▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 տարեկանից սպորտն իմ կյանքն է եղել, իսկ հիմա թողնում եմ այն` շատ սիրելով. Նազիկ Ավդալյան

Այսօր Եվրոպայի գործող չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է: Վերջինս տոնում է ծննդյան 31-ամյակը: Asekose.am-ը զրուցել է Նազիկի հետ` ծննդյան անակնկալների, որդու յուրօրինակ նվերի, սպորտից հեռանալու, հոգեբանական դժվարությունները հաղթահարելու մասին և ոչ միայն: Հոբելյարի խոսքով` արդեն հասցրել է   բազմաթիվ նվերներ ու շնորհավորանքներ ստանալ;

«Արդեն հասցրել եմ մի քանի նվերներ ստանալ, շատ գեղեցիկ անակնկալ եմ ստացել նաև ամուսնուցս: Նա գիշերն աշխատանքի էր, զանգահարեց, շնորհավորեց, ցավոք, չկարողացավ գալ `չնայած շատ  էր ցանկանում: Բայց վաղ առավոտյան գեղեցիկ ծաղկեփնջով և հաճելի անակնկալով ներս մտավ: Չեմ կարող առանձնացնել որևէ նվեր կամ շնորհավորանք, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ինձ համար շատ թանկ ու կարևոր է: Իսկ շնորհավորանքների հետ կապված` նշեմ, որ բոլորը մաղթում են,  որ սպորտում մեծ հաջողություն ունենամ, ինքս էլ հույս ունեմ, որ ինչ-որ մրցումների կկարողանամ մասնակցել, նոր թողնել սպորտը, եթե, իհարկե, վնասվածքս, թույլ տա:Բոլորը դեռ ցանկանում են ինձ սպորտում տեսնել: Ես ինքս ինձ մաղթում եմ, որ կարողանամ հետագայում համատեղել ընտանիքս ու մասնագիտությունս: Իհարկե, ուզում եմ, որ տղաս առողջ ու հաջողակ լինի, քանի որ դա իմ համար ամենամեծ երջանկությունն է»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նազիկին ուրախացրել և հուզել է հատկապես որդու արարքը, որն իրեն անակնկալի է բերել:

«Որդիս դեռ 4 տարեկան է: Երեկ, երբ մանկապարտեզից գալիս էինք, ծաղկի սրահի կողքով անցնելիս ինձ ասաց` մամ, մի րոպե հիմա կգամ, բայց չասաց, թե ուր է գնում: Նրա հետևից մտա ծաղկի սրահ, և լսեցի, որ նա վաճառողուհուն ասում էր` մեկ հատ ծաղիկ կտաք մայրիկիս համար, մամայիս ծնունդն է այս օրերին, սակայն չգիտեմ` երբ: Հետաքրքիրն այն է, որ մենք մինչ այդ տանը չէինք խոսել ծննդյանս մասին: Իմ առաջին ու ամենամեծ  նվերն էր, որ ստացա ծննդյանս նախորդ օրը (ժպտում է)»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նազիկը վստահեցրեց, որ տարիների գումարը երբեք չի անդրադառնում իր տրամադրության վրա.

«Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր չեն սիրում իրենց ծննդյան օրը, քանի որ մեծանում են, նման խնդիր չունեմ: Դա բնական բան է, ես ցավոտ չեմ տանում դա, սիրում եմ ծննդյանս օրը: Առհասարակ, միշտ ծննդյան խնջույքներ կազմակերպում եմ, հավաքվում ենք ընկերներով, սակայն այս տարի որոշեցինք ամուսնուս և որդուս հետ գնալ մի գեղեցիկ տեղ և հաճելի երեկո անցկացնել»:

Հանրագումարի բերելով նախորդ տարին և դրա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները` մեր զրուցակիցը նշեց.

«Այս տարին` ի տարբերություն նախորդ տարվա, ավելի հանգիստ է անցել, ինձ նվիրել էի ընտանիքիս: Հիմա մարզվում եմ, աշխատանքի մասին եմ ուզում մտածել, սակայն դեռ մանրամասներ չեմ ցանկանում պատմել: Եթե համեմատենք իմ կյանքի 30 տարիների հետ, այս տարի իմ կյանքն ամբողջովին փոխվում է, որովհետև, երևի թե, դուրս եմ գալիս սպորտից: 4 տարեկանից սկսած` սպորտն իմ կյանքն է եղել: Կարծում եմ` հետագա կյանքս սպորտից դուրս կլինի որպես մարզիկ»:

Նազիկը խոստովանեց, որ այդ քայլն իր համար հոգեբանորեն բարդ է հաղթահարել, բայց, այնուամենայնիվ, զղջման զգացում երբևիցե չի ունեցել.

«Իհարկե, այդ ամենը հոգեբանորեն հաղթահարելը շատ դժվար է, սակայն ես իրատես եմ, զգացմունքներին շատ չեմ տրվում: Բնականաբար, դժվար է, քանի որ կարելի է ասել, որ սպորտն իմ կյանքն է եղել, իսկ հիմա թողնում եմ սպորտը` այն շատ սիրելով: Բայց  նորմալ եմ դրան վերաբերում, քանի որ սպորտն այնպիսի ապրելակերպ է, որ գալիս է մի տարիք, երբ պետք է թողնես այն: Պարզապես մի փոքր ցավոտ է այն, որ կկարողանայի լավ արդյունքներ գրանցել, եթե վնասվածքներս չլինեին, բացի դրանից, փոքրիկս էլ արդեն առանց ինձ չէր կարողանում մնալ: Ես ինձանից կախված ամեն ինչ անում եմ, բայց քանի որ տեսակով այնպիսի մարդ եմ, որ ինքս ինձանից շատ եմ պահանջում, ափսոսաքի զգացում ունենում եմ այն ժամանակ, երբ մտածում եմ, որ ավելի շատ բան կարող էի անել սպորտում, որ բացթողումներ եմ ունեցել, որ կարող էր ամեն ինչ այլ կերպ լինել: Ես գիտակցում եմ, որ այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել, ուստի, աշխատում եմ քիչ մտածել այդ մասին: Այս ամենով հանդերձ` երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ սպորտը` հատկապես ծանրամարտը»:

Նազիկը նշեց, որ շատ է արժևորում այն ամենը, ինչին հասել է:

«Այս 31 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումս սպորտում ունեցած հաջողություններն են, 2009 թ.-ին աշխարհի չեմպիոն դառնալը, 2016թ. Եվրոպայի չեմպիոն դառնալը: Իհարկե, լավ ընտանիք ունենալը նույնպես ցանկացած մարդու համար մեծագույն ձեռքբերում է»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Եվրոպայի գործող չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև` Մտածում էի` վերջն է. Նազիկ Ավդալյանը` իր կյանքի ամենաբարդ շրջանի և ամենամեծ հարվածի մասին

Շատ էի կոտրված. Նազիկ Ավդալյանը` կյանքի ամենամեծ հիասթափության, ավտովթարի, իր երազանքի մասին և ոչ միայն

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին