▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրս էլ չկա, իսկ ինքը ժպիտը դեմքին Նոր տարին կդիմավորի. վրաերթ կատարած ՔՊ-ականի կինը շարունակում է վայելել կյանքը

MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՔՊ-ական նախկին պատգամավորի «սառնասիրտ» կնոջ արարքը։ 

Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել, որը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ինչպես տեղեկացրել էինք, ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ցավոք, կինը նույն օրը մահացել էր, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

MediaHub-ին բացառիկ մանրամասներ էին հայտնի դարձել ողբերգությունից: Մեզ ասել էին, որ վրաերթի ենթարկված 78-ամյա Սիլվարդ Վարդանյանը փողոցն անցնելիս էր եղել, որպեսզի նստեր դստեր մեքենան, և մահվան ելքով վրաերթը հենց դստեր աչքի առաջ էր տեղի ունեցել:  

Մեր զրուցակիցը նշել էր, որ դեպքից հետո Սիլվարդի դուստրը շտապել էր մեքենայի մոտ, սակայն, վարորդը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, նույնիսկ մեքենայից չէր իջել, որպեսզի տեսնի, թե ինչով կարող է օգնել այն կնոջը, որին րոպե առաջ վրաերթի էր ենթարկել: Մեզ ասել էին, որ նրա այդ սառնասրտությունը հավաքված բոլոր մարդկանց ծայրահեղ զարմացրել է: 

Կայքին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդպես, դեպքից անմիջապես հետո Հռիփսիմե Գրիգորյանին, որ նույնիսկ մեքենայից չի իջել, ինչ-որ անձ է մոտեցել, սկսել հանգստացնել նրան, սակայն երբ մոտեցել է Սիլվարդի դուստրը՝ տեսագրելով այդ տեսարանը, այդ անձնավորությունը սկսել  է բղավել կնոջ վրա, որի աչքի առաջ մորը վրաերթի են ենթարկել։

Մեր զրուցակիցը նշեց, որ ըստ ամենայնի՝ այդ անձը ամուսնու, Նիկոլայ Բաղդասարյանի կողմից է ուղարկված եղել և կոպիտ գոռացել է Սիլվարդի դստեր վրա․ «Անցնելու տե՞ղ ա, որ անցնում եք, ֆայմը ո՞ւր ա»։

Այս ողջ ընթացքում, երբ հիշյալ անձը վիրավորել է էմոցիոնալ ծանր վիճակում գտնվող Սիլվարդի դստերը, գլխավոր հերոս Հռիփսիմե Գրիգորյանը մեքենայից այդպես էլ չի իջել:   

Կայքի հետ զրույցում Սիլվարդի դուստրը հաստատեց այդ դրվագը, ապա նշեց․
«Ամեն Նոր տարուն մամաս մեր տանն էր լինում, միասին նշում էինք, ու մամայիս ասում էի, որ միայն առողջ լինի։ Մամաս էլ ասում էր, որ միայն թե տասը տարի էլ ապրի ու տեսնի թոռներն ինչպես են տեղավորվում։ Մենք էլ ասում էինք՝ «մի երեսուն տարի էլ ապրես»։ Այս ցավն ինձ ներսից հոշոտում է, իսկ ինքն անպատիժ ապրում է, ուրախ ժպիտը դեմքին Նոր տարին կդիմավորի, երեխաներին էլ կպատմի, թե ինչ լավ մայր ա, որ անպատիժ իր կյանքն է վայելում»։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ–ականի կինն այնքան «զբաղված է», որ անգամ հրաժարվել է ներկայանալ հարցաքննության, որից հետո քննիչը ստիպված կայացրել է նրան բերման ենթարկելու որոշում, սակայն, Հռիփսիմե Գրիգորյանը դրան էլ չի ենթարկվել, և միայն տուժող կողմի փաստաբանի միջնորդությամբ մեղադրանք առաջադրելուց հետո պարտադրված ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտե: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  բացակայելու արգելքը։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ Հռիփսիմե Գրիգորյանը պատրաստվում է սեփական կլինիկան բացել և թերևս զբաղված է հենց այդ հաճելի հոգսով:

MediaHub-ի տեղեկություններով՝ փորձաքնննությունը դեռ չի ավարտվել։

Բայց սա էլ դեռ ամենը չէ. ամենաուշագրավն այն է, որ այսքանից հետո վրաերթի ենթարկած կողմը տուժողի դստեր դեմ, ում աչքի առաջ մորը վրաերթի են երթարկել, և նա չի փրկվել, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Մեզ մնում է հիշեցնել, որ նախկին պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանի անունը ևս կապվում է աղմկահարույց մի միջադեպի հետ: Այդպես, 2020 թվականի մայիսի 11-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացին արագ ընթացող հեծանիվով սլացել էր այն ժամանակ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողքով։ Եվ ընդամենը մեկ օր անց հեծանվորդ Արթուր Ալեքսանյանը դատախազի ցուցումով ձերբակալվել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее