Մայր Աթոռի անմիաբան «միաբանության» ճաքերը գնալով խորանում են: Պարզվում է, ինչպես աշխարհիկ կյանքում, այստեղ ևս առկա են խմբավորումներ կամ, ինչպես ընդունված է ասել, «թայֆաբազություն», որոնց միջև լարվածությունն ու հակամարտությունը նոր թափ է ստանում` հակառակ արտաքնապես երևացող սառը քաղաքավարական պահվածքի: Մինչև անգամ դեպքեր են լինում, որ տարբեր խմբակների միաբաններ իրար չեն բարեհաճում բարևել կամ երբ քայլելիս իրար պիտի հանդիպեն, շուտով շեղում են ճանապարհը, որպեսզի մեկը մյուսի երեսը չտեսնի: Դե ամեն մեկը երևի ուզում է իրեն «լավ տղա» ձևացնել` մոռանալով Ավետարանի ոսկե կանոնը: Հավաստի աղբյուրներից տեղեկանում ենք, որ ներկայումս Էջմիածնում գործում են երեք տեսակի խմբավորումներ` Արտակյան (Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի անունով), Արշակյան (Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի անունով) և Գևորգյան (Գևորգ եպիսկոպոս Սարոյանի անունով): Վերջինիս խումբը հայտնի է նաև «մասիսականներ» անվամբ, քանի որ իր ծննդավայրից ոչ հեռու Մասիս քաղաքում Գևորգ եպիսկոպոսի քույրը հայտնի է որպես «պայծառատես», և բավական թվով համակիրներ ունի, այդ թվում նաև` տարբեր եկեղեցականներից: Եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ «Մասիսականներ» կամ մեկ այլ համահունչ անվանումով մի նոր աղանդ գրանցվի Հայաստանում:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս խմբակների անդամ միաբանները հիմնականում այս կամ այն ակնկալիքներն ունեն իրենց առաջնորդներից` ամրացնելու սեփական կարիերան: Այսպես, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի խմբակին են հարում Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Վարդան վարդապետ Նավասարդյանը, Շահե վարդապետ Անանյանը, Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Նարեկ վարդապետ Ավագյանը, Տաճատ աբեղա Ծատուրյանը, Ռուբեն աբեղա Զարգարյանը, Անանիա աբեղա Ծատուրյանը և այլոք: Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խմբակին են հարում Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Իսահակ վարդապետ Պողոսյանը, Պարթև աբեղա Բարսեղյանը, Սիփան աբեղա Գևորգյանը և այլոք: Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խմբակին են հարում Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Արիստակես վարդապետ Այվազյանը, Գաբրիել վարդապետ Սարգսյանը, Կյուրեղ աբեղա Դավթյանը, Խորեն աբեղա Առաքելյանը, Հովհաննես աբեղա Սահակյանը, Վաչե աբեղա Մկրտչյանը, Նշան աբեղա Հմայակյանը և այլոք: Միջխմբակցական մրցակցությունը էլ ավելի կխորանա, եթե այս ամենի կողքին ի հայտ գա մի նոր խմբակ` Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ:
Բնականաբար, եթե որևէ միաբան չի հարում հիշյալ խմբակներից որևէ մեկին, ապա շատ փշոտ ճանապարհ է իրեն սպասում: Վերջինս լավագույն դեպքում կմեկուսացվի, ինչպես դա արվեց Ներսես վարդապետ Խալաթյանի պարագային, իսկ վատագույն դեպքում կենթարկվի դաժան հալածանքների, որոնց տրամաբանական ավարտը կարգալուծությունն է: Ցավալի է, որ Մայր Աթոռում մինչև անգամ գոյություն չունի միաբանական գործող կանոնադրություն, որով հնարավոր լինի կարգավորել միաբանների իրավունքներն ու պարտականությունները: Ի վերջո, ո՞րն է այս ամենի լուծումը: Էլ չենք խոսում, որ ամեն խմբակի լիդեր կուզենար իրեն հետնորդներ պատրաստել, որի համար յուղոտ պատառ է Գևորգյան ճեմարանի ուսանողությունը: Այս նկատառումով էլ շատ բարդ կլինի տեսչի խմբակից դուրս այլ միաբանների համար լինել տեսչական կազմի անդամ կամ առնվազն դասավանդել ճեմարաններում:
Միաբանական կյանքի այս խճապատկերը ցույց է տալիս, թե միաբանները իրականում որքան հեռուն են հոգևորի պատկերացումներից, իրական եկեղեցականի կերպարից: Անշուշտ, այս բոլորը արդյունք են առողջ գլխի բացակայության: Եվ միանգամայն դժվար է կաթողիկոսի համար կողմնորոշվել այս միաբանական լաբիրինթոսում, թեև ամեն դեպքում, առաջնահերթությունը պետք է վերապահի իր համագյուղացիներին: Չմոռանանք նշել, որ դեռևս շարունակում է Էջմիածնի միաբան համարվել Հակոբ աբեղա Գրիգորյանը, նույն ինքը` Արմ Հակը, ով ամիսներ առաջ հանրությանը ներկայացվեց սկանդալային բացահայտումներով` կապված իր սեռական կողմնորոշումների և այլ ծալքերի հետ: Վերջում հավելենք, որ Մայր Աթոռի «միաբանությանը» երկար տարիներ զարդարում է նաև իր տեսակի մեջ եզակի միաբան Մոմիկ վարդապետ Սարգսյանը, ով հայտնի է իր տարօրինակություններով և, ինչու չէ, նաև խենթություններով:
Սերոբ Իշխանյան