2020 թ. Յունուարի 5 ին իրականացրինք մեր աւանդական արշաւը, մէկ օրում այցելելով Կոմիտասի ան. Պանթեոն, Եռաբլուր եւ Ծիծեռնակաբերդ:
Արշաւի հիմնական նպատակներից է տարբեր տարիքի եւ հետաքրքրութիւնների տէր մարդկանց իրար հետ ծանօթացնելն ու Հայկական մշակույթի, ազգային-ազատագրական պայքարի նուիրեալների, ինչպէս նաեւ Հայկական հարցի, մեր պահանջատիրութեան եւ Ցեղասպանութեան հետեւանքների վերացման գաղափարների շուրջ համախմբելը:
Ըստ աւանդոյթի հանդիպեցինք Պանթեոնում, խօսեցինք մեր ազգի մտաւորականութեան մասին, յիշատակեցինք, որ հենց այդ այգում 1966 թ. Ապրիլի 24 ին Կոմիտասի շիրիմին ծաղիկներ դնելու համար ձերբակալուեց նկարիչ Հայկազ Խաչատրեանը, ով հենց այդ օրը Երեւանի բանտում հիմնադրեց ԱՄԿ (Ազգային միացեալ կուսակցութիւն) անունով ԽՍՀՄ -ում գործող բացառիկ անկախական շարժումը, որն իր վերջնական նպատակին հասաւ 1991 թ. Սեպտեմբերի 21 -ին:
Յաջորդ կանգառն Եռաբլուրն էր, այցելեցինք մեր հերոսներին, մտանք մատուռ եւ մեքենաներով ուղեւորուեցինք դէպի Ծիծեռնակաբերդ:
Սկզբից ծաղիկներ դրեցինք Սումգայիթի, Բաքուի եւ Գանձակի ցեղասպանութեան զոհերին նուիրուած խաչքարներին, յետոյ կանգ առանք ազգային հերոս, ԱԻՄ հիմնադիրներից Մովսես Գորգիսեանի մօտ: Պատմեցի Մովսեսի քաղաքական հայեացքների եւ մեր Հայրենիքի անկախութեան վերաբերեալ իր յոյսերի ու ձեռնարկած քայլերի մասին, որի բարձրակէտն էր 1988 թ. Մայիսի 28 -ին Օպերայի հրապարակում մեր եռագույնի ծածանումը: Ինձանից յետոյ խօսք ասաց նաեւ Մովսեսի եղբորորդի, ԱԺ պատգամաւոր, Լուսաւոր Հայաստան կուսակցութեան անդամ Գեւորգ Գորգիսեանն, ով պատմեց իրենց ընտանիքի պատմութիւնը եւ մի քանի հետաքրքիր փաստ հերոսի մասին: Այդ պահն իր խօսքով աւարտեց երիտասարդ բանաստեղծ Արա Արտազը, ինչից յետոյ քայլեցինք դէպի Մեծ Եղեռնի յուշարձան, իջանք կրակի մօտ, միքիչ լռեցինք: Միաձայն էինք այն հարցում, որ մեր եղեռնազոհ մտաւորականներն այսօր թերագնահատուած են Հայաստանում եւ դա օրակարգային հարց է: Այդ թեմայով խօսեց նաեւ «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարեանը: Ամբողջ արշաւի ընթացքում մեզ հետ էին նաեւ ԼՀԿ անդամ, ԱԺ պատգամաւոր Սրբուհի Գրիգորեանը, հասարակական գործիչ Վազգէն Մնացականեանը, երգչուհի Աննա Մովսեսեանը եւ լրագրող, բանաստեղծ Լուսին Ղազարեանն, ով մի գեղեցիկ յօդուած գրեց իր կայքում մեր արշաւի մասին: Արդէն երկրորդ տարին անընդմէջ մեր նախաձեռնութիւնը սկզբից միչեւ վերջ լուսանկարեց մեր ընկեր Արամ Կարապետեանը, ինչի համար շատ շնորհակալ ենք իրեն: Օրուայ վերջում ընդգծեցինք նման ձեւաչափի կարեւորութիւնը եւ պայմանաւորուեցինք միւս տարի նոյն նպատակով կրկին հանդիպել:
Նախաձեռնութեան հեղինակ, Տիր հայագիտական կենտրոնի հիմնադիր Դաւիթ Աղաջանեան


