Տարբեր կարծիքներ կան, թե ինչպես պետք է պատասխանել ադրբեջանական հայատյաց և խիստ ռազմատենչ հռետորաբանությամբ քարոզչությանը: Մասնագետների մի մասը գտնում է, որ այդպիսի բիրտ, «կացնային» հարձակումներին պետք է տրվեն ադեկվատ պատասխաններ, իսկ որոշ դեպքերում դրանք նույնիսկ պետք է գերդոզավորված մատուցել: Նման «ճակատային» քարոզչությունը ունի իր առավելությունները, սակայն զերծ չէ նաև թերություններից, որը նախևառաջ արտահայտվում է ազերիների հետ նույն հարթության վրա հայտնվելու` մեզ համար ոչ շահեկան հեռանկարից: Մեծ հաշվով, նրանց ուզածն էլ հենց դա է` տեղափոխել մեզ ուժի սպառնալիքի և գործադրման տոտալ քարոզչության դաշտ: Իսկ սա մեզ համար անընդունելի է, քանի որ ամբողջապես հակասում է Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքներից մեկին` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը: Այս առումով որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ պահպանելով այս սկզբունքը, իրականում թուլացնում ենք ներքին մոբիլիզացիայի հնարավորությունները: Անկախ նրանից, թե որքանով է հիմնավոր տվյալ վարկածը, այս փուլում միանգամայն անհեռատես են թվում քարոզչության մարտավարության մեջ կտրուկ շրջադարձային փոփոխությունները: Դրանք զգալիորեն կթուլացնեն մեր դիրքերը բանակցային գործընթացում, էլ չենք խոսում տարաբնույթ արկածախնդիր նկրտումների և էմոցիոնալ պոռթկումների մասին, որոնք խիստ անլուրջ կդարձնեն մեր փաստարկների ամբողջ բազան: Սա, ըստ էության, արձանագրում են նաև այն մասնագետները, որոնք մերժում են ազերիների քարոզչությանը տոն տալու և այդպիսով նրանց ջրաղացին ջուր լցնելու ապաշնորհ քայլերը: Այս առումով շատերը ներկայում գտնում են նաև, որ փափուկ և չափավոր արձագանքելու մոտեցումը ավելի սանձարձակ է դարձնում մեր հակառակորդին, նամանավանդ, որ միջազգային հանրությունն էլ ադրբեջանական ցանկացած լկտի ու զազրելի արարքին կամ ռազմատենչ հայտարարությանը պատասխանում է մեզ ու նրանց ուղղված ոչինչ չասող, տրաֆարետային և լղոզված կոչերով:
Այս իրողությունների համատեքստում պետք է արձանագրել, որ որոշ փոփոխություններ մեր քարոզչական մարտավարության մեջ, այդուհանդերձ, առկա են: Դրանք, ըստ էության, պահպանում են մեր քարոզչության բոլոր առավելությունները, բայց միաժամանակ միտված են հակառակորդին զսպելուն և միջազգային հանրությանը ուղղված հստակ մեսիջներ են պարունակում: Հատկանշական է, որ այս մոտեցումը բավականին ցայտուն և առարկայական արտահայտվել է նախագահ Սարգսյանի ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավոր Սեիդովի Ադրբեջանի տարածքների 20 տոկոսն օկուպացնելու վերաբերյալ տրված հարցի պատասխանում. «… նախ խորհուրդ կտայի թարմացնել աշխարհագրության մասին ձեր գիտելիքները. այդ դեպքում ձեր պատկերացումները հաստատ կփոխվեն… պետք չէ ռազմական գործողություններ սկսել և հետո բողոքել օկուպացիայից: Եթե դուք նորից ռազմական գործողություններ սկսեք վաղը կխոսեք 25-30 տոկոս օկուպացիայի մասին: Պետք չէ ռազմական գործողություններ սկսել»: