|
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Հանրային հեռուստաընկերության» «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում անդրադարձել է ազգային ընտրանի հրավիրված, սակայն միանալուց հրաժարված ֆուտբոլիստների թեմային՝ առանձնացնելով Հենրիխ Մխիթարյանին ու Լուկաս Սելարայանին։
«Եթե ես ուզենայի խոսքս ուղղել կոնկրետ Մխիթարյանին․․․ Մեկ տարի առաջ, երբ նոր էի նշանակվել, անձամբ հրավիրեցի նրան, բայց նա չցանկացավ գալ։ Մենք այդ մասին խոսել ենք: Այն ժամանակ էլ նշել եմ, որ հասկանում եմ նրան. կան պատճառներ ու արգումենտներ:
Մխիթարյանին անպայման ուզում եմ առանձնացնել, քանի որ նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա շատ մեծ բան է արել հայկական ֆուտբոլի համար, հերոս է և լեգենդար տղա: Երբ ես Ուկրաինայում էի և հետևում էի հավաքականին, հիշում եմ՝ Մխիթարյանը վնասվածքի կամ այլ պատճառով բաց թողեց երկու խաղ։ Հավաքականն այդ խաղերում հաղթեց, և միանգամից սկսեցին խոսել, թե մեր ընտրանին առանց Մխիթարյանի ավելի լավ է խաղում: Դա աբսուրդ է. դրանով ցավեցրին ու նեղացրին այդ տղային, հիասթափեցրին նրան։
Սա պատճառներից մեկն էր։ Կան նաև այլ պատճառներ, որոնց մասին թույլ չեմ տա խոսել՝ դա իր անձնական գործն է: Ես չեմ կարող մեղադրել նրան, թեև կարող եմ ափսոսալ, հիասթափվել կամ ջղայնանալ, որ նա չկա: Ինձ համար հավաքականը վեր է ամեն ինչից, բայց մարդիկ տարբեր են: Երբ մարդու սիրտը կոտրվում է մի բանից, երբ նվիրվածություն այլևս չի զգում, չի կարող այդ գործն առաջ տանել»,- նշել է Մելիքյանը:
Խոսելով Լուկաս Սելարայանի մասին՝ գլխավոր մարզիչն ընդգծել է ֆուտբոլիստի մեծ նվիրվածությունը.
«Լուկասն այստեղ չի մեծացել, մեր հողն ու ջուրը չի տեսել, բայց ունի հայկական գենետիկա, արյուն, որի համար նա իր պարտքն արդեն կատարել է։ Առաջին անգամ, երբ հրավիրվեց, նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեր, բայց պարտավորություն զգաց, ու այդ «ջիգյարը» նրան բերեց այստեղ։ Նա եկավ ու ինչքան կարողացավ՝ օգնեց հավաքականին։
Վերջում շատ անկեղծ ասաց. «Մարզիչ ջան, ես էլ ի վիճակի չեմ: Տարիքս, ընտանեկան խնդիրներն ու այդքան թռիչքներն արդեն թույլ չեն տալիս, որ օգնեմ այնպես, ինչպես օգնել եմ: Մնացած ֆուտբոլիստների դեպքում որևէ արգումենտ չեմ տեսնում և չեմ ընդունում: Հիասթափված եմ և մնում եմ այդ կարծիքին»:
|