▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Պողոսյանը հայտնել է, որ իր ծանոթներից մեկը օրեր առաջ Red Store տեխնիկայի խանութից սարք է գնել, որն աշխատում է հեռախոսի SIM քարտով։ Սակայն տարբեր բջջային օպերատորների քարտերով փորձարկելուց հետո պարզվել է, որ սարքն աշխատում է միայն հին սերնդի քարտերով, որոնք, ըստ օգտատիրոջ, Հայաստանում հեռահաղորդակցության ոչ մի ընկերություն այլևս չի թողարկում։

Պողոսյանի խոսքով՝ գնորդը դիմել է խանութ՝ սարքը վերադարձնելու համար, սակայն Red Store-ում հրաժարվել են այն հետ ընդունել։ Խանութի աշխատակիցները պատճառաբանել են, որ սարքն աշխատում է հին քարտով, հետևաբար այն փչացած չէ։

Օգտատերը պնդում է, որ խանութը վաճառել է փաստացի չօգտագործվող սարք, ապա հրաժարվել այն հետ վերցնելուց։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին հանձնարարել էր փակել այն խանութը, որտեղ կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում տարբեր գներ էին սահմանվում։

Հանձնարարականը հաջորդել էր վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների՝ խանութներից մեկում առևտուր անելիս կանխիկ և քարտային վճարումների տարբեր գների մասին տեղեկանալուն։

«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ անձամբ է պատասխանատվություն ստանձնում այդ որոշման համար։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խոսքը Red Store խանութների ցանցի մասին է։ Վարչապետի հայտարարությունից հետո ցանցի խանութները փակվել էին։ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ դեկտեմբերի 18-ի կառավարության նիստում նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և հարկային վարչարարություն։

Հասարակություն ավելին