▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«27 տարի անցավ ու ոչ մի բացահայտում»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Յուրի Բախշյանի այրին՝ հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «27 տարի անցավ ու ոչ մի բացահայտում, հազար ամոթ ՀՀ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ՝ ՎԵՐԵՎԻՑ ՆԵՐՔԵՎ»։

***

***

Այսօր 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է: ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

***

1999 թվականի այս օրը զինված հանցագործների խումբն ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից այսօր ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:

Թեպետ անցել է 27 տարի, հոկտեմբերի 27-ի գործը մինչ օրս ամբողջությամբ բացահայտված չէ։

***

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։

Մասնավորապես՝

- Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։

- Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։

- Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։

- Կատարվել են փաստաթղթերի զննումներ։

- Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։

- Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։

- Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

Նախաքննությունն ընթացքի մեջ է։

***

«Վազգեն Սարգսյանն այսպիսի՞ Հայաստանի մասին էր երազում»,- լրագրողը դիմեց ԵԿՄ վարչության նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին։
«Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, դրա համար էլ Հոկտեմբերի 27 եղավ»,- պատասխանեց Միքայելյանը:
«Իսկ դուք ի՞նչ եք անում, որ իրավիճակ փոխվի»,- լրագրողի հարցին ի պատասխան իշխանական պատգամավորն ասաց․ «Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, պահում եմ պետական սահմանները և հասկանում եմ իրավիճակի լրջությունը։ Անում եմ այն, ինչ անում էր երկրապահը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք»։

***

«Հնչում են կարծիքներ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքն առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն է։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ի օրը և դրան հաջորդող 19 տարիներին իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Եվ, այո, ես կիսում եմ այն կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ իրենք 19 տարվա մեջ չեն բացահայտել դա»,- հավելել է Ռուբինյանը։ «Չկա որևէ քաղաքական ուժ, որը մեզնից շատ է շահագրգռված այս հանցագործությունը բացահայտելու համար, որովհետև նախ դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երկրորդ՝ հնչում են բավականին արժանահավատ կարծիքներ, ըստ որի՝ հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կտրուկ ամրապնդվեց և դարձավ միահեծան»,- շարունակելով թեման՝ նշել է ԱԺ նախագահը։
«Դուք իրե՞ն եք մեղադրում»,- հետաքրքրվել է լրագրողը։
«Չէ, ես ասացի այն, ինչ ասացի, ես ոչ մեկին ոչ մեղադրում եմ, ոչ չեմ մեղադրում, ես ասում եմ՝ հնչում են կարծիքներ, որոնք բավականին արժանահավատ են հնչում»,- ի պատասխան ասել է Ռուբինյանը։

***

«Երբ Վազգեն Սարգսյանի եղբայրը վարչապետ էր, Գագիկ Ջհանգիրյանը՝ դատախազ, այդ ժամանակ ինչո՞ւ նրանց չհաջողվեց բացահայտել Հոկտեմբերի 27-ը»,- լրագրողը դիմեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
«Նախագահն էլ Ռոբերտը Քոչարյանն էր, ինչո՞ւ նրան չհաջողվեց բացահայտել»,- պատասխանեց Ռուբինյանը և դիմելով լրագրողներին՝ շարունակեց․ «Այստեղ ներկա լրատվամիջոցների առնվազն կեսը կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեն, կամ Սերժ Սարգսյանի. ուզում եմ հիշեցնել, որ Հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, Սերժ Սարգսյանը՝ ազգային անվտանգության նախարար, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն էլի նախագահ էր, Սերժ Սարգսյանը՝ ՊՆ, հետո վարչապետ էր, հետո նախագահ, ու հիմա ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցները եկել ու ինձ, ով Հոկտեմբերի 27-ին 9 տարեկան էր, հարցնում են՝ ինչո՞ւ չի բացահայտվել։ Ես եմ հարցնում՝ ինչո՞ւ չեն բացահայտել»։

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հոկտեմբերի 27-ը Հայաստանի պետականության ճգնաժամի մեկնարկն էր:
Խոնարհում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին»:

***

«Բացահայտվե՞լ է Հոկտեմբերի 27-ը»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողը դիմեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ «Բա էսօրվա ձեր դատախազին հարց տվե՞լ եք»,- ասաց Ջհանգիրյանը: «Սխա՞լ են անում, ինչ անում են»,- հետաքրքրվեց լրագրողը։ «Բայց ի՞նչ են արել, որ սխալ ու ճիշտ անեն»,- արձագանքեց Ջհանգիրյանն ու չպատասխանելով այլ հարցերի՝ հեռացավ:

 

Հասարակություն ավելին