▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոմ դը Վաալ ՝ «բողոքի ակցիաները Հայաստանում լուրջ բնույթ կստանան». azatutyun.am

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հարցազրույցը Վաշինգտոնում գործող «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, կովկասյան հարցերով փորձագետ Թոմ դը Վաալի հետ:

Հատված հարցազրույցից.



Թամրազյան. - Հայաստանի տնտեսությունը վատ վիճակում է, և իրավիճակը գնալով վատթարանում է նաև բնակչության արտագաղթի, ես կասեի` գաղթի պատճառով: Տասնյակ հազարավոր մարդիկ են լքում երկիրը ամեն տարի: Ձեր կարծիքով Հայաստանի կառավարությունը կարո՞ղ է այս խնդրի արդյունավետ լուծում գտնել, կարո՞ղ է այս հարցում Մոսկվան օգնել: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է կասեցնել այս արտագաղթը և տնտեսական անկումը:

Դը Վաալ. - Այս հարցը պետք է դիտարկել երկարաժամկետ և կարճաժամկետ հեռանկարների տեսանկյունից: Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը չի բարելավվի մինչև Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները չբացվեն և Հայաստանը չդառնա տարածաշրջանային շուկա, ենթակառուցվածքների և հաղորդակցության խաչմերուկ: Սա երկարաժամկետ հեռանկարի մասով, ինչը կախված է արտաքին քաղաքական մարտահրավերների լուծումից, և տնտեսությունը սրա հետ սերտորեն փոխկապակցված է:

Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարին` խնդիրն այն է, թե ինչպե՞ս առավելագույն կերպով օգտագործել առկա պոտենցիալը` հաշվի առնելով առկա իրավիճակն ու հնարավորությունները: Եվ իհարկե կան ինչ-ինչ քայլեր, որոնք կարելի է իրականացնել: Օրինակ, կարող եք ստիպել որոշ հարուստ օլիգարխների վճարել իրենց հարկերը, իրենց եկամուտներից մասնաբաժին հանել պետությանը, զարգացնել փոքր ձեռնարկությունները, վերացնել մոնոպոլիաները: Բայց այս ամենը նույնպես քաղաքական խնդիրների հետ է կապված, որովհետև խոսքը գնում է իշխանության ընկերների, բարեկամների, վստահելի քաղաքական հենարանի մասին: Սրանից պարզ է դառնում, որ Հայաստանի նախագահ հանդիսացող ցանկացած անձ մանևրելու բավական սահմանափակ հնարավորություններ ունի և հենց սա է պատճառը, որ Ռուսաստանը և այլ արտաքին խաղացողներ բավական մեծ լծակներ ունեն Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու առումով:

Թամրազյան. - Այսինքն, Ձեր կարծիքով, մոտ ապագայում հնարավոր չէ՞ ձերբազատվել օլիգարխիկ համակարգից, որը մեծ լծակներ ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարթությունում: Մենք ստիպված ենք լինելու առնվազն տեսանելի ապագայում հաշտվե՞լ սրա հետ:

Դը Վաալ. - Կարծում եմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին փուլում մենք տեսանք, որ նա փորձում է զգուշությամբ բարեփոխել համակարգը, առանց այն գլխիվայր շուռ տալու փորձերի: Նա փորձում էր բացել եվրոպականացման ուղին, սահմանափակել որոշ օլիգարխների իշխանությունը, միաժամանակ մնալով բուրգի վերևում, կառավարել համակարգը և պահպանել իշխանական լծակները: Կարծում եմ դա բավական բարդ «վիրաբուժական միջամտության» փորձ էր, և այն ձախողվեց, ինչպես տեսանք, որովհետև եվրոպականացման ճանապարհը նրա դիմաց փակեց Մոսկվան, գոնե առայժմ: Այնպես որ, իր պաշտոնավարման երկրորդ փուլում Սերժ Սարգսյանն ավելի սահմանափակ հնարավորություններ ունի: Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման տեսանելի հեռանկար չկա, ռուսները ավելի մեծ քաղաքական և տնտեսական ազդեցություն են ձեռք բերել… այնպես որ չեմ կարծում, թե նա կկարողանա փոխել համակարգը առանց իր սեփական իշխանությունը վտանգելու:


Թամրազյան. - Հայաստանում ոմանք կանխագուշակում են, որ շարունակվող արտագաղթը և տնտեսական ճգնաժամը պայթունավտանգ իրավիճակ են ստեղծում և հանգեցնելու են սոցիալական հուզումների: Ի՞նչ եք կարծում նման սոցիալական «պայթյունի» հնարավորության մասին 2014 թվականին, նման որևէ հնարավորություն տեսնո՞ւմ եք, ապստամբություն տեղի կունենա՞:

Դը Վաալ. - Հայերը ավանդաբար սոցիալական խնդիրների շուրջ ապստամբություն չեն բարձրացնում: Բացի այդ, էմիգրացիան նույնպես լարվածությունը թուլացնելու դեր է տանում` այն մարդկանց մի մասը, ովքեր կարող էին փողոց դուրս գալ ցույցի, գերադասում են լքել երկիրը: Այնպես որ կարծում եմ, որ մենք կշարունակենք բողոքի ցույցեր տեսնել Հայաստանում, և ինչպես ցանկացած հասարակության մեջ, դժվար է կանխատեսել, թե դրանք կոնկրետ ինչից կծագեն: Սակայն չեմ կարծում, որ դա կլինի սոցիալական խնդիրների շուրջ: Քաղաքական խնդիրն է, որ մարդկանց դուրս կբերի փողոց: Մենք կարող ենք կանխագուշակել անկանխատեսելին, որովհետև բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, մինչդեռ հիմնական ընդդիմադիր ուժերը ի զորու չեն եղել մոբիլիզացնել հասարակական դժգոհությունը: Բայց մենք կարող ենք ականատեսը դառնալ ինքնաբերաբար տեղի ունեցող մի իրավիճակի, երբ ինչ-որ մի կոնկրետ խնդիր մարդկանց դուրս կբերի փողոց և կգա մի պահ, երբ այդ բողոքի ակցիաները լուրջ բնույթ կստանան: Արդյոք դա տեղի կունենա 2014-ին` միգուցե ոչ, բայց մի օր դա կարող է Հայաստանում տեղի ունենալ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее