Ես ընդունելի չեմ համարում վարչապետի հրաժարականի պահանջը
Գիտեմ, որ այս գրառումս շահարկումերի, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալու, այնուամենայնիվ՝ հարկ եմ համարում իմ տեսակետն արտահայտել վարչապետի հրաժարականի առթիվ վերջին շրջանում շրջանառվող պահանջի վերաբերյալ։
Բազմիցս հրապարակավ քննադատել եմ կառավարությանը, խոսել եմ տարբեր նախարարների, նաև՝ վարչապետի սխալների մասին։
Սակայն, զուտ քաղաքական առումով, անընդունելի եմ համարում Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը։
Այս գրառման մեջ կաբինետի գործունեության տնտեսական մասին չեմ անդրադառնա. սահմանափակվեմ միայն այն հանգամանքի մատնանշումով, որ գործող վարչապետի նշանակումը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, ինչն էապես սահմանափակեց կառավարության գործողությունների ազատությունը՝ սուբյեկտիվ դարձնելով նաև գործադիրի գործունեությանը տրվող գնահատականը։
Անդրադառնամ վարչապետի պաշտոնանկության պահանջն անընդունելի համարելու քաղաքական մոտիվներին։
Տիգրան Սարգսյանի հրաժարականի պնդումը խորհրդարանական ընդդիմությունը շրջանառու դարձրեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից հետո։
Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ Սարգսյանի հրաժարականի պահանջը քոչարյանական ռևանշիզմի ծրագրի մի դրվագն է, բաղկացուցիչը։ Ըստ այդմ՝ այդ հնարավոր պաշտոնանկությունը խորհրդանշելու է ոչ թե բարեփոխում, այլ՝ վերադարձ անցյալի քաղաքականություն, որը ոչնչացրեց քաղաքական համակարգը, հիմք դրեց քրեաօլիգարխիկ այսօրվա համակարգին։ Ի դեպ, կառավարության այսօրվա ղեկավարին հրապարակավ կամ պատերի տակ քննադատում են հենց օլիգարխները, նաև՝ խորհրդարանի ներսում, որովհետև՝ եթե իրականություն դառնան այն գաղափարները, որոնց մասին խոսում է Տիգրան Սարգսյանը՝ ի չիք են դառնալու նույն այդ համակարգի հիմքերը։
Ուզենք, թե՝ոչ, վարչապետը միակ բարձրաստիճան պաշտոնայան է, ով համակարգված իր պատկերացումները հայտնել է բարեփոխումների ռազմավարության մասին։ Այլ խնդիր է, որ ժամանակն է՝ տեսական դատողությունները վերածել առարկայական արդյունքի։
Վերցնենք պարտադիր կենսաթոշակային համակարգի խնդիրը. դա ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխում է, որովհետև չի կարելի հույսը դնել պետության խղճուկ ռեսուրսների, սերունդների համերաշխության թեզի վրա։
Խնդիրը՝ համակարգը չէ, այլ անվստահությունը պետության, նրա ինստիտուտների նկատմամբ։ Այստեղ կա իշխանության թերությունը, որն, անշուշտ, ենթադրում է ավելի գլոբալ պատասխանատվություն, քան՝ վարչապետի հրաժարականը։
Հաջորդը՝Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը տեղավորվում է նաև մոսկովյան որոշ շրջանակների կողմից Հայաստանին պարտադրվող «եվրասիական կապիտուլյացիայի» փաթեթի տրամաբանության մեջ։ Սարգսյանն որոշակի հեղինակություն ունի արևմտյան շրջանակներում, ինչը նրան չափազանց ինքնուրույն է դարձնում ռուսական որոշակի խմբավորումների աչքին։
Եվ վերջապես՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ավելի տպավորիչ կդարձնի իշխանության այն թևին, որի հիմնական հենարաննները խորհրդարանական գորշ մեծամասնությունն ու ստվերում զարգացող օլիգարխիան է։ Իսկ դա խիստ բացասական է՝ գալիք ընտրական ցիկլի համատեքստում։
Ահա այն պատճառները, որ ստիպում են դեմ լինել վարչապետի հրաժարականի պահանջին։