Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, թե իբր օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և Ադրբեջանում գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ հայրենիք:
ԿԽՄԿ երևանյան գրասենյակից ASEKOSE.am-ի թղթակցին հայտնեցին, որ ադրբեջանական կողմի հայտարարություններն իրենք չեն մեկնաբանում:
«ԿԽՄԿ ներկայացուցիչները իրենց լիազորությունների շրջանակներևում հանդիպում են ռազմագերու հետ, պարզում առողջական վիճակը, թե ինչ պայմաններում են նրան պահում: Սակայն այն, ինչ խոսվում է նրա հետ, չի տարածվում, հրապարակման ենթակա չէ»,-մեզ հետ զրույցում այս մասին հայտնեցին ԿԽՄԿ գրասենյակից` հավելելով.
«Մենք արդեն հաղորդել ենք, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին և տեղեկություն են փոխանակել, սա այն ամենն է, ինչ մենք կարող ենք ասել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Վերջինս նամակ էր փոխանցել հարազատներին, նշելով, որ իրեն լավ է զգում և խնդիրներ չունի: Սակայն Հայաստան վերադառնալու մասին որևէ խոսք չի եղել:
Հավելենք, որ Ադրբեջանական կողմը ևս նախօրդ երկու օրվա ընթացքում չի խոսել այն մասին, որ Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ Հայաստան: Ավելին` Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ հայ զինծառայողի վերադարձի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, և ամեն ինչ կախված կլինի նրա ցանկությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորվել է և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից տարածք:
Հասմիկ Գյոզալյան