ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը աշխատում են քաղաքական լայն օրակարգի ձևավորման վրա: Խորհրդարանում այս 4 ուժերի արդյունավետ համագործակցության տեսանկյունից, լայն օրակարգի ձևավորումը մի կողմից կարող է արդյունավետ միջոց լինել` ԱԺ մեծամասնության և առհասարակ, կառավարության դեմ առավել համախմբված պայքարի համար, սակայն մյուս կաղմից, փոքր ինչ դժվար է պատկերացնել լայն օրակարգի ձևավորման հնարավորությունը:
Նեղ իմաստով, տարբեր օրինագծերի կամ նախաձեռնությունների շուրջ ԱԺ ոչ իշխանական ուժերն ապացուցել են միասնական ճակատով պայքարելու կամքի մասին, սակայն լայն օրակարգի ձևավորումը բարդ է այն առումով, որ ամեն դեպքում ոչ իշխանական ուժերից ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն որոշակի թելերով կապված է նույն իշխանության հետ:
Բացի նրանից, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը տարբեր առիթներով հայտարարել է նախագահի հետ հանդիպելու ու տարբեր թեմաներով քննարկումներ ունենալու մասին, ՀՅԴ ներկայացուցիչներն ակնհայտորեն իշխանության հետ համագործակցում են հատկապես արտաքին քաղաքական օրակարգի շուրջ: Եվ պատահական չէ, որ ՀՅԴ ընդգծված դեմքերից Վահան Հովհաննիսյանը Եվրոպայի առաջատար երկրներից մեկում` Գերմանիայում, ներկայացնում է Հայաստանը: ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ դիվանագիտական գործունեություն է իրականացնում նաև մի շարք այլ երկրներում` նաև այլ կարգավիճակներով (Հրայր Կարապետյանն էլ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս նշանակվեց):
Լավ է, թե վատ, դա հարցի միայն մի կողմն է, այստեղ էականն այն է, որ ՀՅԴ-ն իշխանության հետ որոշակի հարցերում համագործակցում է և լայն օրակարգի դեպքում, ինչը ենթադրում է նաև կառավարության հրաժարական, իշխանափոխություն (որն առաջ է քաշում հատկապես ՀԱԿ-ը), ՀՅԴ-ն ակնհայտ վերապահումներ կունենա:
Նույնն այլ երանգավորմամբ վերաբերում է ԲՀԿ-ին, որը բավականին մեծ քաղաքական և տնտեսական ռեսուրսների է տիրապետում, սակայն ոչ միայն անցյալով, այլ ներկայով կապված է իշխանության հետ: Միայն այն հանգամանքը, որ ԲՀԿ ղեկավարը հայտարարում է, որ իր ղեկավարած կուսակցությունը չի կարող ընդդիմություն լինել, նշանակում է, որ կան գործոններ (որոշակի հարցերում պայմանավորվածությունների, փոխադարձ կոմպրոմիսներ ձևով), որոնք թույլ չեն տալիս ԲՀԿ-ին հանդես գալ առավել կոշտ դիրքերից: Խոսքն առավելապես վերաբերում է ամբողջական իշխանափոխության գաղափարին, իսկ ինչ վերաբերում է կառավարության ու հատկապես վարչապետի հրաժարականին, ապա այս հարցը ևս բազմաթիվ նրբություններ է պարունակում:
Համարենք` վարչապետը հրաժարական տվեց և նրա փոխարեն նշանակվեց մեկ այլ ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ի վստահությունը վայելող գործիչ: Իսկ այս դեպքում ի՞նչ միասնական մոտեցումներ կներկայացնեն ոչ իշխանական ուժերը. ՀԱԿն անկասկած կպնդի, որ դա հաջողության ճանապարհին մեծ ձեռքերում է, իսկ մյուսները՞… Խնդիրը կոնկրետ անձնանց մեջ է, թե՞… Կան մի շարք կարևորագույն քայլեր, որոնց մեկ քայլ առաջն արդեն իսկ անորոշություն է ստեղծում, ինչը լայն օրակարգի ձևավորման հարցը սպառնալիքի տակ է դնում:
Որքան էլ լայն օրակարգի ձևավորման նախաձեռնության մասին ակտիվորեն խոսում է հենց ԲՀԿ քարտուղարը, ակնհայտ է, որ լայն օրակարգի ձևավորման հարցում ԲՀԿ-ն ևս ընդգծված վերապահումներ կունենա:
Առավել անորոշ վիճակ է «Ժառանգության» դեպքում, սակայն այստեղ խնդիրը ոչ թե իշխանության հետ տարբեր թելերով կապվածության հարցն է, այլ այն, որ փաստացի ԱԺ-ում, «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում է Ռուբիկ Հակոբյանը, խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ` Թևան Պողոսյանը, խմբակցության անդամ է, սակայն կուսակցական չէ, իսկ խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը գերադասել է առաջիկա 5-6 ամիսների իր ժամանակը ծախսել կրթության վրա` մեկնելով ԱՄՆ: «Ժառանգության» ցուցակում խորհրդարան մուտք գործած մյուս երկու պատգամավորներին` Խաչատուր Քոքոբելյանին ու Ալեքսանդր Արզումանյանին պետք է դիտարկել այլ հարթությունում. չնայած նրանց ոչ պակաս ակտիվ գործունեությանը, նրանք առավել ակտիվ զբաղված են կուսակցաշինությամբ` նոր ՀՀՇ-ն դեռևս ձևավորման փուլում է, իսկ նրանց անհնար է ասոցացնել «Ժառանգության» հետ: Նրանց առավել շատ կապում են տարաձայնությունները, քան միասնական մոտեցումները:
Լրիվ այլ է իրավիճակի ՀԱԿ-ի դեպքում. կուսակցությունը, որն առավելապես հանդես է գալիս արմատական դիրքերից, ԱԺ-ում այդ առումով դաշնակից չունի, քանզի եթե ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն ևս տրամադրված լինեին նման պայքարի, ապա ԲՀԿ-ն վաղուց հանդես կգար որպես ընդդիմություն, իսկ ՀՅԴ-ն առհասարակ որևէ ֆորմատով իշխանության հետ համագործակցության չէր գնա:
Փաստերի ու իրադարձությունների համադրումը պարզորոշ ցույց է տալիս, որ լայն օրակարգ ձևավորելու` ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունն ապագա չունի:
Ուրիշ բան, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը «լայն օրակարգի ձևավորման» ներքո առաջ քաշեն «քաշային առումով» առավել փոքրամասշտաբ խնդիրներ, որոնք ձևակերպման առումով առավել ամբիցիոզ կներկայացվեն, սակայն իրական հարթությունում` դրանք կսահմանափակվեն լոկալ պայքարով: