▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեղուտում կա խնդիր, այդ մասին զգուշացրել ենք, Ամուլսարում չկա խնդիր, դա փաստում ենք. Հարցազրույց ամերիկյան փորձագետների հետ

«Վալլեքս» ընկերությունը հրապարակել էր հաղորդագրություն, որը փաստում էր, որ անցյալ տարվա՝ 2018թ. հուլիսից  ՀՀ կառավարությունը զգուշացվել է, որ Թեղուտի պոչամբարը փլուզման վտանգի առաջ է, և այն չի կարելի վերագործարկել: Երեկ «Վալլեքսն» արեց ըստ էության բացառիկ հայտարարություն. հանքի պոչամբարը կարող է փլուզվել ամեն պահի՝ խլելով մարդկային կյանքեր, այդ մասին կան միջազգային փորձագետների զեկույցներ, սա իրական վտանգ է, որն անտեսել է ՀՀ կառավարությունը և թույլ տվել հանքի վերագործարկումը: 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է 168.am-ը  ու մանրամասնում.

Սրան զուգահեռ՝ Ամուլսարի դեռևս գոյություն չունեցող հանքի ճանապարհներն արդեն մեկ տարի փակ են՝  խափանելով ընդամենը շինարարության ընթացքը, որը նույնիսկ տեսականորեն որևէ վտանգ չէր ներկայացնում: Կառավարությունը արդեն մեկ տարի փորձաքննում է Ամուլսարը՝ փորձելով հայտնաբերել տեսական վտանգներ, այն դեպքում, երբ Թեղուտի շրջակա համայնքների վրա կախված է գործնական վտանգը, որի մասին ահազանգում է հենց «Վալլեքսը», և կարծես կառավարության և համապատասխան նախարարությունների կողմից դիտավորալ անտեսվում է:

Հետաքրքիր է նաև Ամուլսարի դեմ կատաղի պայքարի ֆոնին բնապահպանական հանրույթի համեմատական պասիվությունը: Ամուլսարի դեմ տարատեսակ ակցիաների ֆոնին, Թեղուտի փլուզվող պոչամբարի վտանգի դեպքում ակտվիստական հանրույթը սահմանափակվեց այդ մասին ամերիկյան Global Resource Engineering-ի մասնագետի հարցազրույցը տարածելով: Ընդ որում, երբ նույն ընկերության մեկ այլ մասնագետ Ամուլսարի մասին դրական եզրակացություն էր տալիս, ակտիվիստները նրան մեղադրում էին «վաճառված» լինելու մեջ:

Անցյալ շաբաթ կայքի հրապարակած ««Բնապահպանական» փարիսեցիություն» հոդվածին ի պատասխան՝ որոշ ակտիվիստներ մեկնաբանեցին, թե նույն կազմակերպության տարբեր մասնագետներ կարող են տարբեր կարծիք ունենալ:

 

 

 

Որպեսզի փարատվեն բոլոր կասկածները, կայքը  գրավոր հարցեր Է ուղղել Global Resource Engineering կազմակերպությանը և ստացել բացառիկ համատեղ պատասխաններ, թե՛ Ամուլսարի ծրագրի համար հետազոտություն արած Լարրի Բրեքենրիջից, թե՛ Թեղուտում հետազոտություն արած  Դեյվիդ Հալմանից: Մնում է տեսնել՝ արդյոք այս հարցազրույցը կտարածե՞ն նույն այդ ակտիվիստները:

– Ամուլսարի ծրագիրն ակտիվստների կողմից շրջափակման հետևանքով այս պահին դադարեցված է: Ձեր ընկերությունն այն կազմակերպություններից մեկն էր, որն աշխատել է Ամուլսարի շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի վրա: Նախկինում ասել եք, որ Ամուլսարը նախագծվել է բնապահպանական չափանիշերին համապատասխան: Ինչպե՞ս եք գնահատում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը և արդյոք շարունակո՞ւմ եք պնդել, որ Ամուլսարն անվտանգ նախագիծ է:

– Global Resource Engineering-ը (GRE) ներգրավված է եղել Ամուլսարի ծրագրում 2014 թվականից: Մենք ակտիվ մասնակցել ենք ջրի որակի վրա ազդեցության հետ կապված բնապահպանական հետազոտություններին: Կարող ենք վստահությամբ ասել, որ կանխարգելման ու մեղմացման միջոցառումները, որոնք նախատեսված են 2016 թվականի Բնապահպանական ազդեցության գնահատականում, լիովին ապահովում են թե՛ շրջակայքի, թե՛ տարածաշրջանային ջրերի պաշտպանությունը աղտոտումից: Ամուլսարը անվտանգ հանք կլինի: Աշխարհում հարյուրավոր անվտանգ ոսկու հանքեր կան, և այն բոլոր ռիսկերը, որ կան Ամուլսարի պարագայում (ցիանիդի կիրառում, թթվային դրենաժի հավանականություն), հատուկ են հանքարդյունաբերությանը: Ու քանի որ դրանք սովորական խնդիրներ են, ռիսկերը կառավարելու լավ մշակված գործիքակազմը վաղուց գոյություն ունի:

– Ի՞նչ կարծիք ունեք Ամուլսարում այս նոր փորձաքննության մասին: Այն կարո՞ղ է կասկածի տակ դնել ձեր կատարած աշխատանքի որակը:  

– Կարևոր է հիշել, որ Ամուլսարի Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատականը արդեն իսկ միջազգային փորձաքննության է ենթարկվել՝ Ամուլսարի ֆինանսավորման հաստատումից առաջ: Այս աշխատանքը (Ամուլսարի բնապահպանական նախագծումը) արդեն իսկ հաջողությամբ անցել է հանքարդյունաբերության բնապահպանական ազդեցության գնահատման ոլորտում աշխարհի առաջատար փորձագիտական կազմակերպությունների մանրակրկիտ զննությունը: Այս նոր փորձաքննությամբ վերանայվելու է այդ աշխատանքը՝ պակաս  փորձառու կազմակերպության կողմից: Հնարավոր է, որ նրանք մեր աշխատանքը քննադատեն, բայց մենք վստահ ենք մեր գիտական փաստարկների ամրության վրա և կարծում ենք՝ ինչ խնդիր էլ որ նրանք բարձրացնեն, կարող ենք քննարկել և պատասխաններ տրամադրել:

– Այսինքն, համոզվա՞ծ եք, որ Ամուլսարի նախագծումը արվել է միջազգային չափանիշերով, և ռիսկերը հնարավոր է վերահսկել:

– Այո, Ամուլսարը նախագծվել է ժամանակակից ստանդարտներով: Օրինակ, Ամուլսարը առաջին հանքն է, որ մինչև շինարարության ավարտն արդեն իսկ անցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախահավաստագրումը: Սա ամենաբարձր չափանիշն է, որին կարող է համապատասխանել ծրագիրը ցիանիդի անվտանգ կառավարման առումով: Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը համապատասխանում է Էկվատորյան (հավասարեցման) չափանիշերին: Սա հավաստում է, որ Ամուլսարը նախագծված  է ժամանակակից չափանիշերով:  Միջազգային չափանիշերը, որի մասին խոսում ենք, ստեղծված են նման ծրագրերի ռիսկերը նվազեցնելու համար: Դրանք նախանշում են մի շարք միջոցառումներ ու ձևաչափեր, որոնց պետք է հետևեն հանքարդյունաբերական ընկերությունները՝ ռիսկերը պատշաճ գնահատելու և կանխարգելելու  համար:

– Հենց այդ առումով հետաքրքիր է, որ ձեր ընկերությունը աշխատել է և՛ Ամուլսարի, և՛ Թեղուտի ծրագրում: Վերջերս Դեյվիդ Հալմանը հարցազրույց տվեց հայկական մամուլում՝ մտահոգություն հայտնելով Թեղուտի պոչամբարի վերաբերյալ, որի գնահատումը նաև ձեր ընկերությունն էր արել: Շատ ակտիվիստներ տարածեցին այս հարցազրույցը, երբ նախկինում Ամուլսարին ձեր ընկերության տված դրական գնահատականի դեպքում՝ նրանք մեղադրում էին ձեզ կողմնակալության մեջ: Այսինքն՝ երբ գնահատականը բացասական է, բնապահպանները վստահում են ձեզ, իսկ երբ դրական է, օրինակ՝ Ամուլսարի դեպքում, նրանք մեղադրում են ձեզ կողմնակալության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երկակի ստանդարտներին, և արդյոք սա հատո՞ւկ է նաև այլ երկրներին:

– Կողմնակալության մեջ մեղադրանքը հիասթափեցնող է: Global Resource Engineering-ը հավատարիմ է գիտությանը: Եթե գիտական ապացույցներ կան, որ որևէ նախագիծ ռիսկային է, ապա մենք բարձրաձայնում ենք դա, ինչպես, օրինակ՝ Թեղուտի դեպքում: Երբ կան գիտական ապացույցներ, որ նախագիծը ռիսկերի պատշաճ կառավարում ունի, ինչպես, օրինակ, Ամուլսարի դեպքում, մենք դա ասում ենք: Թեղուտի պոչամբարը միանշանակ՝ անվտանգ չէ: Մենք նախազգուշացնող նշանները տեսել էինք:

Մենք աշխատում էինք «Վալլեքս» ընկերության հետ նմուշարկման ծրագրի շրջանակներում և իրականացրեցինք ոլորտի չափանիշերին համապատասխան գիտական գնահատում: Այն ցույց էր տալիս, որ պոչամբարի շահագործումը պետք է դադարեցնել, մինչև հնարավոր լինի իրականացնել ամրացման աշխատանքներ: Սա անձնական կարծիք կամ կողմնակալություն չէ, սա գիտական փաստ է:

Մինչդեռ Ամուլսարում գիտական փաստերը հակառակն էին ցույց տալիս: Բավական մեղմ թթվային դրենաժի ռիսկը հնարավոր է կառավարել, Ամուլսարը պոչամբար չունի (նրանց կողմից կիրառելիք տեխնոլոգիան պոչամբար չի նախատեսում), և նրանք ունեն ազդեցությունները պատշաճ կառավարելու հնարավորություն:

Որպես Միացյալ Նահանգներում պրոֆեսիոնալ ինժեներներ և Կանադայի օրենսդրությամբ Որակավորված մասնագետներ (QP), Global Resource Engineering-ի մասնագետները կաշկանդված են օրենքով և էթիկայի կանոններով և կարող են ենթարկվել տուգանքների, քրեական պատասխանատվության կամ զրկվել լիցենզիայից: Մենք պարտավորված ենք գործել էթիկական նորմերի համաձայն և ներկայացնել մեր հետազոտությունների իրական արդյունքները: Հենց այս պատճառով էլ վերջերս հարցազրույց տվեցինք հայկական մամուլում:

– Կարծում եք՝ Թեղուտի խնդիրը լուծելի՞ է:

– Այո, կա պարզ լուծում: Պետք է սկսել նոր պոչամբարի շինարարություն՝ գործող պոչամբարից վերև ազատ տեղամասում: Սա հնարավորություն կընձեռի շահագործել հանքը և ունենալ աշխատատեղեր: Միևնույն ժամանակ՝ գործող պոչամբարի վտանգները հնարավոր է մեղմացնել:

 – Կարծում եք՝ հանքարդյունաբերությունը հնարավո՞ր է իրականացնել անվտանգ, և ո՞րն է, ձեր կարծիքով, հանքարդյունաբերության նման բացասական ընկալման պատճառը:

– Իհարկե, հանքարդյունաբերությունը հնարավոր է իրականացնել անվտանգ: Դրա օրինակները կան Միացյալ Նահանգներում ու ամբողջ աշխարհում: Նևադայում կան բազմաթիվ ոսկու հանքեր, որոնք, ի դեպ, ցիանիդ են կիրառում և գործում են զգայուն տարածքներում: Ես (Դեյվիդ Հալմանը) աշխատել եմ հանքային ծրագրերում ԱՄՆ Ալյասկա նահանգում, որոնք անվտանգ գործում են իշխան ձկնատեսակով հարուստ ջրային հոսքերի մերձակայքում: Չիլին լավ օրինակ է, որտեղ հանքարդյունաբերությունը տնտեսության հիմքն է, և կա աշխատող բալանս՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և տուրիզմի միջև:

Անշուշտ, հանքարդյունաբերության բացասական ընկալումը հիմքեր ունի: Պատմականորեն այն իրականացվել է հանքի թափոնների կառավարման ցածր ստադարտներով: Մենք շատ ենք ճամփորդել Հայաստանով և տեսել ենք գործող ու չգործող հանքեր, որոնք չեն համապատասխանում չափանիշերին: Մենք տեսել ենք վատ կառավարվող թափոններ, թթվային դրենաժ ու ոչ անվտանգ պոչամբարներ:

Այս տարի GRE-ն Հայաստանում գրասենյակ հիմնեց ժամանակակից հանքարդյունաբերական չափանիշերը Հայաստանում կիրառելու նպատակով: Հանքարդյունաբերության ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ են 21-րդ դարի գործիքակազմ, ինժեներական կարողություններ և կառավարման մեթոդներ: Դրանք այն լուծումներն են, որ անհրաժեշտ են Հայաստանին՝ առանց աղետների, զարգացող հանքարդյունաբերություն ունենալու համար:

Ցավալի է, որ Ամուլսարի ծրագիրը, որը այս մեթոդների առումով առաջատարն է, այժմ կանգնած է բողոքների պատճառով, ինչի անհրաժեշտությունը չկար: Սա շատ անարդար է և սխալ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее