▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինի հիշեցումն ակնարկ է ՀՀ իշխանություններին»

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պուտինի հարցազրույցը
Գիշերը ծայրից ծայր դիտեցի Ռուսաստանի նախագահի հարցազրույցը և դրա մասին «Դոյչե Վելլե»-ի, «Դոժդ»-ի ու մի քանի այլ լրատվամիջոցների մեկնաբանությունները:
Պուտինի պնդումը, որ Ուկրաինան արհեստական կազմավորում է, հիշեցրեց մեկ այլ նախազգուշացում, որ մի քանի անգամ արել է Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին 2018 թվականի ապրիլից հետո, ի մասնավորի՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ընթացքում:
Պուտինը չի ասում, որ Հայաստանը արհեստական կազմավորում է, բայց պնդում է, որ Հայաստանի հիմնադրման հիմքում Հայկական մարզն է, որ ձևավորվել է 1828-ին:
Կրեմլի պաշտոնյաները պատահական չեն անդրադառնում պատմական դեպքերին: Նրանք դրանով փորձում են հիշեցնել, որ եթե չլիներ ցարական Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավումը/ազատագրումը շուրջ 200 տարի առաջ, ապա հավանական է, որ այսօր Հայաստանի անկախ Հանրապետություն չէր լինի:
Այս հիշեցումը ակնարկ է ՀՀ իշխանություններին, որ եթե նրանք ՀՀ-ն փորձեն դուրս բերել ռուսական ուղեծրից, ապա կպատժվեն:
Այս մասին 2018-ի աշնանը հոդված եմ գրել»:

Հոդվածը կարող եք կարդալ ստորև․ 

Հայաստանի ապրիլյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, ի թիվս երկկողմ և բազմակողմ դիվանագիտական հարցերի, նախընտրում են անդրադառնալ նաև պատմությանը, մասնավորապես՝ ինչպես է ձևավորվել այսօրվա Հայաստանի Հանրապետությունը:

Կրեմլի պաշտոնյաները պատահական չեն անդրադառնում պատմական դեպքերին: Նրանք դրանով փորձում են հիշեցնել, որ եթե չլիներ ցարական Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավումը/ազատագրումը շուրջ 200 տարի առաջ, ապա հավանական է, որ այսօր Հայաստանի անկախ Հանրապետություն չէր լինի:

1045 թվականի Բագրատունիների թագավորության անկումից հետո Հայկական լեռնաշխարհի Արևելյան Հայաստանի հատվածում հստակ սահմաններով ձևավորված առաջին հայկական վարչական միավորը Հայկական մարզն էր (Армянская область), որը անկախ չէր և մտնում էր Ռոմանովների Ռուսաստանի կայսրության մեջ: Հայերի՝ արևելահայերի նպատակն էր ստեղծել ինքնավար պետություն ռուսական գերիշխանության ներքո: Այդ ցանկությունը Նիկոլայ Առաջին ցարը մասամբ իրականացրեց:

Երբ ռուսները պարսիկներից գրավեցին Անդրկովկասը, տարածաշրջանը ենթարկվեց վարչական բաժանումների՝ Վրացական մարզ, Կասպյան մարզ, Հայկական մարզ: Վրացական մարզը մոտավորապես համապատասխանում է ներկա Վրաստանի տարածքին: Վրացական մարզի մեջ ներառվել էին նաև այսօրվա Հայաստանի մաս կազմող Լոռիի և Տավուշի շրջանները, ներկա Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածը՝ Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեկի, Գյանջայի շրջանները:

Այսօրվա Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածը, ինչպես նաև Արցախը Ռուսաստանին միացվել է ավելի վաղ՝ 19-րդ դարի սկզբին:

Հայկական մարզը` ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, կազմված էր նախկին Երևանի և Նախիջևանի խանություններից, որոնք Ռուսաստանին անցան 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով: Նախքան Ռուսաստանին միանալը, այս երկու խանություններում բնակչության թիվը կազմում էր շուրջ 120 հազար մարդ՝ հայեր և մահմեդականներ (պարսիկներ, քրդեր, թուրքեր): Գոյություն ունեին միայն երեք քաղաքներ՝ Երևան, որն ուներ գրեթե 10 հազար բնակչություն, Նախիջևան՝ ավելի քան 4.000 և Օրդուբադ՝ շուրջ 3.000:

Հայկական մարզի բնակչությունը արդեն 1830-ին անցավ 160 հազարից՝ շնորհիվ Պարսկաստանից և Թուրքիայից հայերի ներգաղթի և բնական աճի:

1840-ին ցարը վարչական նոր բաժանում կատարեց: Հայկական մարզը վերացվեց և մտցվեց նորաստեղծ Վրաց-իմերեթական նահանգի մեջ: Կասպյան մարզին միացվեց Դաղստանի մի մասը և ստեղծվեց Կասպյան նահանգը: 1845-ին կատարվեց նոր բաժանում: Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և կազմվեց Քութայիսի նահանգը, իսկ Կասպյան մարզի բաժանվեց Շամախիի և Դերբենտի նահանգների: 1849-ին Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և ստեղծվեց Երևանի նահանգը, որը համապատասխանում էր Հայկական մարզի տարածքին:

1860-ական թթ. Երևանի նահանգի բնակչության թիվը անցավ 260 հազարից, որի շուրջ կեսը հայեր էին:

Ռուսաստանը 1868-ին Անդրկովկասը հերթական անգամ ենթարկեց վարչական բաժանման: Շամախիի նահանգը կիսվեց Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների: Այսպիսով՝ Անդրկովկասում գոյություն ունեին վեց նահանգներ՝ Քութայիսի, Թիֆլիսի, Դաղստանի, Բաքվի, Ելիզավետպոլի և Երևանի: 1870-ական թթ. սկզբներին Երևանի նահանգում բնակչության թիվը արդեն անցնում էր կես միլիոնից, որից 55 տոկոսը կազմում էին հայերը: Հայերը հսկայական թիվ էին կազմում Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահանգներում:

Ռուս-թուրքական 1877-78 թթ. պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Կարսն ու Բաթումը, Անդրկովկասը բաժանվեց նոր վարչական բաժանման և այդ բաժանումը պահպանվեց մինչև 1917-18 թթ., երբ կործանվեց Ռոմանովների 300-ամյա կայսրությունը, իսկ Անդրկովկասը անկախացավ:

1878-1918 թթ. Անդրկովկասում գոյություն ունեին հետևյալ վարչական միավորները՝ նահանգները՝ Քութայիսի, Բաթումի, Կարսի, Երևանի, Թիֆլիսի, Ելիզավետպոլի, Բաքվի, Դաղստանի և մեկ շրջան՝ Զաքաթալայի:

1918-ի մայիսին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց շուրջ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: 1920-1921 թվականներին այն խորհրդայնացվեց ռուս բոլշևիկների ու թուրք քեմալականների հարվածների ու սպառնալիքների տակ, իսկ 1922-ին կցվեց Խորհրդային Միությանը նախ որպես Անդրկովկասյան Դաշնության մաս, ապա և որպես համամիութենական հանրապետություն 1936-ից:

Այսօր՝ 2018-ին, Հայաստանի Հանրապետությունը տարածվում է գրեթե 30 հազար քառակուսի կիլոմետրի, իսկ միջազգայնորեն չճանաչված, իրականում և փաստացի Հայաստանի մաս կազմող Արցախը՝ շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետրի վրա:

Թաթուլ Հակոբյան

1918թ սեպտեմբեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее