Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը, որի ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձրել է Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև անդրադարձել մինչև դեկտեմբերի 8-ի՝ սիրիական կառավարության հեռանալու պահը, տեղի ունեցած որոշ իրադարձություններին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը: Նախ, Թուրքիայի առաջնորդը խոսել է արդեն Սիրիայի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի վարած քաղաքականության մասին՝ նրան մեղադրելով երկրի ներսում առկա խնդիրները բռնությամբ, արյունահեղությամբ ու ճնշումներով լուծելու համար: Էրդողանի խոսքով, Ասադի և իր միջև կայացած հանդիպումներում Սիրիայի նախկին նախագահը պատմել է բարեփոխումներ իրականացնելու մասին, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: «Իր հետ ունեցած մեր բոլոր հանդիպումներում Ասադը մեզ բարեփոխում իրականացնելու մասին խոստում էր տալիս, բայց երբեք իր խոսքը չէր պահում»,- հավելել է նա: Բացի այդ, արդեն անդրադառնալով ներկայում Սիրիայում տիրող իրավիճակին, որպես Սիրիայում ամենամեծ խնդիր որակել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի»-ին (YPG): «Եթե Սիրիայի բնական ռեսուրսները զավթած YPG ահաբեկչական կազմակերպությունը չինքնալուծարվի և զենքերը վայր չդնի, չի կարողանա փրկվել ցավոտ ճակատագրից»,- սպառնացել է Էրդողանը: Հարկ է նկատել նաև, որ Էրդողանը չի մոռացել ակնարկել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին, իրենց որակմամբ, օգնություն տրամադրող կողմերի գոյության մասին: «Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից: Մենք մեր սիրիացի եղբայրների հետ միասին ամենակարճ ժամանակահատվածում կջախջախենք թե՛ DEAŞ-ին, թե՛ YPG-ին և թե՛ մյուս ահաբեկչական կազմակերպություններին»,-զգուշացրել է Էրդողանը: |
«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից». Էրդողան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet