▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մնալու է այս զարմանք երկիրը՝ «այս Հայաստան վախը» և տխուր-ցնծալի մեր կյանքը...

Աղվան Վարդանյանի խոսքը իր՝ «Ելք երկրից» բանաստեղծական  ժողովածուի շնորհանդեսի ժամանակ, 14 մայիս 2014թ.

 

                                            Արդարացում

 

            Մի կարճ բան էլ ես պիտի ասեմ: Այսքան տարբեր՝ ինձ մինչև ոսկորները ճանաչող, իմ դրսերևույթին  միայն  հետևած, նաև՝ ինձ լրիվ անծանոթ մարդկանց ներկայությամբ: Այն էլ՝ բանաստեղծության բերումով: Միակ տարբերակը ինքս ինձ խոսելն է, իբր ոչ ոք չկա: Մանավանդ՝  հասկացված լինելը անպտուղ ցանկություն է:      

            Չորս-հինգ տարեկանում, հորաքրոջս շնորհիվ, էպոսի թումանյանական մշակումը ծայրեծայր գիտեի ու արտասանել եմ օրը մի քանի անգամ: Այդ խոսքն է մարմինս ու ոգիս կառուցել:

            Յոթ-ութ տարեկանում, Նախիջևանի մեր Գեմուր գյուղի սալքարերին պառկած, մի օր ճշգրիտ տեսել եմ՝ ինչպես է երկրագունդը պտտվում: Այդ ապրում-հիշողությունը ընտրված լինելու դրոշմ եմ համարել: Մնացածը այս տեղանքն ու այս կյանքն է՝ քարից բխող լույս, հայոց լեզու, ընկերներ, կանայք, քաղաքականություն, գինի, հաց, մեղքեր:

            Պարտք, պատիվ, պատասխանատվություն:

            Այս գրքում, գիտեմ, մի քանի բացարձակ, բացարձակին մոտ բանաստեղծություն կա: Դրանք ես եմ գրել: Ու այդ ինքնավստահությամբ էլ բախտ եմ համարել Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Հրանտ Մաթևոսյանի, Ալեքսեյ Մատվեիչի, Սոս Սարգսյանի, Տիգրան Մանսուրյանի հավասար ընկերությունը:

            Այս գրքի դժվար տպագրությունը արեցի, որ բանաստեղծությամբ մի անգամ էլ առնչվեմ իմ Տերյանին, Մեծարենցին,  Թումանյանին, Չարենցին:

            Ու նաև՝ Աշոտ Ավդալյան, Վազգեն Սարգսյան, Վրեժ Իսրայելյան, Հրաչյա Բեյլերյան, Լևոն Խեչոյան՝ այլևս երկրից ելած իմ գրչակից եղբայրներին:

            Մենք բոլորս ելնելու ենք երկրից: Սա ես ասում եմ այստեղ ներկա իմ հոգեկից ընկերներին, բայց նաև յուրաքանչյուրիդ՝ անկախ ով՝ ինչով է ապրում, ով՝ ինչ է թողնելու: Մեզ մնալու է այս զարմանք երկիրը՝ «այս Հայաստան վախը» և տխուր-ցնծալի մեր կյանքը:

             Իսկ կյանքից բարձր մի բան կա՝ զվարթ-ճշգրիտ գիտություն բանաստեղծությունը:

            Որ իմ արդարացումն է: Որ շունչն է Աստծո:        

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее