▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 վահանակ ցեղասպանության 100 ամյակին

2015թ-ի հունվարից «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը սկսել է իր քարոզարշավը «100 վահանակ ցեղասպանության 100ամյակին» խորագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, ինչպես նաև 1915-2015 թթ. ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:
Այդ առիթով հարցազրույց ունեցա ամերիկահայ նկարիչ, «Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանի հետ:

- Պարո՛ն Հեճինյան, ո՞րն է այս տարվա վահանակների կարգախոսը և ինչո՞վ են տարբերվում դրանք նախորդ տարիներին բարձրացված վահանակներից:
 - 2015 թ-ի հունվար ամսից սկսեցինք մեր գործունեությունը Մասաչուսեթսում, որը շարունակվում է՝ ծավալվելով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում: Մենք՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների անունից, խաղաղության պատգամ ենք ուղարկում աշխարհին, որ դատապարտվի անցյալի ոճիրը, որպեսզի որևէ այլ ազգ չլինի հաջորդ ցեղասպանության թիրախը: Այս տարի նախատեսված է վահանակների հինգ տարբերակ՝ առաջին վահանակի վրա «Ցեղասպանություն» բառը մարմնավորում է խաղաղության խորհրդանիշ աղավնին՝ շրջանակված Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով։
Էլեկտրոնային հաջորդ վահանակի վրա «Ցեղասպանություն» բառի կենտրոնում աչքի է ընկնում թիրախը։
Երրորդ էլեկտրոնային վահանակի վրայի պատկերը խորհրդանշում է ազգի սիրտը, որից կծած կտորը հիշեցնում է 1,5 մլն անմեղ նահատակների կորուստը:
Չորրորդ էլեկտրոնային վահանակը ներառում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված Անմոռուկ ծաղիկը՝ պատկերված GENOCIDE բառի կենտրոնում։
Հինգերորդ վահանակը հաստատում է ԱՄՆ-ի 43 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ կոչ անելով նախագահ Օբամային միանալ նրանց՝ հիշելով իր նախընտրական խոստումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

- Ի՞նչ եք կարծում նախագահ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
- Քանի մոտենում է ապրիլի 24-ը, ամերիկահայ համայնքը, ինչպես նաև աշխարհի խաղաղասեր հասարակությունը իրենց աչքերը հառել են Սպիտակ տանը՝ ակնկալելով, որ նախագահ Օբաման Հայոց ցեղասպանության հիշատակման՝ իր ամենամյա ելույթի ժամանակ քաջություն կունենա գործածել GENOCIDE բառը առանց աղավաղումների՝ հարգելով իր նախընտրական խոստումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ կճանաչի թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը:

- Պարո՛ն Հեճինյան, ինչպե՞ս հիմնվեց «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը և ի՞նչ առաքելություն ստանձնեց այն:
- 2003 թ-ին Մասաչուսեթս նահանգում պաշտոնապես հիմնադրվել է «Խաղաղության արվեստ» "Peace of Art Inc.," անշահույթ կրթական կազմակերպությունը, բայց նրա գործունեությունը սկսվել է դեռևս 1996 թ-ից։ «Խաղաղության արվեստ» անշահույթ կրթական կազմակերպությունը ծառայեցնում է արվեստն հանուն խաղաղության և չունի որևէ քաղաքական կամ կրոնական ուղղվածություն: 1996 թ-ից սկսած՝ վերջին տասնինը տարիների ընթացքում, Մասաչուսեթս նահանգում տեղադրվում են մեծածավալ գովազդային վահանակներ՝ միջազգային հանրությանը ներկայացնելով Հայոց ցեղասպանության ողջ իրողությունը: 2004 թ-ից «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը հովանավորում է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված վահանակները։

- Հաջորդ հարցս կազմված է երկու մասից, առաջին՝ «Խաղաղության արվեստ»-ը անշահույթ կրթական կազմակերպություն է և ոչ հիմնադրամ, կան արդյո՞ք հովանավորներ, աջակիցներ կամ այլ կազմակերպություններ, ում օգնությամբ հնարավոր է դարձել նմանատիպ մեծածավալ քարոզարշավ իրականացնել ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, և երկրորդ՝ ցանկության դեպքում ինչպես կարելի է աջակցել Ձեր կազմակերպության ծրագրերին:
-Կազմակերպության նպատակն է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված՝ բարձրացնել 100 վահանակներ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ինչպես նաև նահանգներից դուրս, հուսալով, որ մինչև տարեվերջ վահանակների թվաքանակը կհասցնենք 100-ի: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված վահանակների ակցիան, ինչպես նաև «Խաղաղության արվեստ» կազմակերպության՝ նախորդ տարիների ծրագրերը կազմակերպված են ինքնուրույն, «Խաղաղության արվեստ» կազմակերպության ջանքերով, կազմակերպության հիմնադրման օրից ի վեր երբևէ դրամահավաք չի եղել, ինչպես նաև չի եղել աջակցություն որևէ հիմնադրամի կամ կազմակերպության կողմից: Պատասխանելով Ձեր երկրորդ հարցին ասեմ՝«Խաղաղության արվեստ»
www.peaceofart.org անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը գրանցված է Մասաչուսեթսի պետական քարտուղարի մատյանում՝ "Peace of Art, Inc., tax exempt "501c3 non-profit organization": Ցանկացողները կարող են կապվել մեզ հետ contct@peaceofart.org հասցեով:

- Կարո՞ղ եք թվել՝ մինչև օրս ո՞ր նահանգներում են բարձրացվել վահանակներ, դեռ որտե՞ղ են ծրագրված բարձրանալու, և ի՞նչ արձագանք ունեցան այս տարվա վահանակները:
- 2015 թ-ի հունվարից սկսած «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը բարձրացրել է Չիկագոյում՝ Իլինոյս (Chicago IL), Սիեթլում և Բոթելլում՝ Վաշինգտոն (Seattle and Bothell WA), Փիբոդիում և Ֆոքսբորոյում՝ Մասաչուսեթս (Peabody, and Foxboro MA),
Քլեվլենդում՝ Օհայո (Columbus,OH)։ Իսկ ապրիլ- մայիս ամսիներին նախատեսված է բարձրացնել ամերիկյան յոթ նահանգներում, ինչպես նաև Կանադայում: Վահանակներ բարձրանալու են Փիբոդիում և Ֆոքսբորոյում՝ Մասաչուսեթս (Peabody and Foxboro MA), Ատլանտայում՝ Ճօրճիա ( Atlanta, GA), Չիկագոյում՝ Իլինոյս (Chicago, IL), Սիեթլում և Բոթելլում՝ Վաշինգտոն (Seattle and Bothell WA), Սան Անտոնիում եւ Դալլասում՝ Դեքսաս (Dallas,TX), Հարտֆորդում եւ Նիուհէվնում Քանատիքէթ( Hartford and Newhaven, CT), Սիրաքյուսում՝ Նիու Եորք (Syracuse NY), Տորոնտոյում՝ Կանադա (Toronto Canada), Քոլումբուսում և Քլեվլենդում՝ Օհայո (Clevland and Columbus OH), Լոս Անջելոսում՝ Կալիֆորնիա ( Los Angeles CA)։ Պատասխանելով Ձեր հարցի երկրորդ կեսին, կարողեմ ասել, որ այս տարվա վահանակները ունեցան աննախադեպ արձագանք Ամերիկայից մինչև Կանադա: Տարբեր հայկական կազմակերպություններ, ինչպիսիք են Armenian Genocide Fresno Committee, Centennial Committee of Ontario, Armenian Genocide remembrance Syracuse Committee, Armenian Genocide Centennial Committee of Greater Detroit , Chicago Genocide Centennial commemoration committee, Philadelphia Genocide Centennial commemoration committee, Armenian Church of San Antonio TX, Armenian Genocide Commemorative Committee of Merrimack Valley, Lowell MA, ինչպես նաև անհատներ մեր էլեկտրոնային կապի միջոցով հայցում են մեր աջակցությունը իրենց նահանգներում ևս նույնանման վահանակներ բարձրացնելու համար:

 

Հեղինակ` Հեղինե Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին