Ադրբեջանական Minval.az-ը գրում է, որ Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քեթյուքլու գյուղի 25 բնակիչներ նախորդ գիշեր փորձել են Աղդամի շրջանի կողմից անցնել ԼՂՀ հետ սահմանը: Այն պահին, երբ սպիտակ դրոշակներով 25 բնակիչները փորձել են անցնել հայ-ադրբեջանական սահմանը, նրանց շրջափակել է տեղի ոստիկանությունը: Բոլոր 25 բողոքավորներին տեղափոխել են Աղդամի շրջանի ոստիկանության բաժանմունքում:
Գյուղացիների խոսքով, իրենք այս քայլով նպատակ ունեին իրենց բողոքը հայտնել տեղի իշխանություննեի դեմ: Նրանց խոսքով, երկրի հարկային նախարարի խորհրդական Մյուսավար Նաբիեւը եւ նրա ազգական, գյուղի ղեկավար Իքրամ Նաբիեւը ապօրինաբար ձերբակալել են բողոքավորների մերձավորներին: «Նրանք մեզ ապրելու հնարավորություն չեն տալիս: Մարդկանց տներն ու մեքենաների մեջ թմրանյութեր են գցում, իսկ հետո հրամայում են ձերբակալել մեր անմեղ երեխաներին: Դա մեզ հոգնեցրել է, դրա համար էլ մենք որոշել ենք հայերի կողմն անցնել», - ասել են գյուղացիները:
Նրանք պահանջում են, որ իրենց բողոքը լսի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: