Այսօր «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում՝ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ: Քննարկման բանախոսներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Վրաստանից տեսազանգի միջոցով քննարկմանը մասնակցեցին Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ներկայացուցիչ Կախա Գոգոլաշվիլին և «Վրաստանի բարեփոխումների աջակիցներ» կազմակերպության աշխատակից Էլեն Խոշտարիան:
Վրաստանի քաղաքական կյանքում վերջին շրջանում նկատվում է միտում, երբ իշխանությունը չի կառչում իր իշխանությունից: Նախագահ Սահակաշվիլին հանձնում է իշխանությունը: Վարչապետ Իվանիշվիլին ևս ասում է, որ պատրաստ է հեռանալ: Այս դիտարկումն արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:
Մյուս երկու միտումը, որոնք քաղաքագետը նկատել է Վրաստանում, նախագահի իշխանության ինստիտուտը, իշխանության կենտրոնացումը թուլացնելու փորձն է և Ռուսաստանի հետ հարաբերությունները մեղմելու, ընդհանուր կետեր փնտրելու փորձը:
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ընտրությունների արդյունքում Վրաստանը սկզբունքորեն չի փոխում Եվրոպային և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր առաջնահերթությունը: Ընտրություններին մասնակցող հիմնական բոլոր երեք թեկնածուններն էլ ունեն դեպի Եվրոպա գնալու առաջնահերթություն: Քաղաքագետը համոզված է, որ իրավական պետություն կառուցելու համար պետք է Եվրոպայի ուղղությամբ գնալ:
«Վրաստանի բարեփոխումների աջակիցներ» կազմակերպության աշխատակից Էլեն Խոշտարիայի կանխատեսմամբ՝ մինչ ընտրությունները ուժերի հարաբերակցությունը կտրուկ չի փոփոխվի՝ չնայած նրան, որ վրաց հասարակությունը հակված է էմոցիոնալ որոշումների, պոռթկումների:
Իսկ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ներկայացուցիչ Կախա Գոգոլաշվիլին նշեց, որ վրաց հասարակությունն այնքան էլ կայուն չէ՝ կանխատեսելի լինելու առումով. կանխատեսել կարելի է մասամբ, բայց ոչ ամբողջությամբ: Հանրության տրամադրությունների վրա, օրինակ, կարող են ազդել տնտեսական կտրուկ անկումը, ազգային արժույթի անկումը:
Էլեն Խոշտարիան նշեց, որ սրանք ոչ միայն նախագահի ընտրություններ են, այլև կառավարման համակարգի փոփոխության ընտրություններ: Խոշտարիայի խոսքով՝ այսօր Վրաստանն իսկապես ունի հնարավորություն՝ ունենալու ուժեղ խորհրդարան, որը կնպաստի ժողովրդավարությանը երկրում:
Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ տվյալ ընտրությունները լակմուսի թղթի նման ցույց կտան, թե որքան աջակցություն ունի «Վրացական երազանքը»:
Քննարկման ընթացքում անդրադառնալով նրան, թե որ ուժի օգտին կքվեարկեն Վրաստանի ազգային փոքրամասնությունները՝ Կախա Գոգոլաշվիլին կանխատեսեց, որ փոքրամասնություններն իրենց ձայնը կտան իշխող կուսակցությանը՝ հուսալով, որ ավելի մեծ ուշադրության կարժանանան:
Մինչդեռ Ջոնի Մելիքյանը, ով վերջին մի քանի ամսում եղել է Աջարիայում, Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, կարծիք հայտնեց, որ հետխորհրդային շրջանում առաջին անգամ Վրաստանի հայ համայնքն ունի տարաձայնություններ այս առումով: Եթե նախկինում համայնքի 70 տոկոսը քվեարկում էր իշխող կուսակցության օգտին, ապա 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը փոխվել է, մեծացել է նաև ընդդիմության կողմնակիցների թիվը:
Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարեց, թե քանի թեկնածու է սկսում հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների մրցապայքարը: Նախագահի պաշտոնի համար պայքարող 54 դիմողից 23-ին է հնարավորություն տրվել մասնակցել նախընտրական պայքարին: Մնացած 31 դիմողների հայտերը մերժվել են տարբեր պատճառներով: Գրանցված թեկնածուներից 10-ին առաջադրել են քաղաքական միավորումները, իսկ 13-ին՝ նախաձեռնող խմբերը:
Հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների արդյունքում նախագահ կընտրվի հնգամյա ժամկետով:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնել և հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն:
Քննարկումն իրականացվել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որը գործում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ: