Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչի՞ց են վախեցած, էլ դուք ի՞նչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Բոլոր բիզնեսմենները վախեցած են։ Ես չեմ հասկանում՝ ինչի՞ց են վախեցած։ Էլ դուք ի՞նչ ունեք կորցնելու, բացի ձեր «շղթաներից»,- ասել է Կարապետյանը՝ նկատի ունենալով իշխանության հետապնդումները՝ գործարարների նկատմամբ։
Չնայած այդ ամենին՝ բոլորին սթափեցնել, արթնացնել է պետք, նշել է Կարապետյանը։
«Բոլորին պետք է արթնացնենք։ Դա կոչվում է հայրենասիրություն։ Իրոք, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Նա հավելել է՝ ինքն էլ շատ լավ, բարեկեցիկ կյանքով է ապրել, բայց երբ տեսել է՝ ինչ է կատարվում երկրում, ստանձնել է դա փոխելու պարտավորությունը։
«Ես տեսա, որ մեր երկիրը տանում են կործանման, թրքացման, ոչնչացնում են մեր ինքնությունը»,- ասել է Կարապետյանը։
Իշխանության այսօրվա գործելաոճին անդրադառնալով՝ Կարապետյանը նշել է՝ ամեն ինչ փոխվելու է։
«Սրանք ուզում են երգել-պարելով՝ երկիր կառավարել։ Սրանց միայն փորները կուշտ լինի, տակները՝ չոր, ու մի անորակ երաժշտություն միացնեն։ Տպավորություն են ստեղծում, թե երկրում ամեն ինչ շատ լավ է, մնացել է երգելն ու պարելը։ Բայց իրենք սխալվում են, մենք շատ համառ ենք, շատ ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասել է Սամվել Կարապետյանը։
***


