▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճղճիմ հրապարակումներով կարծիք չկազմեն Գևորգ Ղազարյանի նկատմամբ․․․ Սուրեն Մելիքսեթյան

Մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ֆուտբոլասերներ և ոչ միայն, այս գրառումս ամենևին Գևորգ Ղազարյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի ընտրություններում պաշտպանելու մասին չէ: Ոչ էլ Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը պաշտպանելու մասին է: Ես չէ, որ, կողմերից մեկին պաշտպանելով, պետք է փրկեմ հայկական ֆուտբոլը: Իրադարձությունների բերումով այս գրառումը համընկնում է ծննդյանս օրվա հետ: Եվ 29-ամյակիս օրը Աստծո թույլտվությամբ կարող եմ վստահեցնել, որ ուժերիս ներածի չափով միշտ փորձել եմ և փորձելու եմ օգտակար լինել մեր ֆուտբոլին: Իմ խիղճը մաքուր է: Ով գիտի, գիտի: Ասածս այն մասին է, որ պարտադիր պայման չէ այս, կամ այն թեկնածուին պաշտպանելը, որ համարվի՝ ես մեր ֆուտբոլի կողքին եմ, թե ոչ: Բայց...

Շատ անընդունելի եմ համարում այն ամենը, ինչը համացանցում տեսա քիչ առաջ: Նման ճղճիմ գրառումներով չհամարձակվեք վարկաբեկել մի մարդու, ով երկար տարիներ բազմաթիվ անմոռանալի էմոցիաներ է պարգևել բոլորիս: Ի՞նչ իրավունք ունեն նման հրապարակումներ կատարել նրանք, ովքեր հայկական ֆուտբոլի այբուբենից անգամ 1 տառ չգիտեն: Նրանք, ովքեր հայկական ֆուտբոլի հետ կապ ունեն բացառապես ազգային հավաքականի ասուլիսից ասուլիս, որպեսզի ձեռքի հետ էլ մեր ֆուտբոլիստներին ու մարզիչներին քաղաքական-պրովոկացիոն հարցեր տան:

Հայաստանի հավաքականը 30-ից ավելի տարվա մեջ իրար գլխի հավաքած 10-15 հիշարժան հաղթանակ է տարել, ու այդ հաղթանակների գերակշիռ մասում իր դերակատարումն է ունեցել Գևորգ Ղազարյանը: Հիշեք միայն Չեխիայի ու Չեռնոգորիայի դեմ խաղերը: Չնայած՝ չեմ կարծում, թե նման հրապարակումներ կատարողները տեղյակ են այդ խաղերից:

Ցավն այն է, որ այսպիսի հրապարակումները կարդում են հազարավոր մարդիկ, որոնք առանձնապես հետաքրքրված չեն հայկական ֆուտբոլով: Ընտրությունները կանցնեն, այդ մարդկանցից շատերը կմոռանան թե՛ Ղազարյանին, թե՛ Ջորկայեֆին, բայց նման հրապարակումներ կարդալուց հետո կարող են վատ կարծիք ձևավորել Գևորգի նկատմամբ՝ առանց նրա կատարածը իմանալու: Թույլ չենք տա:

Թող պարտվի ընտրություններում, եթե պետք է պարտվի: Էլի եմ ասում, ես չէ, որ պետք է փրկեմ հայկական ֆուտբոլը: Սակայն այս գրառումով կարող եմ առնվազն 10 հազար մարդու տեղեկացնել, որ, եթե իրենք չեն հետևում մեր ֆուտբոլին, նման ճղճիմ հրապարակումներով կարծիք չկազմեն Գևորգ Ղազարյանի նկատմամբ...»։

Սպորտ ավելին