▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ի նշած հասցեում Ցենտրալ հյուրանոցն է․ Ու՞մ է պատկանում այն և ի՞նչ մանրամասներ դեռ չեն հայտնվել

ԱԱԾ հաղորդագրության մեջ, որ վերաբերում էր ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ ՀՀ ԱԱԾ իրականացրած գործողություններին, հիշատակվում էր  2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքների մասին։ 


Զաքյան-2  հասցեում է գտնվում  Փաստաբանների պալատը, որին  2010 թվականին արդարադատության նախարարությունն անհատույց ու երկարաժամկետ հատկացրել է շենքը։
Սակայն շենքի մի հատվածում այժմ Ցենտրալ հյուրանոցն է․ Հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 2017-ի հուլիսին, իսկ շինարարությունն ու շենքի նորոգման աշխատանքները տևել են տարիներ։ 
Ցենտրալ հյուրանոցի տարածքի նորոգման աշխատանքները կատարել է «Գոհարիկ» ՍՊԸ-ն, որի հիմնադիր տնօրեն  Սամվել Խաչատրյանը 2016 թվականի օգոստոսին ասել էր, թե   «Արդշինբանկից» է 250 մլն դրամ վարկ  վերցրել  և այդ միջոցներով է կառուցապատում իրականացնում:
Հատկանշական է, որ  շինաշխատանքները վերաբերել են նաև շենքի՝  Փաստաբանների պալատի  հատվածին, իսկ հարցին, թե ինչու՞ են  վարդագույն տուֆի վրա նորից վարդագույն տուֆով երեսպատում ամբողջ շենքը, ներառյալ «Փաստաբանների պալատը», Սամվել Խաչատրյանը 2016 թվականին հետաքրքիր պատասխան է տվել. «Մի փոքր մասն է շենքի մերը, որ վերանորոգում ենք, մի քիչ կարգի ենք բերում: Իսկ այն մասը, որը «Փաստաբանների պալատ»-ին է պատկանում, եւս նորոգում եմ: Օգնում եմ, չեմ թողնում մի մասը կեղտոտ մնա, անշնորք վիճակում»,-ասել է  Սամվել Խաչատրյանն, ով, ի դեպ,  նաև Ցենտրալ հյուրանոցի հիմնադիր տնօրենն է, ներկայանում է նաև  հյուրանոցի սեփականատեր,սակայն, ըստ ասեկոսեների, կա նաև «լուռ» կամ «թաքուն» սեփականատեր, որի անունը միշտ գաղտնի է պահվել։ 


Նշենք, որ «Գոհարիկ» ՍՊԸ-ի հետ է կապված նաև 2012-2014 թվականների ընթացքում Արմավիր ՔԿՀ-ի նորոգման աշխատանքների պատմությունը, որը պատվիրել էր արդարադադության նախարարությունը։ 
Սակայն հատկացված գումարի դիմաց աշխատանքները այնքան թերի են եղել, որ, ըստ շրջանառվող լուրերի,  դրանց  ավարտական ակտը մի քանի անգամ մերժվել է։ Հատկանշական է, որ ԱԱԾ հաղորդագրությունում նշված էր ոչ թե Արմավիր, այլ՝ Աբովյան  ՔԿՀ-ում  «թույլ տրված  առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքների մասին»։ 


«Գոհարիկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Շիրակի մարզի բնակիչ Սամվել Խաչատրյանին: Նա է հանդիսանում նաև ընկերության տնօրենը:

Հիշեցնենք, որ «Գոհարիկ» ՍՊԸ-ին  2012 թվականին, սեփականության իրավունքով,  տրամադրվել էր  Զաքյան- 2 հասցեում գտնվող շենքի միայն առաջին հարկը և նկուղը՝  որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։

ՀՀ կառավարության՝ 2012 թվականի մայիսի 10–ի նիստում ընդունված որոշման մեջ, մասնավորապես, նշված էր․  «Երևան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը և նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցը»։ 

Հիշեցնենք նաև, որ  Զաքյան-2 հասցեում նախկինում  Ասքանազ Մռավյանի անվան թիվ 25 դպրոցն էր,  որը դեռ 2012–ին դադարեցրեց իր գործունեությունը։

Asekose.am-ը նյութում նշված հարցերի մասին փորձեց զրուցել Սամվել Խաչատրյանի հետ,սակայն մեզ տեղեկացրեցին, որ վերջինս քաղաքում չէ։

Հեղինակ՝ 

Ա․Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին