Արամ Հարությունյանը հանելու է իր թեկնածությունը. ավելի վաղ արված իր այս հայտարարությունը նախագահի դեռևս թեկնածուն կրկին հաստատել է այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Արամ Հարությունյանն աննպատակ է համարում քարոզարշավ իրականացնելը, քանի որ վստահ է` ընտրությունները կեղծվելու են: «Իրենք ձև են անում, թե իբր ինքնամոռաց քարոզարշավ են անում: Թող սև փիառ չհնչի, բայց թեկնածուներից մեկը գնում է Գորիս, մասնակցում է Համոյի թաղմանը և հարազատները զարմանում են, թե ինքը ինչ կապ ունի, հետո գալիս է հոգեհացի, իսկ Գորիսում ընդունված է, որ միայն հարազատներն են արտահայտվում հոգեհացին, բայց այդ թեկնածուն հայրենասիրական ճառ է ասում: Եթե բոլորը հասցնեն մասնակցել բոլոր թաղումներին ու հարսանիքներին, կապ չունի՝ սա մրցակցային ընտրությունների իմիտացիա է»,-ասել է Արամ Հարությունյանը՝ ավելացնելով, թե խոսքը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է. թեպետ, ինչպես մամուլի ասուլիսին ներկա լրագրողները նկատեցին, քարոզարշավի ընթացքում նա դեռ չի հասցրել լինել Սյունիքի մարզում: