Փոխադրողների միության փոխնախագահ Հարություն Առաքելյանն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնում է տրանսպորտային ոլորտում առկա մի շարք խնդիրների:
-Պատշաճ տրանսպորտ ապահովելու համար ըստ Ձեզ որքա՞ն պետք է լինի ուղեվարձը:
-Մեր հանրապետության քաղաքացիների ոչ պակաս, քան 25-30 տոսկոսը եղել է եվրոպայում և գիտի, որ եվրոպական երկրներում տրանսպորտային մեկ փոխադրումը համարժեք է երկու եվրո և դրանից ավել գումարի: Մենք եվրոպական չափանիշներին ուզում ենք հասնել ավելի մատչելի գնով: Քանզի չունենք մեզ համար ցանկալի տրանսպորտային միջոցները: Իսկ դրանք ունենալու համար պետք է ունենալ հարուստ պետություն, ոը կվճարի տրանսպորտային միջոցի համար: Ցանկացած երկրում նմանատիպ փոխադրումը կատարվում է պետության միջնորդությամբ:
1998 թ-ից սկսած`15 տարի ուղեվարձի փոփոխություն Երևանում տեղի չի ունեցել: Եթե մենք համապատասխան կազմակերպություններից վերցնենք ՀՀ-ում գրանցված գնաճը և դրամի արժեզրկումը, որը յուրաքանչյուր տարի ներկայցվում է Կառավարության կողմից, տարեկան կազմում է 6-7 տոկոս: 15 տարիների ընթացքում այն թանկացել է ոչ պակաս, քան 140- 150 տոկոսով: Մենք դրան չենք անդրադառնում, սակայն եթե 15 տարի առաջ ուղեվարձը սահմանված լիներ 1 դրամ, և դա լիներ ժամանակի համար իրատեսական, այսօր արդեն դարձած լիներ 150: Իրական ուղեվարձի ինքնարժեքն այսօր դիզելային շարժիչով մեքենաների համար 250 դրամից բարձր է: Դա այն պայմանում, երբ ոչ եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ են շահագործվում:
-Իսկ ինչու՞ է խնդրի մասին բարձրաձայնվել միայն վերջին տարիներին:
- Մենք այս խնդրի մասին սկսել ենք բարձրաձայնել 2003-ից: 2008-ին Երևանի քաղաքապետի մասնակցությամբ հարցը լսվել է ՀՀ կառավարությունում, ներկայացվել է հաշվարկված սակագինը, որ ընդունելի է եղել` 147 դրամ միկրոավտոբուսների, 167 դրամ ավտոբուսի համար, բայց տվյալ ժամանակաշրջանի համար անթույլատրելի էր և ոչ ցանկալի ՀՀ-ում փոփոխել տրանսպորտի ուղեվարձը: Ստացել ենք առաջադրանք` փորձել պահպանել տրանսպորտային միջոցները: Բայց այս 5 տարվա ընթացքում 125 երթուղիներց մնացին միայն 75-ը: 50-փոշիացան և չկարողացան վերականգնել, ինչն էլ նոր խնդիրներ առաջացրեց: Այսօրվա այս վիճակն արդյունքն է այն բանի, որ 2008-ին չանդրադարձանք խնդրին: Պատկերացնու՞մ եք, որ խնդրին անդրադառնայինք միայն 2018-ին: Այս սակագնով և եղած տրանսպորտային միջոցներով մենք հաստատ չենք հատի 2018-ի գծանիշը: Մեր մեքենաները պարզապես չեն կարող շահագործվել: