Օրեր առաջ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյանիր էջում հայտարարություն է տարածել ստեղծված մի աբսուրդ վիճակի մասին: Կրթության փորձագետը, մասնավորապես, գրել էր. «Մի աբսուրդ վիճակի մասին: Դպրոցներում ԿԳ նախարարի հրամանով արգելել են վաճառել աշխատանքային տետրերը, հասկանալի է: Երևանի վարչական տարածքների կրթության բաժինների պաշտոնյաները տետրերի հետ արգելել են մանկապարտեզներին գնել Կրթության ազգային ինստիտուտի հրատարակած «Նախաշավիղ» ամսագիրը, որն ուղղված է մանկապարտեզների դաստիարակներին՝ որպես մեթոդական ուղեցույց: Ամսագրի տարածմանը խոչընդոտող պաշտոնյաներն արդյոք հասկանո՞ւմ են աշխատանքային տետրերի դպրոցում վաճառելու արգելքի ու մանկապարտեզին անհրաժեշտ մեթոդական ամսագիրը ձեռք բերելու տարբերությունը: Մանկապարտեզների դաստիարակները տարիներ շարունակ ամսե-ամիս սպասում են «Նախաշավիղի» նոր համարին: Նրանց վերադաս պաշտոնյաների ուշադրությունն եմ հրավիրում այս անհեթեթ արգելքի վրա»:
ASEKOSE.am-ի թղթակիցը, փորձելով ճշտել, թե արդյո՞ք ԿԳՆ-ն արգելում է «Նախաշավիղ» ամսագրի վաճառքը, զրուցեց է Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ: Վերջինիս պատասխանեց, որ աշխատանքային տետրերի վաճառքը, իսկապես, արգելվել է, բայց ինչ վերաբերում է «Նախաշավիղ»-ին, ներկայում այն առաքվում է բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին անվճար և որևէ արգելք չկա:
«Նախաշավիղի» հետ կապված ԿԳՆ-ն որևէ խոչընդոտ չի ստեղծել: Վաճառքի արգելքների հետ կապված ՝ պետք է ճշտել քաղաքապետարանից, հնարավոր է, իրենք են խոչընդոտներ ստեղծում»,- նշեց Ն. Հովհաննիսյան:
Խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանին ուղարկված հարցմանը ի պատասխան՝ Աշխատակազմի հանրակրթության վարչությունից ASEKOSE.am-ին տեղեկացրին, որ քաղաքապետարանը չի արգելում պարբերականի ձեռքբեումը համապատասխան կետերից:
Այսպիսով, այն հարցը, թե ով է արգելում մանկապարտեզներում «Նախաշավիղի» վաճառքը, մնաց թելից կախված, բայց այն, որ դա համապատասխանում է իրականությանը, արձանագրած փաստ է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի կողմից: