Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում պետք է ունենա իրավական հիմք՝ եռակողմ համաձայնագիր, կամ խաղաղապահ առաքելության մանդատ: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Ռուսաստանյան կողմն այն պատրաստել է դեռ մինչեւ նոյեմբերի 9-ը, ու հայկական կողմը պատրաստակամությամբ ստորագրել է, սակայն չի ստորագրել Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմը ելնում է նրանից, որ ինքը հաղթող է, Փաշինյանը՝ պարտված, ու առաջ է քաշում 3 լրացուցիչ կետ, որոնք ցանկանում է տեսնել խաղաղապահների գործունեությունը կարգավորող պայմանագրում (կամ դրա բաժնում)։
- Արցախում որեւէ հայկական զորք չպետք է լինի, քանի որ այն ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանական զորքն այնտեղ է իրավունքի ուժով, ռուսաստանյան զորքը՝ ադրբեջանցիների համաձայնությամբ, իսկ հայկական զորք չպետք է լինի՝ ոչ ՀՀ ԶՈւ-ն, ոչ Արցախի ՊԲ-ն։
- Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերն Արցախ պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ։
- Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի ու խաղաղապահների համաձայնությամբ։
Հայկական կողմի խնդիրն այն է, որ պարտվողական ոգեւորության մեջ նա առաջինն է ստորագրել փաստաթուղթը՝ հնարավորություն չտալով Ադրբեջանին իր ակնկալիքները վերջնականապես ներկայացնել միջնորդին՝ Ռուսաստանին։ Ադրբեջանի հետ չհամաձայնեցված, բայց Նիկոլի կողմից արդեն ստորագրված պայմանագրի նախագիծը Ադրբեջանին բանակցային նոր լծակներ է տալիս՝ թույլ տալով, կետերը չկատարելու դեպքում, պահանջել խաղաղապահների դուրս բերումը։
Հ․ Գ․- Հա, ի դեպ, այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվելու։ Հունվարի 11-ին քննարկվելու է բոլորովին այլ բան։ Բայց այդ մասին՝ ավելի ուշ»։