▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի իշխող էլիտան մասնատված է. Նախագահի և պաշտպանության նախարարի միջև լուրջ տարաձայնություններ են սկսվել

ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը շատ ընդարձակ հարցազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ:

Արժե ուշադրություն դարձնել, որ դա անմիջապես հաջորդում է շփման գծում հուլիսի 4-ի էսկալացիային, որի ժամանակ հակառակորդի պաշտպանության նախարարի անունը մամուլում չշրջանառվեց, տպավորություն էր, թե նա մեկուսացված է: Միայն օրեր անց տարածվեց կարճ տեղեկատվություն, որ պաշտպանության նախարարը «գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրությամբ ուղեւորվել է ռազմաճակատային գիծ»: Մամուլն այդքանով բավարարվեց` ակնարկելով, որ Ալիեւը պաշտպանության նախարարից խիստ դժգոհ է եւ նրան ուղարկել է առաջնագիծ` վերացնելու հուլիսի 4-ին ի հայտ եկած թերացումները:

Եւ ահա այս ֆոնին ՌԻԱ-Նովոստին նրան տրամադրում է հնարավորություն` ներկայանալու որպես «կայացած պաշտպանության նախարար եւ ուժեղ բանակի հրամանատար»: Ընդ որում, Հասանովին ուղղվել են բազմաթիվ եւ բազմապլանային հարցեր` ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունից մինչեւ Սիրիայում իրավիճակի գնահատում: Տեւական ժամանակ է, փորձագետները խոսում են Ադրբեջանի ներքաղաքական տուրբոլենտության մասին: Տեղեկություններ կան, որ իշխող էլիտան մասնատված է, եւ ոչ բոլորն են համաձայն առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիեւայի նշանակմանը:

Ադրբեջանական բաց աղբյուրների մոնիտորինգից կարելի է եզրակացության գալ, որ Ալիեւի վերջին քայլերն ուղղված են «հին գվարդիայի» կամ այսպես կոչված` նախիջեւանյան կլանի, փաստացի` արտաքին քաղաքականության մեջ պրոռուսական թեւի, դեմ: ՌԻԱ-Նովոստիի ծավալուն հարցազրույցը գոնե անուղղակի վկայում է, որ պաշտպանության նախարար Հասանովը դիտվում է որպես յուրային: Հնարավոր է, դա ակնարկ է Ալիեւին, որպեսզի Հասանովին թողնի հանգիստ: Բացառված չէ, որ Հասանովի հետ ՌԻԱ-Նովոստիի հարցազրույցը նախաձեռնվել է Բաքվից, էլիտայի այն հատվածից, որը, զգալով իշխանությունից հեռանացվելու իրական վտանգ, այդ ձեւով փորձել է Մոսկվայի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանը «կորցնելու սպառնալիքի» վրա: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հուլիսի 4-ի էսկալացիայից անմիջապես հետո ՆԱՏՕ-ի կենտրոնակայան է գործուղվել ԶՈՒ ԳՇ պետ Սադիգովը: Կարելի է ենթադրել, որ Ալիեւը նրան նախապատրաստում է պաշտպանության նախարարի պաշտոնին: Հուլիսի 12-ի կառավարության նիստում Ալիեւը հատուկ ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ «սկսվել է հարաբերությունների նոր փուլ»: Նախօրեին նա Ստամբուլում հանդիպել էր պետքարտուղար Թիլերսոնի հետ:

Առկա սուղ տեղեկատվությունից հնարավոր է երկու եզրակացություն անել: Առաջին. եթե Ադրբեջանում էլիտայի մասնատվածությունը խորանա եւ հասնի կրիտիկականին մոտ վիճակի, ապա Ալիեւը կարող է կտրուկ քայլերի դիմել եւ պաշտոնից ազատել աշխատակազմի ղեկավար Մեհթիեւին, որը համարվում է Ադրբեջանում Մոսկվայի գորշ կարդինալը: Դրան կարող է հետեւել պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը: Երկրորդ. ՌԻԱ-Նովոստիի միջոցով ռեաբիլիտացնելով պաշտպանության նախարար Հասանովին, Մոսկվան, հավանական է, կփորձի նրա շուրջ ձեւավորել քարոզչա-տեղեկատվական ֆոն, որ Հասանովը «2018թ. նախագահական ընտրություններում Ալիեւի մրցակիցն է»:

2013թ.-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանը հաջողությամբ խաղարկել է համանման սցենար` շրջանառելով կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովի հավանական թեկնածությունը եւ այդ ձեւով հասել նրան, որ Ալիեւը պաշտոնապես հավաստի Ադրբեջանի գեոքաղաքական չեզոքությունը: Ներկայումս Ռուսաստանը շատ ավելի ուժեղ է, քան 2013թ-ին էր եւ ունի ազդեցության բոլոր հնարավորությունները:

Ադրբեջանական լրահոսում վերջին երկու շաբաթվա ընթացքում մեծացել է հակառուսական տրամադրվածությունը: Դա, ամենայն հավանականությամբ, Ալիեւի հակախաղն է, երբ տպավորություն է ձեւավորվում, թե հասարակական կարծիքը հիմնականում հակառուսական է, եւ միայն ինքն է կարողանում կառավարելի պահել հարաբերությունները: Պաշտպանության նախարարի հանգամանքն այստեղ երկրորդական է: Նրան կարող են օգտագործել թե Ալիեւը, թե` Մոսկվան, իսկ հետո թողնել մոռացված: Ռազմական գործիչները, որ անցել են միայն խորհրդային բանակի դպրոցը, չափազանց խոցելի են քաղաքականության մեջ:

Իրավիճակից ենթադրվող գլխավոր սպառնալիքն այն է, որ Ռուսաստանի հետ երկխոսության թեմա եւ հարաբերություններ ճշտելու համար Ալիեւը կարող է նոր էսկալացիա սադրել առաջնագծում: Դա նրան ձեռնտու կլինի նաեւ ներքին կոնսոլիդացիա ապահովելու առումով:  

Վահրամ Աթանեսյան

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին