▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հերոսի մոր ուղերձը` հայ զինվորին

44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ուղերձ է հղել հայ զինվորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Դեռ տարիներ առաջ, երբ Մխիթարս դպրոցական էր, մենք միասին նամակ–շարադրություն գրեցինք հայ զինվորին։ Եվ երբ որդիս զորակոչվեց, ես այս նամակը հաճախ էի կարդում, հուզվում էի, ժպտում, հպարտանում։ Ցավոք, այսօր այս նամակը կարդալիս միայն հուզվում եմ։ Այս նամակն արդեն գրում եմ որդուցս հետո․

«Բարև հայ զինվոր, քեզ գրում և իր սրտի խոսքն է փոխանցում մի մայր, ով իր ամենաթանկն է նվիրել հայրենիքին։ Հայոց բանակում ծառայելը մեծ պատիվ է, հուսով եմ, որ դու գիտակցում ես՝ ինչքան մեծ պատասխանատվություն է հայրենիքին ծառայելը, բանակի ուժը զինվորի խիզախության մեջ է։

Քո նման տղաների շնորհիվ է, որ գլուխներս հանգիստ դնում ենք բարձին, մեր բոլորի անվտանգությունը ձեզ է վստահված։ Ուզում եմ, որ դու պատվով ծառայես, խաղաղ ծառայես, ողջ–առողջ վերադառնաս հայրենի օջախ։

Զինվո՛ր, որդի՛ս, միայն բանակի զգոնությունն է, որ երկրին ուժ է տալիս, ուժեղ ու հզոր բանակը քո երկրի գոյության երաշխիքն է։ Հիշի՛ր, երբեք խաղաղություն մուրալով հայրենիք չես պահի, խաղաղությունը պարտադրում են զենքով, ուժով, գիտելիքով ու մեր երկրի համար նահատակված հերոսների օրինակով։ 

Հիշե՛ք, մեր ազգը երբեք չի եղել «ազգ–նահատակ», մենք եղել ենք «ազգ–հաղթանակ», մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, մենք ունենք գերեվարված Արցախ աշխարհ, մեր մեջ, ձեր մեջ երբեք չպետք  է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հույս, որի համար շատ լավ սերունդ, ոսկե սերունդ իր կյանքը չխնայեց։ Չխնայեց, որովհետև նրանք Չաուշի, Անդրանիկի Նժդեհի, Ավոյի, Թաթուլի, Դուշմանի  սերունդն են։ Չխնայեցին, որովհետև գիտակցեցին, որ թիկունքում հայրենիքն է, հայրը, մայրը, քույրը, եղբայրը։ Նրանք ընկան, որովհետև չթողեցին ընկերոջը։

Հայոց բանակի խիզախ զինվոր, արդեն 4 տարի է, ինչ «շնորհավոր Ամանոր» նախադասությունն ասում եմ Եռաբլուրում, բայց այսօր ես բացառություն կանեմ ու քեզ կասեմ․ «Զինվո՛ր, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող այն խաղաղությամբ գա, թող որ այն հայրենիքս մաքրի չարից ու չարիքից, թող որ այն հայի համար լինի հաղթանակի, հպարտության, բարգավաճման տարի, թող երկրի երեսից վերանան բոլոր տեսակի զենքն ու զինամթերքը։ Զինվո՛ր, խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ քեզ ցանկանում։ Ես հավատում եմ քեզ՝ «Հայոց բանակի» զինվոր»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее