Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու պաշտոնական ազդանշանը տրվել է։ Դիւանագիտական ներկայացուցիչների ընդհանուր հաւաքի առիթով թե՜ նախագահ Գյուլի եւ թէ՜ վարչապետ Էրդողանի ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրար եւ համարյ՜ա միեւնույն բովանդակությունն ունեն:
Այսպես. նշելով, որ շուտով լրանում է առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը, և հավանականություն կա, որ Թուրքիան միջազգային օրակարգ կգա բացասական լույսի ներքո, Գյուլը կարևորել է համապատասխան աշխատանքների կատարումը: Նա, մասնավորապես, հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և երևա դրական լույսի ներքո:
Մինչ վարչապետը, իրեն հատուկ ոճով եւ տոնայնությամբ միեւնույն ուղերձն է փոխանցել։ Նա խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայկական սփյուռքի նախաձեռնությունների մասին: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվականի կայքի փոխանցմամբ` էրդողանը նշել է, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականը միակողմանի ներկայացնել և վերածել քաղաքական արշավի: «Այդ սև քարոզչության առաջ մենք ամուր կանգնելու ենք»,- ասել է Էրդողանը:
Ըստ նրա` Թուրքիայում փորձեր եղել են սրբագրել պատմությունը, այլ կերպ ներկայացնել, սակայն թուրք ժողովուրդը սուտ պատմության մոլորության մեջ չի ընկել։
Եթե նախագահն ու վարչապետը ուղղակի հարյուրամյակն ակնարկելով հանձնարարություններ են փոխանցում Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաներին, ապա այդ ոլորտը ղեկավարող արտգործնախարարը տարբեր ոճ եւ մարտավարություն է որդեգրել։ Երեւանի Սեւծովյան համաժողովից ի վեր նա շարունակում է կենտրոնանալ հայ-թուրքական հարաբերությունների վերաձեռնարկման հնարավոր ուղիների վրա, չմոռանալով իհարկե Բաքվի բաժինը։ Դաւութօղլուն իր աճպարարական ասելաձեւերում չի մոռանում նաեւ Սփյուռքը ` թուրքական Սփյուռքի նշանաւոր տեսությունը տարբեր առիթներով կրկնելով։
Թուրքական ներիշխանական դերերի բաշխման պատկերը մոտաւորապես հետեւյալն է պարզում. մինչ Գյուլ-Էրդողանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակը վերածում են Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա պայծառացնելու առիթի, թուրք արտգործնախարարը «թուրքական Սփյուռքի» տեսության գործնականացման բեմագրություններ է սեւագրում։ Պարզ է տրամաբանությունը։ Այսօրվա Հայկական սփյուռքը շառաւիղն է Օսմանյան կայսրության նախկին քաղաքացի հայերի. ուրեմն նրանք «անմարդկայնորեն տեղահանվածներ» ժառանգորդներն են, որոնց իրաւունք է տրվում վերդառանալու իրենց երկիրը։ Աւելին. ոչ միայն վերադառնալու, այլ վերատիրանալու իրենց ունեցվածքներին, կալվածքներին, կամ հատուցում ստանալու այդ բոլորի դիմաց։ Բնականաբար, անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդները առաջին հերթին պետք է վերականգնեն իրենց քաղաքացիությունը եւ վերջին հերթին իրաւականորեն հաստատեն, թե իրենց իրաւունքները լրիւ ստացել են, այս դեպքում իրենց անմարդկայնորեն տեղահանածների ժառանգորդներից։
Էրդողանի համոզմամբ Թուրքիայի դեմ սեւ PR իրականացնողները Դաւութօղլուի բանաձեւումով անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդներն են, որոնք հրաւիրում է իր պաշտոնյան։
Երկու այս մոտեցումների արանքներում, թվում է թե Անկարան պիտի շարունակի իրականցնել սեւ PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ։ Իսկ սա Գյուլ-Էրդողան-Դաւութօղլուի եռյակի համոզմամբ պիտի պայծառացնի Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր