«…Հայրիկյանն իր հանրահավաքների շարքով, կամա թե ակամա, լեգիտիմացնում է սեպտեմբերի 3-ի որոշումը՝ այդպիսով մեծագույն ծառայություն մատուցելով իշխանությանը։ Դա Հայրիկյանի մոտ այնքան էլ վատ չի ստացվում, եթե հիշենք նաև այս տարվա նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցած մահափորձից հետո նրա ցուցաբերած վարքագիծը»,–գրում է «168 ժամ» թերթը։
Միանգամայն համաձայն եմ թերթի հարգարժան խմբագրի հետ՝ կասկածի տակ, իհարկե, չառնելով, նաև Պարույր Հայրիկյանի անկեղծությունը։
Ինձ էլ հաճախ հարցնում են, թե ակտիվ գրելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ՝ ինչո՞ւ ակտիվ հրապարակային գործողություններ չես նախաձեռնում։
Այն նույն մտահոգությամբ, ինչի մասին այսօր բարձրաձայնել է թերթը։
Ցավոք, չեմ նկատում, որ եվրաինտեգրացիայի կողմնակից ուժերը միավորվելու, զանգվածային ակցիաներ կազմակերպելու կարողություն, պոտենցիալ ունեն։
Կամ այդ ուժերը չունեն հասարակական աջակցություն, կամ էլ՝ հասարակությունն՝ իր մեծամասնության մեջ, հետաքրքրված չէ եվրոպական արժեքներով։
Կա, իհարկե՝ երրորդ տարբերակ. մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկանում էին ինտեգրվել Եվրոպային՝ դա արել են անհատական մակարդակով՝ ընտանիքներով լքելով հայրենիքը։
Այս համատեքստում՝ Մաքսայինի դեմ հանրահավաքը հավաքում է մի քանի տասնյակ, մի քանի հարյուր մարդ՝ հնարավորություն տալով, որ իշխանությունն արդարացնի իր «դարակազմիկ» որոշումը, ռուսական քարոզչամեքենան թմբկահարի հայերիս անսահման նվիրումն ու սերը ռուսական ցարի հանդեպ։
Մենք՝ քաղաքական գործիչներս ենք մեղավոր, որ մեր հասարակության մեծամասնությունը մնացել է սովետում, էդ սովետի մենթալիտետով էլ՝ իշխանության բերելով «նժդեհացած» կոմսոմոլներին։
Իմ սխալի համար հատուցելու են իմ զավակները։
Ես դիսիդենտ չեմ(նրանց շատ հարգելով հանդերձ)՝ անկախ երկրի քաղաքացի եմ, ըստ այդմ՝ հրապարակային ակցիան ինձ համար սոսկ միջոց է ու ոչ՝ նպատակ։
Որպեսզի աշնանը բերք հավաքես, պետք է ճգնես գարնանն, ամռանը։
Որպեսզի երևանյան «Եվրոմայդան» ունենաս, ամիսներ, տարիներ շարունակ՝ քո հարևանին, ընկերոջը, շրջապատին պետք է համոզես, որ մեր քաղաքակրթական ընտրությունն Եվրոպան է։
Ու դա պետք է բացատրեն մարդիկ, որոնց արժեհամակարգի ու վարքագծի հիմքում՝ եվրոպական, համամարդկային աժեքներն են՝ համոզմունքով ու ոչ թե՝ գրանտների ուժով կամ «պետպատվերով»։
Միտինգ անեմ, որ ինչ անեմ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet