Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղավորված ադրբեջանցիներն այսօր էքսկավատորի շերեփով (ковш) հարվածել են «Ապավեն» ընկերությանը պատկանող հայկական պետհամարանիշով «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկին։
Այս մասին Sputnik Արմենիային պատմեց ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` հավելելով, որ վնասված ավտոմեքենան 2020թ–ի արտադրության է, դրա դիմաց ընկերությունը 160 000 եվրո է վճարել։
«Ինձ զեկուցեցին ընդամենը 2 ժամ առաջ,– ասաց Աղաջանյանը, – հետևից եկել են 2 «Jeep»-ով, ասել են` մենք քեզ կանգնեցնում էինք, ինչո՞ւ չես կանգնել։ Վարորդն ասել է` ինձ ոչ ոք չի կանգնեցրել։ Ահաբեկել են, հետո ասել են` քշի գնա, մյուս անգամ որ չենթարկվես, կկրակենք»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենց բեռնատարների վարորդներին ահաբեկում են, իջեցնում ավտոմեքենաներից, ստուգում և այլն։ Ուստի ինքը հրահանգել է այսուհետ իրենց բոլոր ավտոմեքենաներին երթևեկել բացառապես Տաթևով անցնող շրջանցիկ ճանապարհով։
«Քանի որ այդ հատվածի վրա հիմնականում մեր կարճ բեռնատար ավտոմեքենաներն են երթևեկում, այնպես կոչված` ինքնաթափերը (самосвал), որոնք արտահանում են Քաջարանի, Ագարակի կոմբինատների խտանյութը, ես արդեն հրահանգել եմ շարժվել Տաթևով։ Դրանք կարճ մեքենաներ են ու դրանց երթևեկությունը Տաթևի ճանապարհով հնարավոր է»,– ասաց ընկերության տնօրենը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում