Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը․ Արղության փողոցում սեփականության իրավունքով կառուցված շենքի սեփականատեր Դավիթ Ահարոնյանը տևական ժամանակ է չի կարողանում օրինականացման գործընթաց սկսել։

Թերթ.am-ն է գրում ու նշում է, որ փաստաբանների խոսքով՝ ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Դավիթ Ահարոնյանը սեփական տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվություն ստանալուց հետո սկսել է շինարարական աշխատանքներ իրականացնել, շինարարության ավարտից հետո, սակայն, պարզ է դարձել, որ առկա են որոշ նախագծային շեղումներ։
«Դրանք վերացնելու նպատակով՝ Ահարոնյանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ամբողջ շինությունը ինքնակամ ճանաչելու և օրինականացման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այստեղից էլ սկսվել է արհեստական խոչընդոտների մի ամբողջ շղթա։ Համապատասխան դատական ակտերը առկա են, իրավունքի իրացման բոլոր օղակները սպառված, քաղաքապետարանը, սակայն, հրաժարվում է այս ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել։
«Վարչական դատարանը գտել է, որ հայցվոր Դավիթ Ահարոնյանն իրավացի պահանջ է ներկայացրել և բավարարել է հայցադիմումը՝ պարտավորեցրել է Երևանի քաղաքապետին, որ Դավիթ Ահարոնյանին տրամադրի ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ որոշում։ Քաղաքապետարանը վերաքննիչ բողոք է տարել, Վերաքննիչ դատարանը ևս գտել է, որ դատարանն իրավացիորեն է հանգել, որ հայցը ենթակա է բավարարման և վճիռը թողել է անփոփոխ։
1 տարի հնարավոր բոլոր միջոցներով դիմել ենք, գրություններ ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան, խնդրել ենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը կատարել։ Շուրջ 1 տարի է դատական ակտի պահանջը չի կատարվում»,-ասաց փաստաբան Արմեն Օհանյանը։
Երևանի քաղաքապետարանը չի կատարել նաև ԴԱՀԿ ծառայության որոշումները, ուստի, Օհանյանի խոսքով, իրենց ոչինչ չէր մնում, քան Երևանի քաղաքապետարանի նկատմամբ քրեական հետապնդման դիմելը, ինչը և արել են։
Փաստաբանները միջնորդություններ են ներկայացվել ինչպես քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձան , այնպես էլ Երևանի քաղաքապետին հարցաքննելու վերաբերյալ, միջնորդություները բավարարվել են, սակայն մինչ այս պահը չեն հարցաքննվել ոչ քաղաքապետը և ոչ էլ համպատասխան պաշտոնատար անձիք։ Փաստաբանները քննիչի անգործության մասին դիմում-բողոքներ են ներկայացրել Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն։
Ըստ Դավիթ Ահարոնյանի փաստաբանների՝ Երևանի քաղաքապետարանի անգործության հետևանքով ոտնահարվել են իրենց վստահորդի իրավունքները, նրան պատճառվել է զգալի նյութական վնաս, և չնայած դրան՝ Երևանի քաղաքապետարանը շարունակում է չնկատելու տալ բոլոր ատյանների դատարանների կողմից իրեն ուղղված դատական ակտերը»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։
Լուսանկարում՝ փաստաբան Արմեն Օհանյանն է։


