▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան

Բանաստեղծուհի, գործարար Արև Բալդրյանը գրել է. «10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են...
Ինձ ճանաչողները գիտեն` տարիներ ի վեր պայքարում եմ, որ գտնեմ այն իրական հեղինակներին, որոնց ստեղծագործությունները վերագրում են Սևակին ու ԱՆԽՆԱ տարածում... Ցավոք, մեր օրերում շատերը գրականությանը ծանոթանում են ոչ թե գրքերից, այլ` համացանցից` չհիմնավորված ու չստուգված տարբեր գրառումներից և տեսանյութերից։ Այս մասին բազմիցս խոսել եմ, իմ էջում կան բազմաթիվ նյութեր։
Եվ ամենացավալին այն է, որ առաջին սխալ տարածողներից հենց մշակույթի, արվեստի հետ կապ ունեցող մարդիկ են` ասմունքողներ, դերասաններ, հանրային դեմքեր...
Որոշեցի տարիներով կատարածս աշխատանքն ի մի բերեմ ու ամբողջացնելով հրապարակեմ, որպեսզի ավելի տեսանելի ու պատկերավոր լինի։ Նշեմ, որ բազմիցս տարբեր ստեղծագործությունների հետ կապված խոսել եմ Պարույր Սևակի թոռան` Սևակ Ղազարյանի հետ և ստացել նրա հաստատումը, որ դրանք Սևակի գրչին չեն պատկանում:
✅️1. «Ասում են կարոտը խոսել չգիտի...» - Այս բանաստեղծության հրապարակումը կարծես թե գալիս է 2016 թ-ից և առաջին սխալ տարածողներից մեկը հենց ասմունքող Աննա Եգոյանն է։ Եվ սա միակ ստեղծագործությունը չէ, որ Աննան սխալ տարածում է, հաջորդիվ ևս մեկը կներկայացնեմ։ Բազմիցս փորձել եմ (են, ենք) նրան զգուշացնել, բայց ապարդյուն, իր էջում, բեմից ասմունքելիս նա շարունակում է հնչեցնել Սևակի անունը որպես հեղինակի (դե այդպես մեծ լսարան է հավաքում «Սևակապաշտների»... Մյուս հանրային դեմքն, ով էլի սխալ տարածում է Հրանտ Ղազումյանն է։ Նրան շատ եմ հավանում իր տավուշյան համուհոտով տեսանյութերով, բայց հաճելի կլինի, որ ավելի ուշադիր լինի նման հարցերում։ Անձամբ չեմ զգուշացրել, բայց կփորձեմ գրել, տեղեկացնել։ Իրական հեղինակին դեռ չեմ գտել, բայց շնորհակալ կլինեմ յուրաքանչյուր աջակցության համար։
✅️2. «Թե գնում ես, այնպես գնա...» - Սա ևս այն բանաստեղծություններից է, որ Աննա Եգոյանը համառորեն տարածում և հնչեցնում է Սևակի անվամբ։ Երկար պրպտումներից հետո գտա իրական հեղինակին, այս մասին առանձին գրառում էլ ունեմ։ Նա Վարդան Հակոբյանն է: Վարդանը, կարծես թե, դեռ համեստություն է անում և չի պայքարում իր հեղինակային իրավունքի համար: Հուսամ, նա էլ առաջիկայում քայլեր կձեռնարկի:
✅️3. «Ես քեզ սպասում եմ, գիտեմ չես գալու...» - Իրական հեղինակը Սեդա Ղարիբյանն է, ով ապրում է ԱՄՆ֊ում և ում հետ ծանոթացա տարիներ առաջ։ Սեդան և ստեղծագործում է, և երգում:
✅️4. «Դու ես մեղավոր, որ ես մենակ եմ...» - Կրկին հեղինակը Սեդա Ղարիբյանն է
✅️5. «Պիտի մրսես, որ հասկանաս...» - Սա ևս ամենատարածվածներից է։ Այս բանաստեղծության հեղինակին գտնելու համար անքուն գիշեր եմ անցկացրել ու հաջողել: Հեղինակը Հայկուհի Խաչատրյանն է, ով ապրում է Գերմանիայում։ Նրա հետ տարիներ առաջ զրուցեցի, հորդորեցի հետևողական լինել, եթե անգամ ակտիվ ստեղծագործող չէ։ Եվ վերջապես, այս տարի Հայկուհին ստացել է այս բանաստեղծության Հեղինակային իրավունքը:
✅️6. «Ու ես հասկացա կյանքում մի պարզ բան...» - Այս բանաստեղծությունն էլ բավականին տարածում ուներ ժամանակին և հատկապես ասմունքի տարբերակով` կարդում է Ազատ Մալխասյանը։ Հեղինակ` Հայկ Մկրտչյան (անձամբ չեմ ճանաչում, իր կողմից հաստատում չունեմ)։
✅️7. «Ես քեզ սիրել եմ, չեմ ատի երբեք...» - Դարձյալ տարածվում է սխալ` հիմնականում ասմունքի տեսքով։ Հեղինակ` Սիլվա Գուլանյան (Անձամբ չեմ ճանաչում, ֆեյսբուքյան գրական էջ ունի, որտեղ ներկայացված է բանաստեղծությունը):
✅️8. «Կամ թողեք ապրեմ...» - Ուրեմն շա՜տ տարիներ առաջ, երբ ՖԲ չկար, կայքեր կային, որտեղ մարդիկ տեղադրում էին իրենց ստեղծագործություններն ու կարդացողներն էլ սկսում էին քննարկել, կարծիք հայընել: Այ հենց այդ կայքերից մեկում էլ գտա, հեղինակը TAUREL (դե նիկնեյմը այդպես է, իրականը` չգիտեմ)։ Եթե տարածենք, գուցե գտնվի:
✅️9. «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ...» - Այս բանաստեղծությունը ամենատարածվածներց մեկն է, որ դարձյալ վերագրվում է Սևակին: Երկարատև ու դժվար ճանապարհներով փորձեցի գտնել հեղինակին, որն այս դեպքում այդքան էլ հեշտ ու պարզ չէր: Փնտրեցի երկար, բայց գտա... Այս բանաստեղծության հեղինակն, ըստ նախնական և դեռևս միակ ապացուցող աղբյուրի` ոմն Անի է, ազգանուն չկա (հուսամ, երբևէ կկարողանանք գտնել նրան): Այն գրվել է դեռևս 2007 թվականին: Աղբյուրը՝ այստեղ:
Շատ երկար թերթելով այս ֆորումի էջերը, կարդալով Անիի և մյուսների զրույցը, որն ի դեպ կոչվում է «Հանգավորված զրույց», նշվում է, որ սա հենց Անիի ստեղծագործությունն է: Անին տեղադրում է իր բանաստեղծությունները, կիսվում իր մտքերով և ստանում բազմապիսի կարծիքներ: Ծանոթանալով նրա մյուս գործերին, պարզ է դառնում, որ նրա մոտ կա Սևակի ազդեցությունը, նաև՝ այլ հեղինակների:
✅️10. «Կարոտս այնքան անծիր է դարծել...» - Պատկերացնո՞ւմ եք, սա իմ ստեղծագործությունն է, որը գրել եմ 2002 թվականին` նվիրելով հորս և քրոջս, երբ նրանք արտերկրում էին, ինձնից բավականին հեռու... Ու այն տարածվում է ոչ ավել, ոչ պակաս ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ անվամբ գրական էջով: Դե հիմա պատկերացրեք իմ վիճակը:
Նյութին կից տեղադրում եմ սխալ տարածվող սքրինշոթեր և դրանց կից իրական հեղինակների անվամբ ստեղծագործությունները։ Այ սա խնդրում եմ ՏԱՐԱԾԵԼ ԱՆԽՆԱ՜....
Հ.Գ. 1 Եթե կան հեղինակներին վերաբերող հավաստի տվյալներ, տեղեկություններ, սիրով կծանոթանամ, կավելացնեմ նյութի մեջ։
Հ.Գ. 2 Նյութերը տարիներով ուսումնասիրել, մշակել և ձեզ եմ ներկայացնում ես` Արև Բալդրյանս»:

Հասարակություն ավելին