«Ամեն անգամ Կառավարության նիստում պտի ասենք՝ 4 հոգի կամ 100 հոգի ինչ-որ բան ա ասո՞ւմ: Ինձ մի՛ ասեք՝ ով ա խանգարում: Գնացե՛ք՝ լուծեք»,- դիմելով Առողջապահության նախարարությանը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Խնդիր եմ դրել, գնացե՛ք՝ լուծեք: Վատ ա պատվաստման թվերը, որևէ մեկից չբողոքեք: Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի»,- ընդգծեց նա՝ անդրադառնալով հակապատվաստումային արշավների վերաբերյալ Անահիտ Ավանեսյանի բարձրացրած հարցին:

Շարունակելով՝ վարչապետը դիմեց իրավապահ կառույցներին. «Կեղծ պատվաստումների մասին էլ ահազանգ չլսե՛մ. ձերբակալե՛ք, կալանավորե՛ք: Էդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց, ու պատվաստանյութը փչացնում, խիստ միջոցներ ա պետք ձեռնարկել... Հո կառավարությունը չի կարա գա նստի, ասի՝ վա՜յ, խանգարում են պատվաստումային գործընթացին»:
«Ինչի՞ ենք բողոքում, որ ինչ-որ մարդիկ խոչընդոտում են պատվաստման գործընթացը: Կա պետության պարտավորություն, վարչական լծակները գործադրե՛ք. պատվաստումը պետք է գնա առաջ: Ինձ մի՛ ասեք՝ ով ա խանգարում, ով չի խանգարում»,- ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Անահիտ Ավանեսյանի բարձրացրած մտահոգությանը:
Նշենք՝ պատվաստումների հետ կապված, Առողջապահության նախարարը տեղեկացրել էր, որ կան անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված, քաղաքացիներին շփոթության մեջ են գցում ու անհիմն վախեր ներշնչում:
Փաշինյանը նաև արձագանքել էր, որ․ «Երբ մարդիկ կորոնավիրուսից սկսեցին մահանալ, մահերը վերցնում էին ու քաղաքական շահարկման առարկա դարձնում: Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն՝ Կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ: Էս ա նրանց ուզածը»։
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։


