հասավ «Ռոսիա»-ին

Հայաստանում շարունակում են քանդել կամ աղավաղել կարևոր մի շարք շինություններ: Հերթը «Ռոսիա» կինոթատրոնինն է, որոշել են փոխել շենքի դիմագիծը:

Հրաչյա Պողոսյանը, ում նախագծով կառուցվել է կինոթատրոնը, վրդովված ու հիասթափված է:

«Ճարտարապետությունը հզոր դեր ունի ազգի բարգավաճման, դաստիարակման գործում: ժողովուրդը չի հասկանում, որ մշակույթը սիրում է գումարում ու բազմապատկում, պետք է կուտակես-կուտակես, որ դարերի ընթացքում հարստություն ստեղծես: Մշակութը չի սիրում բաժանում: «Ռոսիա»-ն նախագծելիս նպատակ էր դրված շուկան վերացնել ու կառուցել մշակութային կենտրոն: Այն բաղկացած էր 1600, 1000, 200 տեղանոց դահլիճներից: Ուներ ընդարձակ ճեմասրահ, ցուցասրահ՝ մոտ 1000քմ, պարասրահ՝ 1000քմ, բար, ռեստորան: Համալիրը զարդարում էին Արա Շիրազի, Երվանդ Գոջաբաշյանի, Յուրա Պետրոսյանի, Օհան Պետրոսյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Էդիկ Խարազովի, Դավիթ Երևանցու մեծածավալ բարձրարվեստ քանդակները: Ներսում հրաշալի քանդակներ կային: Էդուարդ Խարազովի քանդակն էր, որի վրա հիմա կանացի սպիտակեղեն են կախել ու վաճառում: Ավաղ, հիմա այդ ամենը չկա, կյանքը նորից վերադարձրեց շուկան, ներողություն՝ տոնավաճառը: Իհարկե, չեմ հասկանում, թե ի՞նչ տոնականություն կա դրա մեջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետը՝ հավելելով.

«Կինոթատրոնի տնօրենի հետ աշխատել եմ մոտ 4 տարի, փորձել եմ տարբեր նախագծեր ներկայացնել, որ շենքը չփչացնեն, թողնեն մնա իր բարձրության վրա: Հետո հասկացա, որ նրանց համոզել չի լինի: Այժմ մի երիտասարդ ճարտարապետի հետ են աշխատում, տեսքն ամբողջովին փչացնում են, խաթարում են տեսքը, չեմ ընդունում սա: «Հրազդան»-ը, «Զվարթնոց»-ը, «Ռոսիա»-ն, «Երիտասարդական պալատ»-ը, Մարզահամերգային համալիրը համաշխարհային գրականության մեջ ներկայացված են որպես հետխորհրդային պոստմոդեռնիզմի համաշխահային լավագույն օրինակներ: Վիեննայում, Ստամբուլում, Երևանում ցուցահանդեսներ են եղել, գրքեր են հրապարակվում: Այս շենքերը համարում են շեդևր: Այսինքն, դու մի ասա՝ մարդը գնել է շեդևր ու չգիտի, որ այն համաշխարհային մշակույթի գլուխգործոց է: Բիզնեսմենները թանկարժեք քարեր են գնել, բայց դրանք նրանց համար լոկ ապակիների կտորներ են»:

Նշենք, որ Հրաչյա Պողոսյանի նախագծերով կառուցվել են Երևանում՝ «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, համահեղինակներ՝ Թարխանյան, Խաչիկյան, կոնստրուկտորներ՝ Գևորգյան, Ծատուրյան, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ, 1979), Երիտասարդության պալատը (1979, համահեղինակներ՝ Թարխանյան, Խաչիկյան, կոնստրուկտորներ՝ Գևորգյան, Ծատուրյան, Բաղդասարյան, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981), Մարզահամերգային համալիրը (սկսվել է 1978 թվականին, հեղինակային խմբի հետ), Դիլիջանում՝ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը (սկսվել է 1974 թվականին, համահեղինակներ՝ Խաչիկյան, Սաֆարյան), Գորիսում բնակելի թաղամաս (1975, համահեղինակներ՝ Մկրտչյան, Սողոյան) և այլն:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее