▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ հետ` հավերժ ներկայությամբ. Շնորհավոր ծնունդդ, Մոնթե…

«Ես երդում տված եմ և կպատկանիմ մեկ մարդու. այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս անգամ չեմ խնայի:

Ես երդում տված եմ».

Մոնթե

 

56 տարի առաջ` այս օրը, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա ավանում, նախնյաց բնօրրանը հեռվում թողած ու նոր օջախ հիմնած Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում ծնվեց Մոնթեն... Ու երևի նախախնամությամբ նրան վիճակված էր դառնալ լեգենդ, հերոս, իր անունը դրոշմել մերօրյա պատմության ամենափառահեղ էջերում ու սերունդների սրտերում...

Արյան կանչը օտարության մեջ ծնված հայորդուն բերեց Արցախ....Արցախի ազատության վեհ գաղափարի համար ապրեց, անմահացավ...

Աներևակայելիորեն լուսավոր էր Մոնթեն.  ու լույսի նման ապրեց, վառվեց, բոցկլտաց… հրամանատար էր ու զինվոր` միշտ ամենավտանգավոր կետերում…

Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը լավագույնս են նկարագրում Մոնթե հրամանատարի ու մարդու  կերպարը.

«Գոնե ինձ համար ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում: Պատերազմի մեջ, թե պատերազմից դեսը ինձ հայտնի հրամանատարները իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով և այլն: Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակն ազնվությամբ: Պատկերացրեք 30-40 տարեկան ֆիդայի, զինվոր` Էքզյուպերիի Փոքրիկ իշխանի ազնվությամբ ու պարզությամբ…այս կերպարի դեմ խաղ չկա.սա իր հետևից բանակներ կարող է տանել: Կուզեի, որ Դանկոյի սիրտը գրված չլիներ, նյութը փչացրել են, իսկ կերպարը Մոնթեին շատ է բնորոշ«:

Եվ այսպես` լեգենդար զորահրամանատար, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, հրապարակախոս, հնագետ  Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին:

Իր արտակարգ մտավոր ունակություններով Մոնթեն փայլում էր դեռ մանկուց: Որպես ուսման մեջ հաջողությունների հասած աշակերտ` նրան ուղարկել են Ճապոնիայում ուսանելու:  1969 թվականին, երբ Մոնթեն 12 տարեկան էր, ընտանիքով ճամփորդել են` լինելով նաև Արևմտյան Հայաստանում… միայն այդ տարիքում Մոնթեն առաջին անգամ գիտակցեց, որ հայ է…

1978-ին ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժինը: Իսկ ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը:

1978 թվականի աշնանը  Մոնթեն մեկնել է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։

 Մոնթեն 1991- ի սեպտեմբերին մեկնեց Արցախ։ 1992-ին`Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը։

Սկզբնական շրջանում նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր, սակայն կարճ ժամանակում` իր մաքրությամբ, ազնվությամբ ու աննկարագրելի մարդկային որակներով գրավեց բոլորի սրտերը: Իսկ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։

Մոնթեի ղեկավարած ցանկացած ռազմագործողություն մի հերոսապատում է…

1993-ի հունիսի 12-ին ընդատվեց նրա` անկասելի թվացող  թռիչքը…

Մոնթեի մասին բոլոր պատմություններն այսօր անհավատալի են թվում… ու թվում է` իսկապես լեգենդի մասին է խոսքը:

Այսօր էլ Մոնթեն մեզ հետ է…Նա միայն ֆիզիկապես հեռացավ` այսուհետ հավերժ ներկա լինելու համար...   ընդամնեը մի խոսք, մի հուշ, ու լեգենդը  ապրում է` իր հավերժ ներկայությամբ…

Շնորհավոր ծնունդդ, Մոնթե…

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее